Եթե չեն կատարելու ստանձնած պարտավորությունները, թող ի լուր աշխարհի հայտարարեն, որ չեն ընդունում Արցախի փախստականներին

Եթե չեն կատարելու ստանձնած պարտավորությունները, թող ի լուր աշխարհի հայտարարեն, որ չեն ընդունում Արցախի փախստականներին

Արցախի ԿԳՄՍ նախկին նախարար Անահիտ Հակոբյանն օրերս իր նախաձեռնությամբ այցելել է ԱԺ, հանդիպել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։ Մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է հանդիպել, եւ ինչ հարցեր են քննարկվել պատգամավորի հետ։ «Հանդիպման պատճառ է դարձել ստեղծված իրավիճակը՝ արցախցիների իրավունքների պաշտպանություն, հատկապես մեր ոլորտի մասնագետների խնդիրները։ Մենք համարում ենք, որ մենք անտեսված ենք։

Հանդիպման ժամանակ երբ բարձրաձայնեցինք այս խնդիրները, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասաց. «Արցախցիներն ընդամենը խորհրդակցական ձայնով իրավունք ունեն հանդես գալ», մենք էլ ասացինք՝ սա մեր հայրենիքն է…: Մենք ստիպված առանձնացնում ենք․ Հայաստանի Հանրապետությունում մեր ոլորտի մասնագետների համար շատ անբարենպաստ պայմաններ են ստեղծվել` աշխատելու, աշխատանք գտնելու համար։ Մեզ ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում, եւ չենք հասկանում՝ դա ներքին հրահա՞նգ է թե՞․․․ չենք հասկանում, թե ինչ է կատարվում, եւ խնդրում ենք, որ մեր հարցերում լինեն պարզեցումներ, հստակեցումներ` մեր կարգավիճակին համաձայն։ Չէ՞ որ 26.10.2023-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, մեզ տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, այսինքն՝ մեր կարգավիճակը հավասարեցվել է միջազգային իրավունքով սահմանված փախստականի կարգավիճակին։ Եթե հրահանգավորել են, որ մեզ աշխատանք չտան, եւ գործում է փախստականի կարգավիճակը ՀՀ-ում, թող բարի լինեն, օրենքով սահմանված` ինչ հասնում է, մեզ տրամադրեն»։

- Բայց ՀՀ կառավարությունը, ԿԳՄՍ նախարարությունը պարբերաբար հայտարարում են, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մասնագետներին աշխատանք են առաջարկում։ Այս հայտարարություններն իրականությանը չե՞ն համապատասխանում։

- Նախարարության կայքում արցախցի ուսուցիչների համար բացված է առանձին բաժին, որտեղ 600-ից ավելի թափուր տեղ կա, բայց կեսից ավելին՝ 360-ի համար ծիծաղելի ժամեր են դրված, օրինակ՝ 3 ժամ, 4 ժամ, որոնք գյուղերում են։ Այս ժամերից բխող ժամավճարների պայմաններում դժվար գտնվի ուսուցիչ, որ կցանկանա նման պայմաններում աշխատել՝ գյուղից գյուղ, քաղաքից գյուղ գնալով, եւ արդյունքում ստանա 10-20 հազար դրամ, ինչը ծաղր է։ Ի դեպ, այդ նույն կայքում, որտեղ հրապարակվել են աշխատանքի թափուր հաստիքները, չեք գտնի վարչական աշխատանքի համար նախատեսված ոչ մի հաստիք։ Ստացվում է, որ Արցախում երկար տարիներ ակադեմիական, կրթական ոլորտները համակարգած նախարարների, փոխնախարարների, դպրոցի տնօրենների, փոխտնօրենների համար աշխատանք չկա։ Որտեղ էլ որ պատահի, պետք է քաղծառայության քննություն անցնեն, բայց հրաժարվում են թույլատրել՝ մասնակցելու քննությանը։ Մրցույթով էլ չեն թույլատրում, ասում են՝ ՀՀ քաղաքացի չեք։ Իսկ ՀՀ փախստականների եւ ապաստանի մասին օրենքի հոդված 21-ով մենք ունենք ՀՀ քաղաքացիներին հավասար իրավունքներ՝ աշխատանք փնտրելու եւ աշխատելու համար։

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք խորհրդարանից` կլուծե՞ն ձեր խնդիրները։

- Օրենսդիր մարմինն է, որը ճանաչում է, ընդունում է, վավերացնում է միջազգային օրենքներ, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին, եւ այդ օրենքներին պետք է հետեւել։ Այսօր մեզ համար ստեղծվել է մի իրավիճակ, որ չենք հասկանում՝ ինչ պետք է անենք։ Երբ աշխատանք չեն տրամադրում, մեր իրավունքները չեն հարգում, օրենքով նախատեսված պարտավորությունները չեն կատարում... այդ իսկ պատճառով դիմել ենք ԱԺ-ին եւ արձանագրել, որ այս ամենը տեղի է ունենում այն պարագայում, երբ 2015-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում ԼՂՀ-ում մարդու իրավունքների ենթադրյալ իրավախախտման համար։ Այսօր մեր այս կարգավիճակով մեզ առանձնացրել են՝ չեն ճանաչում ՀՀ քաղաքացի։ Տվել են փախստականի կարգավիճակ, մենք ասում ենք՝ բարի եղեք՝ կատարել ՀՀ օրենսդրությամբ եւ օրենքներով սահմանված օրենքները, որոշումները, որոնք ընդունվել են։ Մեզ՝ որպես փախստականների, ժամանակավոր կացարան է հասնում` ՀՀ փախստականի եւ ապաստանի մասին օրենքի 14 հոդվածով, մինչեւ խնդրի վերջնական լուծումը։ Մեզ ժամանակավոր կացարան հասնո՞ւմ է՝ այո, տրամադրե՞լ են կացարաններ՝ ոչ։ Այսօր Հայաստանում առկա բնակֆոնդով հնարավոր է լուծել արցախցիների բնակարանների հարցը, եթե հաշվի առնենք, որ Հայաստանում մնացած արցախցի ընտանիքների թիվը մոտավոր 30 հազար է, շատերը գնում են, հնարավոր չէ՞ լուծել մինիմալ պայմանները, մարդկանց բնակարաններով ապահովել, որ մնացած մարդիկ էլ չգնան։ Ասում են, թե քննարկում են վարկային տարբերակով բնակարանով ապահովելու հարցերը, բայց ո՞նց, երբ արցախցիներին աշխատանքով չեք ապահովում, նա ո՞նց պետք է հիմնական աշխատանք գտնի, փաստաթղթեր ստորագրի, բնակարանի համար վճարի։ Եթե չպետք է իրականացնեն մեր նկատմամբ ստանձնած պարտավորությունները, թող ի լուր աշխարհի հայտարարեն, որ չեն ընդունում Արցախի փախստականներին, մենք էլ փնտրենք այլ երկրների հովանավորություն, եւ ով ընդունի, այնտեղ գնանք, որտեղ չեն ստորացնի, չեն քաշքշի եւ կհարգեն մարդու իրավունքները։