ՌԴ-ում ստուգում են Յուլիա Նավալնայայի «վտանգավոր» կոչերը

ՌԴ-ում ստուգում են Յուլիա Նավալնայայի «վտանգավոր» կոչերը

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է անցկացնում այս տարվա փետրվարին ՌԴ մեկուսարանում մահացած ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու այրու՝ Յուլիա Նավալնայայի նկատմամբ՝ կապված ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչերի հետ։
Այս մասին տեղական լրատվամիջոցներին ասել է Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Անդրեյ Ալշևսկիխը։

Նրա խոսքով, հենց ինքն է դիմել իրավապահ մարմիններին՝ ճշտելու ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի այրու հայտարարությունները։

Ռուսաստանի քրեական օրենսգրքի համաձայն՝ երկրի կամ նրա քաղաքացիների նկատմամբ «սահմանափակող միջոցներ» մտցնելու կոչը կարող է հանգեցնել մինչև երեք տարվա ազատազրկման։
Նավալնու հիմնադրած Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի տնօրեն Իվան Ժդանովը նշել է, որ դեռ վաղ է խոսել քրեական գործ հարուցելու մասին, ՆԳՆ-ն պաշտոնապես պարտավոր է ստուգումներ իրականացնել դիմումների վերաբերյալ։

«Բայց կասկած չկա, որ Յուլիա Նավալնայային ամեն կերպ կհետապնդեն»,- գրել է Ժդանովը Telegram-ի իր ալիքում։