Կրակի հետ եք խաղում

Կրակի հետ եք խաղում

Փաշինյանը գրել է. «...հակաճգնաժամային 11-րդ միջոցառման շրջանակներում շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն՝ օգտագործած բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց կոմունալ վճարների մասով: Միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի»:  Առաջին հայացքից՝ սա հերթական հրաշալի առիթն է, որ Պողոսը մեծ ջերմեռանդությամբ երկրպագի Նիկոլին: 7 հազար 500 դրամ՝ բերանով ասելն է հեշտ, 7 օր հաց կառնի հպարտ Պողոսը, ու դեռ մի բան էլ աղբահանության համար գումար կմնա: Բայց երբ մի քիչ խորանում ես գրառման նրբությունների մեջ, հասկանում ես, որ Փաշինյանը շատ խորամանկ վարչապետ է: Տեսեք՝ ինչ է ասում՝ «շուրջ 222 հազար բաժանորդ կստանան մինչեւ 7500 դրամի աջակցություն»: Առաջին բանը, որ ուզում ես անել, դա 222 հազարը 7 հազար 500-ով բազմապատկելն է: Ստացվում է մեկ միլիարդ վեց հարյուր վաթսունհինգ միլիոն դրամ: Տրամաբանությունը, սակայն, հուշում է, որ բոլոր 222 հազար բաժանորդները չէին կարող փետրվար ամսին ծախսած լինել ճիշտ 10 հազարի գազ եւ 5 հազարի էլեկտրաէներգիա:

Անշուշտ, կան բաժանորդներ, որ դրանից քիչ են ծախսել, եւ նրանք չեն կարող մինչեւ 7 հազար 500 դրամի աջակցություն ստանալ բնական գազի եւ էլեկտրական հոսանքի դիմաց վճարումների մասով: Հետեւաբար, Փաշինյանը փորձել է ոչ թե ճշմարտությունն ասել, այլ ցույց տալ իր «ռազմախը» եւ իր անհուն սերը շարքային պողոսների հանդեպ: Բայց սա դեռ ամենը չէ: Հետեւյալ նախադասության մեջ տնտեսագիտության գիգանտը գրել է. «Միջոցառման շահառու է մինչեւ 600 հազար քաղաքացի»: Հասկացաք, չէ՞, թե դա ինչ է նշանակում: Դա նշանակում է, որ հանրապետության բնակչության մոտ մեկ քառորդն այս հանճարեղ միջոցառման շահառու է, իսկ նրանցից յուրաքանչյուրի շահն էլ 2 հազար 500 դրամ է կամ դրանից քիչ, եթե նրանց տանը 10 հազար դրամից պակաս գազ եւ 5 հազար դրամից պակաս էլեկտրական հոսանք են գործածել: 
Փոթորիկ մեկ բաժակ ջրում. այլ կերպ չես բնութագրի հայրենի կառավարության «հակաճգնաժամային 11-րդ միջոցառում» կոչված ցերեկույթը, որ ներկայացվեց որպես ազգափրկիչ ծրագիր:

600 հազար պողոս դեռ չէր հասցրել երջանկությունից ուշաթափվել, որ Երեւանում ցույցի դուրս եկան երթուղային տաքսիների վարորդները եւ պահանջեցին իրենց հասանելիքը: 600 հազար չեն նրանք, բայց, ավաղ, ծախսել են 10 հազար դրամից ավելի գազ եւ 5 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիա ու չեն դարձել 11-րդ «ազգափրկիչ» ծրագրի շահառու: Ի՞նչ անել: Մանավանդ սպասվում է, որ երթուղայինների վարորդների բողոքի ցույցին կմիանան նաեւ օրավարձով աշխատող շատ այլ քաղաքացիներ, որոնք պարզապես չեն կարող եւս մեկ ամիս գոյատեւել արտակարգ իրավիճակի ռեժիմում: Թերեւս հարկ կլինի նոր փաթեթ բերել խորհրդարան՝ 12-րդը, որով փորձ կարվի մեղմել օրավարձով աշխատող քաղաքացիների բողոքը: Իսկ դա չի՞ լինի նախորդի նմանությամբ մի մակերեսային որոշում եւ կամ չի՞ դառնա «անպատասխանատու» գործատուին, որ չի վճարում հարկադիր պարապուրդի համար, ասֆալտին փռելու հերթական առիթ:
Աշխարհի շատ երկրներում կառավարություններն անցել են խնայողության ռեժիմի, ընդ որում՝ խնայողությունն սկսելով իրենցից: Հրաժարվում են ավելորդ գործուղումներից, պետական բենզինից, աշխատավարձերից, պարգեւավճարներից եւ զանազան գնումներից, որոնք չեն պատշաճում ստեղծված իրավիճակին:

Եվ այդ ամենը՝ հանուն հասարակության խոցելի խավերի: Պատրա՞ստ է որեւէ զոհողության Փաշինյանի կառավարությունը՝ չգիտեմ: Նման պրակտիկա եւ մշակույթ մեր կառավարությունը չունի, կարծես, կամ սպասում են, որ դանակը հասնի ոսկորին: Փաշինյանը խոսում է ժողովրդի՝ կոմունալները վճարելու մշակույթից, բայց թե ինչ պետք է անել, որ այդ մշակույթը փորձանք չդառնա ժողովրդի գլխին, նրան չի հետաքրքրում: Ժամանակին ինքն էր կոչ անում չվճարել ծախսած էլեկտրականության, գազի, աղբահանության համար, հրաժարվել վճարել պետավտոտեսչության ակտերը՝ այդ ամենը համարելով կողոպուտ: Հիմա ի՞նչ է փոխվել: Կողոպուտ չէ՞, երբ մարդը մնում է առանց աշխատանքի, բայց ստիպված է կոմունալները վճարել առկա ճոխ գներով:

Մեզ մնում է արձանագրել, որ աշխարհին պատուհասած աղետի ժամին մեր պետությունն իր քաղաքացիների համար ոչինչ չի անում եւ զբաղված է ստատուս գրելով ու թվեր կրակելով: Էն էլ՝ սուտ ու կեղծված թվեր: Մարդիկ սա երկար հանդուրժել չեն կարող: Պարետի մանկական SMS-իկները, բառիս բուն իմաստով, անտանելի են դառնում: Պարետատան ամեն մի նոր հաղորդագրության հետ պարզ է դառնում, որ այնտեղ ոչ ոք ոչնչով զբաղված չէ: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ սպասել մյուսներից, եթե վարչապետն է զանգահարում քաղաքացիներին ու «գժվացնում»: Կրակի հետ եք խաղում, պարոնայք: Ես հիմա հարց եմ տալիս՝ կզարմանա՞ք, որ մի գեղեցիկ կարանտինային օր մարդիկ հազարներով, դիմակ ու ձեռնոց մերժած՝ դուրս գան փողոց՝ «Կորոնավիրուսի հերն էլ անիծած» կարգախոսով: Ի՞նչ եք անելու, ցրելո՞ւ եք… Հետաքրքիր է՝ ինչպե՞ս: