Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը սահմանափակումների և միջոցառումների մեծ ծրագիր է իրականացնում

Արցախում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը սահմանափակումների և միջոցառումների մեծ ծրագիր է իրականացնում

Այսօր հայտնի դարձավ, որ Արցախի հանրապետությունում գրանցվել է թագավարակի առաջին դեպքը։ Ըստ ԱԺ առողջապահության նախարարության տարածած հայտարարության՝ վարակված քաղաքացին  ապրիլի  2-ի առավոտյան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է Քաշաթաղի բուժմիավորում և մեկուսացվել, որովհետև Արցախ էր վերադարձել ՀՀ-ից՝ «վարակի օջախ» համարվող բնակավայրից: Երկրորդ քաղաքացին, որը թեստավորվել է, եղել է ՀՀ-ից վերադարձող քաղաքացու հարևանուհին, ով ապրիլի 4-ին, այլ խնդրով տեղափոխված է եղել նույն բուժմիավորում՝ բրոնխիտի ախտանիշներով: Վարակված քաղաքացին ՀՀ-ից Արցախ վերադառնալուց հետո գտնվել է Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղում, ապա նախորդ օրերին, նրա հետ առնչված բոլոր քաղաքացիները, ապահովության նկատառումներով, նախօրոք ինքնամեկուսացել են՝ թվով 17 քաղաքացի: Այդ քաղաքացիներն այս պահին որևէ ախտանիշներ չունեմ:

Մենք կապեցինք Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ՝ հարցնելով,  թե կա՞ն ծրագրեր Արցախում ևս սահմանափակումներ մտցնելու, որոնք գործում են ՀՀ-ում՝ նկատի առնելով, որ Արցախի օրենսդրությամբ այդ լիազորությունը նախագահին է պատկանում, Բաբայանը ասաց, որ կորոնավիրուսի հետ կապված հարցերով Արցախում զբաղվում է նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը, և նա կպատասխանի հարցերին։

Աբրահամյանն էլ նշեց, որ այս պահի դրությամբ ավելին չի կարող ասել, քան տարածվել է հայտարարությամբ․

«Այս պահին ես հաղորդագրությունից բացի այլ մեկնաբանություն չեմ կարող տալ, 18։00-ին տեղի է ունենալու օպերատիվ շտաբի մամուլի ասուլիսը, դրանից հետո արդեն նոր հնարավոր կլինի խոսել, եթե նման հանձնարարություն կամ հայտարարություն լինի, մենք լրացուցիչ կտեղեկացնենք»։

Աբրահամյանը նշեց, որ օպերատիվ շտաբը, որն ինքն է ղեկավարում, ձևավորվել է դեռևս փետրվարի 18-ին։ Այն չունի պարետատան լիազորությունները, սակայն որոշակի սահմանափակումներ արդեն մտցրել է․

«Հայաստանը գործողությունները կատարում է արտակարգ դրության տրամաբանության մեջ, մեզ մոտ նման ռեժիմ հաստատված չէ, բայց սահմանափակումների և միջոցառումների մեծ ծրագիր է իրականացվում»,- ասաց Աբրահամյանը։