Անարժանների կառավարությունը

Անարժանների կառավարությունը

Ի սկզբանե պարզ էր, որ գործող իշխանությունից դուրս որեւէ բանական, իրեն հարգող մարդ չէր համաձայնելու նախարար աշխատել մի կառավարությունում, որի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է: Եվ նա պարտադրված է կադրեր գտնել թիմի ներսում, ովքեր կեղտոտվելու, արատավորվելու խնդիր չունեն` այնքան կեղտոտված ու արատավորված են, որ ավել-պակասի հարց չի առաջանում: Բայց նույնիսկ այդ պայմաններում Փաշինյանի թիմակիցները հրաժարվում էին ընդունել նրա՝ նախարար աշխատելու առաջարկը, մինչեւ որ նա հրամայեց, գուցե` սպառնաց: Փաշինյանը բերման ենթարկեց ԱԺ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանին, ով մինչ այդ հայտարարում էր, որ ինքը խորհրդարանում անելիք ունի: Ընտրությունը Բաբկեն Թունյանի եւ Գեւորգ Պապոյանի միջեւ էր, երկուսն էլ խորհրդարանում անելիք ունեին` չէին ուզում Փաշինյանի հիստերիաներին ականատես լինել, նրա գժությունները հանդուրժել, դիմադրում էին: Փաշինյանը գնաց ավելի նվազ դիմադրությունը կոտրելու ճանապարհով, Պապոյանին հնազանդեցնելն ավելի հեշտ էր, բայց որ Թունյանն էլ իրեն շատ լավ չզգար, կարգադրեց հայտարարել, որ եթե Փաշինյանը հրամայեր, ինքը գառի պես կատարելու էր հրամանը:

Գեւորգ Պապոյանը դժգոհում է, որ պետական կառավարման համակարգը գրավիչ չէ, նախարարն այնքան աշխատավարձ է ստանում, որքան միջին կազմակերպության ղեկավարը կամ փոքր կազմակերպության միջինից բարձր մենեջերը: Երբ նախարարի պաշտոնը ստանձնող մարդը բողոքում է աշխատավարձի ցածր լինելուց, իր աշխատավարձը համեմատում է բիզնեսի ներկայացուցիչների աշխատավարձի հետ, նշանակում է՝ պետական կառավարման համակարգը գտնվում է կոլապսի մեջ, մարդիկ այլ մոտիվացիա չունեն պաշտոն զբաղեցնելու, քան աշխատավարձը: Պատկերացնո՞ւմ եք, նախարարը մտածում է՝ ինչո՞ւ ես պետք է նախարար աշխատեմ, եթե որեւէ մենեջեր ինձնից ավելի բարձր աշխատավարձ է ստանում:

Ինչո՞ւ Փաշինյանը երկիրը հասցրեց մի վիճակի, երբ նախարար աշխատելը դարձավ ոչ թե հրապուրիչ, այլ պատժի նման մի բան, որից մարդիկ փորձում են հնարավորինս հեռու մնալ: Նորմալ երկրում մարդիկ նախարար են աշխատում, որովհետեւ ունեն ծրագրեր, գաղափարներ, ունեն ամբիցիա՝ նախարարի պաշտոնի միջոցով կյանքի կոչել այդ ծրագրերն ու գաղափարները, դրանց միջոցով դեպի լավը դարձնել իրենց երկիրն ու մարդկանց կյանքը, դրական հետք թողնել իրենց երկրի պատմության մեջ: Կա նաեւ այլ մոտիվացիա. նախարարի պաշտոնը հնարավորություն է տալիս տնօրինել ֆինանսական մեծ միջոցներ, եւ նախարար աշխատելով՝ հնարավոր է այդ միջոցների մի մասը յուրացնել, հարստություն կուտակել՝ այն հեռանկարով, որ եթե ինչ-որ ժամանակ հետո քեզ ազատեն այդ պաշտոնից, կուտակած հարստությունը հնարավոր լինի օգտագործել կյանքի մնացած հատվածը բարեկեցիկ ու ապահով ապրելու համար: 

Նախարար աշխատելու այս երկու մոտիվացիաներից ոչ մեկը հիմա չի գործում: Սեփական ծրագրերը կամ գաղափարները կյանքի կոչելու մասին ընդհանրապես իմաստ չունի խոսել: Փաշինյանի վարչապետության պայմաններում հնարավոր չէ որեւէ ծրագիր ունենալ, հանրային որեւէ օգտակար աշխատանք կատարել, այդ մարդը երկիրը տանում է դեպի կործանում, եւ նրա կառավարության անդամները դա շատ լավ տեսնում են: Մի մարդ, ով իր վարչապետության ընթացքում բացի ստից, կեղծիքից, մանիպուլյացիայից ուրիշ ոչնչով չի զբաղվել, չի տվել որեւէ խոստում, որը կատարած լինի, չի կատարել որեւէ տեսանելի եւ շոշափելի դրական քայլ, ինչպե՞ս կարող է այդ մարդու ղեկավարության տակ գտնվող կառավարության անդամն ինչ-որ ծրագիր իրականացնել, երկիրը, էկոնոմիկայի նախարարի դեպքում՝ տնտեսությունը զարգացնելու, դրական արդյունք ցույց տալու հնարավորություն ունենալ:
Մնում է երկրի տնտեսության, բյուջետային միջոցների հաշվին սեփական հարստացումը եւ բարեկեցությունն ապահովելը: Փաշինյանի ղեկավարման պայմաններում սա հնարավոր եւ լուծելի խնդիր է, եւ կառավարության մյուս բոլոր ներկայացուցիչները դրանով էլ զբաղված են: Բայց այս դեպքում էլ վտանգ կա, որ ինչ-որ պահի Փաշինյանը կարող է որոշել, որ եկել է հերթական կոռուպցիոներին բացահայտելու պահը, հերթական թիմակցին փուռը տալու ժամանակը, եւ ոչ մեկը չգիտի, թե ով է լինելու հաջորդը զոհը: Դավիթ Տոնոյանը, Անդրանիկ Փիլոյանը, Վահան Քերոբյանն այս շարքից են, թե ով կլինի հաջորդը, դժվար է գուշակել, քանի որ որեւէ չափանիշ չկա: Անհասկանալի է, թե ինչպես է կատարվում հաջորդ զոհի ընտրությունը, կառավարության անդամները տեսնում են, որ մեկը բյուջեից տանում է տոննաներով ու դրա համար որեւէ պատժի չի արժանանում, իսկ մյուսի տարածն այնքան փոքր է, որ նույնիսկ կարելի էր չնկատել, բայց միանգամից հայտնվում է Փաշինյանի ուշադրության կենտրոնում: Կարող եմ հուշել. պետք է հնարավորինս շատ տանել ու դրա մեծ մասն արդարաբար հանձնել Փաշինյանին, չնայած երաշխիք չկա, որ նա չի գա մնացած փոքր մասի հետեւից:

Պապոյանը մի հետաքրքիր բացահայտում էլ է արել. նա ասում է, որ բազմաթիվ արժանավոր մարդկանց է առաջարկվել աշխատել նախարար, բայց նրանք հրաժարվել են: Իհարկե, որեւէ արժանավոր մարդ չի կարող աշխատել Փաշինյանի հետ նույն թիմում, նույն կառավարությունում՝ իր վրա վերցնելով Հայաստանի կործանման եւ ոչնչացման պատասխանատվությունը: Միայն անարժան, Փաշինյանից ստրկական կախվածության մեջ գտնվողները կարող են շարունակել իրենց վրա կրել այդ պատասխանատվությունը, այն հույսով, որ հետո արդարանալու են, թե իրենց բռնությամբ պարտադրել է, ստիպել, իրենք ուրիշ ընտրություն չեն ունեցել: Միայն թե՝ անգամ ստրուկները պատմության մեջ մեկ-մեկ ապստամբել են, բողոքել իրենց տերերի անողոք ու հակամարդկային վարքից, մինչդեռ Նիկոլի ստրուկները նույնիսկ ընդվզման ընդունակ չեն:

Ավետիս Բաբաջանյան