Արցախցիները կվերադառնա՞ն Արցախ

Արցախցիները կվերադառնա՞ն Արցախ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների հարցերով պաշտպանության հանձնախումբը փետրվարի 2-ին երկրորդ հայտարարությունն է տարածել, որում բացի հանձնախմբի կազմը ներկայացնելուց, ներկայացվում է արցախահայերի հայրենադարձության անհրաժեշտությունն ու ուղիները.

«Հանձնախմբի գլխավոր խնդիրը լինելու է Արցախի ժողովրդի՝ միջազգային երաշխիքներով հավաքական հայրենադարձության և իր հայրենիքում ապահով, անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի հետապնդումը և պաշտպանությունը։ Արցախի ժողովուրդը ցեղասպանության սպառնալիքի տակ բռնի տեղահանված է իր տնից, հողից ու հայրենիքից և նրա բնական և անքակտելի իրավունքն է անխոչընդոտ վերադառնալ իր բնօրրանը, շարունակել բնականոն ժողովրդավարական կյանքը՝ իր լեզվի, մշակույթի, հոգևոր ժառանգության պահպանման, սեփականության վերատիրացման, զարգացման և կյանքի կազմակերպման՝ միջազգայնորեն ընդունելի նորմերով և սկզբունքներով։

- Հակամարտության հետևանքով բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք կամավոր վերադառնալու իրավունքը ճանաչված է որպես միջազգային իրավունքի նորմ, որը հիմնավորվում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով (Universal Declaration of Human Rights), Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային կոնվենցիայով (International Convention on Civil and Political Rights) և տարածաշրջանային բազմաթիվ հռչակագրերով:

- Ավելին, 2023-ի նոյեմբերի 17-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռել է, որ Ադրբեջանի Հանրապետությունը պետք է ապահովի 2023-ի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքածների անվտանգ և անարգել վերադարձը»։ 

Արցախցիների վերադարձի մասին խոսել է նաեւ Սերգեյ Լավրովը` ՄԱԿ ԱԽ հանդիպումների արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում: Խոսելով ԼՂ ռուս խաղաղապահների մասին` Լավրովն ընդգծել է, որ այդ հարցը չի վերաբերում հայկական կողմին, այն Մոսկվա-Բաքու երկկողմ հարաբերությունների տիրույթում է: Այնուհետեւ ասել է. «Ղարաբաղում, իրոք, դեռ մեր խաղաղապահներից մնացել են այն բանից հետո, երբ բոլորը Ղարաբաղը ադրբեջանական տարածք ճանաչեցին: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներն այս թեման քննարկել են, նրանք միակարծիք են, որ այս փուլում ռուս խաղաղապահների ներկայությունը դրական դեր է խաղում` տարածաշրջանում վստահության և կայունության ամրապնդման հարցում, ինչպես նաև Ղարաբաղի բնակիչների վերադարձին նպաստելու առումով»:

Ի՞նչ խոսք, արցախցիներն ունեն իրենց տները վերադառնալու բոլոր իրավական հիմքերը: Բայց միջազգային այդ իրավունքները կային, գործում էին նաեւ սեպտեմբերյան իրադարձություններից առաջ, գործում էին նաեւ այն ժամանակ, երբ նրանք բռնի տեղահանվեցին՝ ենթարկվելով էթնիկ զտման: Ու եթե թուրքը՝ ադրբեջանցին որոշում է հայի հանդեպ որեւէ բարբարոսություն անել, ապա բոլոր միջազգային օրենքները դառնում են անգործունակ: Այն կարող է կասեցնել միայն հենց հայը՝ իր պաշտպանողունակությամբ: Իսկ որքանով պաշտպանված կլինեն հայերը Ադրբեջանի կազմում գտնվող Արցախում, որտեղ չեն լինելու հայկական բանակ, իրավապահներ, անվտանգության երաշխավորներ: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահներին, որոնց մասին ասում է Լավրովը, ապա հիշեցնենք, որ հենց այդ խաղաղապահների ներկայությամբ ու լուռ թողտվությամբ տեղի ունեցավ Արցախի բռնի հայաթափումը:

Մասնավոր զրույցներում արցախցիներից շատերն ասում են, որ կվերադառնան իրենց տները մի պայմանով, որ թուրքի հետ չապրեն: Իսկ Ալիեւը պատրա՞ստ է բավարարել նրանց պահանջը եւ արգելի ադրբեջանցիների բնակեցումը Արցախում: Շատ արցախցիներ էլ կտրականապես ասում են, որ այլեւս իրենց երեխաներին չեն տանի այդ դժոխքը: Իհարկե, այստեղ մեծ դերակատարում կունենա գերտերությունների կամքը. եթե ՌԴ-ն եւ Ադրբեջանի իշխանությունները գան ընդհանուր հայտարարի, որ պետք է լինի արցախցիների հայրենադարաձություն, ապա տարբեր մեխանիզմներով կհասնեն դրան:  Դա այս պահին ավելի շատ պետք է ՌԴ-ին, որպեսզի իր խաղաղապահի ներկայությունը Արցախում լեգիտիմ լինի: Հակառակ դեպքում շոտուվ ստիպված կլինեն զորքը հանել Արցախից:

Եթե լինեն իդեալական անվտանգ պայմաններ եւ արցախցիները վերադառնան իրենց պատմական հայրենիք, միգուցե, երբեւէ կգա պատմական հարմար պահ, որ վերականգնեն իրենց ինքնորոշման իրավունքը: Բայց, մյուս կողմից էլ  չկա ոչ մի երաշխիք, որ մի քանի տարի, մի քանի տասնամյակ անց պատմությունը չի կրկնվի եւ Արցախը չի դառնա աշխարհաքաղաքական կենտրոնների առեւտրի առարկա, արցախցիները՝ դրանց հերթական զոհը…