Հանցավոր բովանդակությամբ մի առանձազրույցի ներկա գտնվեցի. սպանվածի մայր

Հանցավոր բովանդակությամբ մի առանձազրույցի ներկա գտնվեցի. սպանվածի մայր

Գյումրիում սպանված Արտյոմ Ադանալյանի մահից անցել է շուրջ 7 տարի, սակայն մինչև օրս դատապարտված անձինք չկան: Քրեական գործում առկա տվյալների համաձայն ՝ սպանությունը կատարվել է խմբի կողմից: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի՝ Գյումրի քաղաքի բնակիչ Արթուր Սաշայի Մարտիրոսյանին: Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը  Արթուր Մարտիրոսյանին դատապարտել է 11-տարվա ազատազրկման:Դատարանի այս որոշման դեմ տուժող կողմից բողոք է տարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան: Վերաքննիչ բողոքը բավարավել է և կրկին ուղարկվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր կազմով քննության:

Այս տարվա փետրվարի 23-ին,  Արարատի և Վայոց Ձորի մարզերից Շիրակի մարզ գործուղված դատավոր Նարեկ Բեգլարյանը գրավի դիմաց ազատ էր արձակել առանձնապես ծանր հանցագործության համար ամբաստանվող Արթուր Մարտիրոսյանին, որից հետո՝ հունիսի 23-ին, նրա գործուղման ժամկետը ավարտվել է, և նա արդեն գնացել է Արարատի մարզ:Դատավոր Նարեկ Բեգլարյանի որոշման համաձայն՝ գրավադրվել է ամբաստանյալի մորը պատկանող, Գյումրի քաղաքի Տեքստիլագործների թաղամասում գտնվող մի հնամաշ տուն,ինչպես նաև՝ 2 միլիոն ՀՀ դրամ:Մարդասպանության համար ամբաստանվողին ազատ արձակելու որոշումը դատարանը միաժամանակ պատճառաբանել է,թե  Արթուր Մարտիրոսյանը ֆիզիկապես և հոգեպես վատառողջ է, ինչը փաստող համապատասխան փորձագիտական եզրակացություններ քրեական գործում առկա չեն: 

«Որդուս սպանողներից մեկը  Գյումրի քաղաքի բնակիչ Հովհաննես Թոփչյանն է, ում առհասարակ թաքցրել են դեռևս նախաքննության փուլից: Արտյոմին սպանելու համար միակ ամբաստանվողին ազատ արձակելու դատարանի որոշման դեմ  մեր կողմից բողոք է տարվել ՀՀ վերաքննիչ քրեական դատարան:Եվ միայն այն փաստը, որ բողոքը մակագրվել էր վերաքննիչ քրեական դատարանի դատավոր  Մնացական Հարությունյանին, դրանով ամեն ինչ ասված էր, վերաքննիչ բողոքը՝ 2022թվականի մարտի 22-ից այդ դատավորի վարոււյթում էր:Մեկ անգամ զավեշտի հասնող պատճառաբանությամբ, երկու անգամ արձակուրդ գնալու և այլ ձևական հիմքերով՝ խուսափում էր նիստերից»,- hraparak.am-ին պատմեց սպանված երիտասարդի մայրը՝ տուժողի իրավահաջորդ Ռուզան Ադանալյանը՝ նշելով․ «Դատավոր Նարեկ Բեգլարյանի որոշման դեմ ձևի խաթեր վերաքննիչ բողոք էր տարել նաև ՀՀ գլխավոր դատախազության դատախազ Գրիգոր Ամիրյանը, ով հանդես է գալիս է որպես մեղադրող,բայց իրականում դատախազ  Գ.Ամիրյանը տարիներ շարունակ կասկածելի վարքագծով մեղադրյալի պաշտպանի դերն է ստանձնել: Նիստերից մեկի օրը՝ կոնկրետ մայիսի 06-ին, վերաքննիչ դատարանում շատ պատահական մեղադրողի և ամբաստանյալի պաշտպան Արամայիս Հայրապետյանի միջև ընթացող հոգեհարազատ տրամադրությամբ, սակայն հանցավոր բովանդակությամբ մի առանձազրույցի ներկա գտնվեցի, իսկ դատախազ կոչվածն ինձ ավելի ուշ նկատելով՝ ուղղակի շանթահար եղավ:  Խոսակցությունը  վերաբերում էր մեր բողոքին՝ Մնացական Հարությունյանի կողմից կայացվելիք որոշմանը, որն ի վերջո կայացավ երեկ՝ հունիսի 24-ին: Ինչպես իրենց խոսակցությունից ենթադրելի էր, Մնացական Հարությունյանը մերժեց մեր բողոքը և օրիանական ուժի մեջ թողեց առաջին ատյանի դատարանի՝ ակնհայտ անօրինական և անհիմն որոշումը»,-ասաց տիկին Ադանալյանը՝ տեղեկացնելով, որ այդ խոսակցությունն ինքը հասցրել է ձայնագրել  եւ անհրաժեշտության դեպքում կներկայացնի : Տիկին Ադանալյանի համար անհասկանալի է, թե դատավոր Մնացական Հարությունյանն ինչպես կարողացավ մերժել բողոքը այն դեպքում, երբ  Վերաքննիչ դատարանին ներկայացվել էին  ծանրակշիռ փաստեր:

«Օրինակ այն, որ որպես գրավադրված տան արժեք է ներկայացվել LIST.AM կայքում տեղադրված, այլ քաղաքացիների կողմից վաճառքի հանված բնակարանների լուսանկարներ և արժեքներ, իսկ ամբաստանյալի առողջական վիճակի մասին ներկայացվել է սովորական տեղեկանք: Ներկայացվել են փաստեր և ապացույցներ, որ  տունը, որտեղ դատարանի որոշմամբ նշված է, թե ամբաստանյալը հաշվառված է (Կարմրավան գյուղի 1-ին փողոց,տուն -10) , սեփականության մասնաբաժնի իրավունքով պատկանել է ամբաստանյալ Արթուր Մարտիրոսյանին , ով Արտյոմիս  սպանելուց 5-ամիս անց, գտնվելով անազատության մեջ, վաճառել է: Ավելին, նախաքննության ընթացքում մեղադրյալին պատկանող գույքի վրա վարույթն իրականացրած քննիչ  Հրաչյա Առաքելյանի կողմից կալանք չդնելու հիմքով՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում պաշտոնեական անփութության հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Մնացական Հարությունյանը մերժեց բողոքը՝ անտեսելով վկայակոչված փաստերը,գործի առանձնահատկությունները, առանց համադրելու և վերլուծելու բողոքին վերաբերելի գործի նյութերը՝ ակնհայտորեն սպասարկելով ՀՀ գլխավոր դատախազությանն ու դատական համակարգի խմբային շահերին:Այնպիսի հոգացությամբ ու փաղքշական երանգներով էր հարցեր տալիս ամբաստանյալին, չնայած որ դրանք ընդամենը մեկ-երկուսն էին, մի պահ ինձ թվաց՝ մանկապարտեզում ենք: Անգամ մեղադրյալի, պաշտպանի, դատախազի վարքագծից ուղղակի հորդում էր ակնկալվող որոշման սպասվող երանավետությունը: Սա հայաստանյան դատաիրավական համակարգի ամենօրյա կենսակերպն է,որն իր խորը արմատներով հասցրեց մեր երկիրն ու մեզ բոլորիս այս օրվան, և այս ողբերգությունը չի ուզում նահանջել, քանզի այդպես շահավետ է առանձին անհատների և համակարգի և,ե թե վաղը,կամ մյուս օրը մնացականհարությունյանների նման դատավորները հանկարծ հայտնվեն քրեական հետապնդման տիրույթում, համոզված եմ, որ մեր հասարակության արդարամիտները մի վայնասուն կկապեն,թե բա՝ դատավորի նկատմամբ դա անելու՞ բան է և կսկսեն ստորագրահավաքներով ու անձնական երաշխավորություններով հանդես գալ,թե բա՝ ձեռքներդ հեռու դատավոր՝ էս ինչից, դատավոր՝ էն ինչից,իսկ քծնելու առիթ ինչքան ուզես...

Մամուլի հրապարակումներից մեկում աչքովս ընկավ դատավոր Մնացական Հարությունյանի հարցազրույցը,որը վերնագրված էր հարցազրույցի ընթացքում իր ձևակերպումներից մեկով,թե՝ «Ամեն օր,ամեն տարի դատարանների անկախությունը մեծանում է, և դա ավելի տեսանելի է», եթե Մնացական Հարությունյանը նկատի ունի  հասարակությանը քաջ հայտնի, որպես քաղաքական պատվեր կատարող դատավորի՝ իր կոչումն ու բարի համբավը, ապա՝ այո, իսկապես ոչ միայն տեսանելի է, այլ նաև շոշափելի:Հայաստանյան դատական համակարգում մշտապես գործել է այն չգրված օրենքը, երբ առաջին ատյանի դատարանում դատավորը կայացնում է խմբային շահերից բխող վճարովի որոշում,ապա այդ որոշման դեմ տարված վերաքննիչ բողոքները մակագրվում են վերաքննիչ դատարանի այնպիսի դատավորների,ովքեր վերաքննիչ դատարանում սահմանված գնային վճարի դիմաց կայացնում են առաջին ատյանի դատարանի որոշմանը համահունչ որոշում․․․․․, բայց միևնույն է, ոչինչ այսպես չի մնալու»,-խոսքը եզրափակեց սպանված երիտասարդի մայրը: