Փաշինյանը, հավանաբար, նոր հարցազրույց կտա

Փաշինյանը, հավանաբար, նոր հարցազրույց կտա

Օրերս պարզվեց, որ Հայաստանում Վլադիմիր Պուտինին ձերբակալելու հարցի հետ կապված՝ եւս մի կարծիք կա, չնայած եղած կարծիքների բազմազանությանը, դա Նիկոլ Փաշինյանի ուրույն կարծիքն է, որի մասին կուզենայի խոսել ստորեւ:

Բայց, նախ՝ մի փոքր հանդիմանեմ Նիկոլ Փաշինյանին: Այ տղա Նիկոլ, ինչո՞ւ մի հարցազրույց էլ ինձ չես տալիս: Ո՞վ էր այդ Ռոլանդ Օլիֆանթը, որին Մեծ Բրիտանիայից բերել էիր, որ քեզ հարցեր տա: Թե բա՝ The Telegraph-ի լրագրող: The Telegraph-ում գիտե՞ս խելքը գլխին քանի լրագրող կա: Բա մի հատ մրցույթ հայտարարեիր, հասկանայինք` ով է այդ Ռոլանդ Օլիֆանթը, որ այդպիսի հանգավոր անուն-ազգանուն ունի: Ու քեզ տեղն է, Նիկոլ… Օլիֆանթը քեզ մի լավ էն բանից արեց՝ կոխեց ցեխն ու հանեց: Ժողովուրդ ջան, լսեցիք, չէ՞, թե ինչ սուր հարցեր էր տալիս մեր վարչապետին: Մեր վարչապետն էլ, Աստված տվել՝ չի խնայել, կուչ էր եկել այդ հարցերի տակ ու մի գլուխ հայտարարում էր, թե սուր հարցերից չի վախենում: Բա ես Նիկոլ Փաշինյանին՝ մեր վարչապետին, այդպիսի սուր հարցեր կտայի՞: Ի՞նչ է նշանակում՝ մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը լայնածավալ հարձակում կիրականացնի Հայաստանի վրա… Ո՞վ է այդպիսի հարց տալիս վարչապետ մարդուն: Էլ ի՞նչ վարչապետ, որ պիտի որեւէ բանից մտավախություն ունենա: Դու Մեծ Բրիտանիան ներկայացնող լրագրող ես, վերջին հաշվով, ձեզ մոտ էլ վարչապետն է երկրի անվտանգության երաշխավորը, չհաշված թագավորին, որ մեր նախագահից բեթար անգլիական թագուհի է: Եկել, բզբզում ես, մեր վարչապետի վախն ես ուզում չափել, որ ի՞նչ անես:

Մի խոսքով՝ Նիկոլ Փաշինյան, սա քեզ դաս լինի, որ հաջորդ հարցազրույցդ ինձ տաս: Ձեւաչափն ընտրիր ինքդ, տեղը՝ նույնպես: Հա, միայն թե Պետրոսի տաղավարը չառաջարկես, որովհետեւ այն քեզ համար խերով չէ: Ես կառաջարկեի «Հրապարակ TV»-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի տաղավարը: Սուրճ էլ կտանք, խոհանոցը հեռու չէ: Սուր հարցերի փունջը կարող ես ինքդ ընտրել՝ նախապես: Ես ընդամենը մեկ հարց կտամ, այն էլ՝ վերջում, որպեսզի մոնտաժողի գործը հեշտ լինի՝ մկրատի մեկ շարժում, եւ… Եվ հաջորդ օրը բոլոր թերթերը կգրեն, թե մեր վարչապետն ինչ հզոր հարցազրույց տվեց «Հրապարակի» էն բեղավոր լրագրողին: Այս պահից հրավերն ուժի մեջ է: Իսկ հիմա վերադառնանք Պուտինին բռնել-չբռնելու շուրջ եղած բազմակարծությանը, որ նկարագրված հարցազրույցից հետո ավելացավ եւս մեկ կարծիքով: Մենք այն պայմանականորեն կանվանենք Նիկոլի կարծիք:

Չի բացառվում, իհարկե, ու Նիկոլի կարծիքից հետո մնացած կարծիքների թիվը, հատկապես իշխանական ճամբարում, կտրուկ կնվազի, բայց եղած բազմակարծությունը, այնուամենայնիվ, դեռ երկար կպահպանվի: Ինձ այդպես է թվում: Բանն այն է, որ այս թեմայով իշխանական ճամբարում եղած գրեթե բոլոր կարծիքների հեղինակն էլ Նիկոլն է: Այլ հարց, որ ուսապարկերն են հնչեցրել դրանք, որովհետեւ Նիկոլը, ինչպես միշտ, մտավախություն ունի իր ասած ամեն բառի հետեւանքներից:

Եվ այսպես, կարծիքները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ ա) Պուտինին Հայաստանում կբռնեն, բ) Պուտինին Հայաստանում կբռնեն ու մի հատ օֆ էլ չեն անի, գ) Պուտինին Հայաստանում կբռնեն արեւմտյան կողմնորոշում ունեցող ասերը (անուններ չտամ` բոլորին ճանաչում եք), դ) Պուտինին Հայաստանում կբռնեն ու կտանեն ԱԱԾ պադվալ, ե) Պուտինին Հայաստանում կբռնի գեներալ Գագիկը (հեռը` գեներալի բիզնեսներից): Հիմնականում՝ այսքանը: Մի կարծիք էլ ընդդիմությունից է հնչել՝ Հայաստանում քաջնազարների պակաս չկա: Եվ, ահա, «Հայաստանում Պուտինին կբռնե՞ն, թե՞ կվախենան բռնել» հարցի շուրջ կարծիքներին մեծբրիտանացի լրագրող Ռոլանդ Օլիֆանթի այցից հետո ավելացավ եւս մեկ կարծիք՝ Նիկոլի կարծիքը կամ, ավելի ճիշտ կլինի ասել՝ Նիկոլի վերջին կարծիքը:
Ասեմ, որ Օլիֆանթի հարցը լսելուց հետո Նիկոլը մի պահ վախեցավ` փորձեց փախչել հարցից, խուսանավել. «Դա իրավական խնդիր է, քաղաքական հարց չէ, որը ես պետք է քննարկեմ եւ որին պետք է արձագանքեմ»:

Օլիֆանթը, սակայն, համառ էր ու անտակտ. «Աշխարհի մի մասն ասում է, որ Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի ռազմական հանցագործությունների համար։ Դուք դա անելու պարտավորություն ունեք։ Եթե նա գա Հայաստան, Հայաստանի ոստիկանությունը նրան կձերբակալի՞ եւ ուղարկի Հաագա»: Հենց այստեղ էր, որ Նիկոլի նյարդերը տեղի տվեցին, եւ նա բարձրաձայնեց իր ուրույն կարծիքը. «Ես Ձեզ մի այսպիսի գաղտնիք բացեմ. 2018 թվականից հետո Հայաստանում շատ լայնածավալ ժողովրդավարական բարեփոխումներ են սկսվել, եւ ես որոշումներ չեմ կայացնում՝ ում ձերբակալեն, ում չձերբակալեն: Հայաստանում իրավակարգ կա հաստատված, կան իրավական ինստիտուտներ, եւ բոլոր դեպքերում Հայաստանի իրավական ինստիտուտներն են կայացնում որոշումներ: Դրա համար մենք ունենք դատախազություն, դրա համար ունենք դատարաններ, ունենք Քննչական կոմիտե, եւ այդպես շարունակ։ Շատ կարեւոր է, որ նաեւ Արեւելյան գործընկերության անդամ լինելով՝ Հայաստանի Հանրապետությունն առանձնանում է հատկապես անկախ դատական համակարգ ունենալու ինստիտուցիոնալ բարեփոխումների տրամաբանության մեջ։ Հայաստանի Հանրապետությունն իրավական պետություն է, Հայաստանի Հանրապետությունում վարչապետն ունի իր լիազորությունները։ Այդ լիազորությունների մեջ երբեք ոչ մի պայմաններում եւ որեւէ պարագայում չի մտնում հարցի լուծումը` այս մարդուն պետք է ձերբակալել, թե պետք չէ ձերբակալել։ Բոլորը լուծվում են իրավական ընթացակարգերով»: Բնականաբար, Օլիֆանթը, որ Մեծ Բրիտանիայից եկել էր Հայաստան, այս մեծ սուտը լսելուց հետո շտապեց կարճ կապել զրույցը.

The Telegraph՝ Ռոլանդ Օլիֆանթ - Շնորհակալություն հարցազրույցի համար, պարոն վարչապետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Շնորհակալ եմ։ Ամենայն բարիք Ձեզ։

Մոսկվայից Փաշինյանի այս հարցազրույցին առանձնապես արձագանք չկա: Բայց Պեսկովի կամ Զախարովայի շուրթերով կձեւակերպվի, որ Նիկոլը չի փակել բրիտանացի լրագրողի բերանը, երբ նա Պուտինի մասին խոսելիս օգտագործել է «առերեւույթ հանցագործություններ» արտահայտությունը: Մոսկվային կարող է զայրացնել նաեւ Փաշինյանի կողմից Ադրբեջանի պահանջած «միջանցքում» ռուսների վերահսկողական դերակատարության անտեսումը, ինչը Ռոլանդ Օլիֆանթը շատ վարպետորեն պարտադրեց Նիկոլին:

Եվ ավարտեմ` վերեւում ասացի, որ Փաշինյանի հետ իմ ապագա հարցազրույցի վերջին հարցը ես եմ տալու, ամենավերջում: Դա լինելու է ընդամենը մեկ հարց, իր համար գուցե անսպասելի եւ սուր (ինքը սուր հարցեր սիրում է): Ու քանի դեռ Փաշինյանի համաձայնությունը չունեմ՝ հարցազրույց տալու, կբավարարվեմ ենթադրյալ հարցիս համառոտ նկարագրությամբ: Բովանդակությունն ընդհանուր առմամբ հետեւյալն է՝ վարչապետ Փաշինյան, եթե իմանայիր, որ քո վարչապետ դառնալով այսքան փորձանք է գալու Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին, կհամաձայնեի՞ր դառնալ…