20 տարի անց Արկադի Վարդանյանն արդարացվել է

20 տարի անց Արկադի Վարդանյանն արդարացվել է

20 տարի անց հասարակական-քաղաքական գործիչ, հրապարակախոս, քաղաքագետ Արկադի Վարդանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով, իսկ քրեական գործի վարույթը` կարճվել. հայտնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
Թեմայի առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Տիգրան Ղազարյանը հայտնում է, որ գործի քննությունը կասեցվել էր, բայց Արկադի Վարդանյանը շարունակել է մնալ մեղադրյալ կարգավիճակում.  «Մեղադրանքը չի հիմնավորվել, չի ապացուցվել, որ նա հանցանք է կատարել:  Երբ սկսեցինք հետաքրքրվել քրեական գործի վարույթով, փաստաթղթեր ուղղել վարույթն իրականացնող մարմնին, կարճ ժամանակ անց մեզ հայտնեցին, որ գործի վարույթը կարճվում է` հանցակազմի բացակայության հիմքով», - հստակեցրել է նա։ 

Հիշեցնենք՝ Արկադի Վարդանյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել 2000 թվականին: Նա մեղադրվում էր իր ղեկավարած «21-րդ դար» միջազգային անկախ ասոցացիայի կողմից կազմակերպված հանդիպումներում և հանրահավաքներում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված պետական և հասարակական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչերի և այդ նպատակով նման բովանդակությամբ նյութեր տարածելու մեջ: