Ընդդիմությունը երկուշաբթի օրը ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրի

Ընդդիմությունը երկուշաբթի օրը ԱԺ նախագահի թեկնածու կառաջադրի

Երկուշաբթի օրը մեկնարկող 8-րդ գումարման Ազգային Ժողովի առաջին նիստին, որի ժամանակ պետք է ԱԺ ղեկավար կազմն ընտրվի, կառավարության կառուցվածքը հաստատվի, շատերն անհամբերությամբ են սպասում: Այդ օրը ուրվագծվելու է առաջիկա գոնե մեկ տարվա աշխատանքային մթնոլորտը խորհրդարանում և առհասարակ երկրում: Այսպես ասած, ամեն մեկն իրեն է ցույց տալու, դրվածք է դնելու և դիմացինին իր տեղն է ցույց տալու:                                  

Այդ առումով անդրանիկ նիստը շատ կարևոր է և պատահական չէ, որ և իշխանությունը, և ընդդիմությունը հիմնավոր պատրաստվում են այս նիստին: Մենք տեղեկացանք, որ ընդդիմությունը որոշել է հենց առաջին նիստում իրականացնել իր խոստումը՝ դժոխքի վերածել իշխանությունների կյանքը:                                          

Մասնավորապես, «Հայաստան» դաշինքում որոշել են ԱԺ նախագահի պաշտոնին առաջադրել իրենց կալանավորված պատգամավորների թեկնածությունները. Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի: Ապա որոշել են պահանջել, որ թեկնածուներին բերեն ԱԺ: Բնականաբար, նրանց չեն բերի և ՔՊ թեկնածուն էլ 70 ձայնով կընտրվի: Հետո ընդդիմությունը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ԱԺ նախագահի ընտրությունը և վերջինիս հռչակելով ոչ լեգիտիմ նախագահ: Այս սցենարով առաջնորդվելու դեպքում մենք առաջիկայում ականատես կլինենք անհաղթահարելի առճակատման և կունենանք կրկին մեկ ուժի խորհրդարան, որը ընդդիմությունը կբոյկոտի և արդյունքում կտուժի երկիրը: