Աշխարհն ու մենք

Աշխարհն ու մենք

Կանխատեսումներ անելը, իհարկե, անշնորհակալ գործ է եւ ամեն մեկի բանը չէ։ Մանավանդ այս խառնակ ժամանակներում առնվազն պետք է պայծառատես լինես, որ կարողանաս իրականությանը քիչ թե շատ մոտ կանխատեսումներ անել։

Ասենք, ո՞վ կարող էր 3-4 տարի առաջ կանխատեսել, որ աշխարհի հզորագույն պետություններից մեկի մայրաքաղաքը՝ Մոսկվան, անօդաչու սարքերով կարող են ռմբակոծել, եւ դրա դիմաց մի քանի պետություն չջնջվի քարտեզի վրայից։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 20-րդ դարասկզբի արյունալի պատերազմների նման մի շրջափուլ է սկսվելու, եւ միջուկային զենքին տիրապետող գերտերությունները 1940 թվականի մակարդակի ռազմական գործողություններ են ծավալելու։

Որ լոկալ ու տարածական ռազմական գործողություններ են ընթանալու երկրագնդի տարբեր տարածաշրջաններում, որ ռազմագերիներ են խոշտանգվելու, գաղթականներ ենք տեսնելու, ցեղասպանության վտանգ է կախվելու որոշ ազգերի գլխին։ Քաղաքակիրթ աշխարհի առաջ պետություններ են բլոկադայի ենթարկվելու, սահմաններ են փակվելու, տնտեսական սանկցիաներ են արձակվելու։

Որ պատերազմում պարտված իշխանությունը ոչ միայն հրաժարական չի տալու եւ տեղը չի զիջելու այլ քաղաքական ուժի, այլեւ վերարտադրվելու է եւ հանրությանը ներշնչելու է, որ իրենից բացի որեւէ մեկն իրավունք չունի կառավարել այս երկրում։ Իսկ կառավարելն էլ վերածվելու է հող հանձնելու, նորանոր պարտություններ արձանագրելու, ստորացուցիչ պայմանագրեր կնքելու արարողության։

Վերջապես՝ ո՞վ կսպասեր, որ առյուծի նման կռվող եւ 20-ամյա հերոսներ տվող մեր ազգն այսպես սարսափելու է պատերազմի հեռանկարից ու համաձայնելու է, որ իր հողն առանց պատերազմի հանձնեն թշնամուն։ Եվ հաշտվելու է սողացող պատերազմի, ամեն օր զոհեր տալու նվաստացուցիչ իրավիճակի հետ։