Դեսպանատունը հրաժարվում է մեկնաբանել, սակայն չի էլ հերքում

Դեսպանատունը հրաժարվում է մեկնաբանել, սակայն չի էլ հերքում

Երեկ մենք լուր էինք հրապարակել, որ «ռուսական իշխանությունները Մասիս Մայիլյանի եւ Սամվել Բաբայանի մուտքը երկիր 5 տարով սահմանափակելու որոշում են կայացրել։ Որոշման հիմքում քաղաքական, գուցե նաեւ իրավական հիմնավորումներ են դրված»։ Ուշ ժամի պատճառով չէինք կարողացել պատկան մարմիններից մեկնաբանություն ստանալ։ Մենք երեկ փորձեցինք այս տեղեկության հետ կապված հերքում կամ հաստատում ստանալ պաշտոնական աղբյուրից։
Նախ, բնականաբար, դիմեցինք Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն՝ խնդրելով ասել՝ կա՞ արդյոք նման որոշում, ի՞նչ հիմքով եւ ե՞րբ է այն կայացվել։ ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան պրեսս ատաշեն ուշադիր լսեց մեր հարցը եւ պատասխանեց․ «Չենք մեկնաբանում»։

Փորձեցինք այլ կերպ տալ հարցը՝ ի՞նչ հիմքեր կարող են լինել նման որոշման կայացման համար, ինչո՞վ են Մասիս Մայիլյանն ու Սամվել Բաբայանն արժանացել նման վերաբերմունքի՝ քաղաքակա՞ն, թե՞ իրավական հիմնավորումներ են դրված նման որոշման հիմքում։ Դեսպանատան աշխատակիցը նույն բառակապակցությամբ արձագանքեց․ «Չենք մեկնաբանում»։ Դիվանագիտական լեզվին քաջածանոթ անձը մեզ թարգմանեց դեսպանատան արձագանքը․ «Դիվանագիտական լեզվով՝ եթե չեն մեկնաբանում, հաստատում են, ուղղակի չեն ուզում իրենց շուրթերով կրկնել ձեր գրածը»։

Նշենք, որ Սամվել Բաբայանի խոսնակն այս առիթով ընդամենը մի ոչինչ չասող արտահայտություն էր արել, թե մանիպուլյացիա է եւ վերջ։ Իսկ Մասիս Մայիլյանը չի հերքել, այլ ընդամենը իր էջում տեղադրել է ռուսաստանյան հանրային հեռուստատեսությանը տված իր մի հարցազրույցը՝ ցույց տալով, որ ռուսական իշխանությունների հետ խնդիրներ չկան։

Ամեն դեպքում տարօրինակ է, որ նախընտրական քարոզարշավի թեժ փուլում գտնվող Արցախի նախագահի թեկնածուն, որը նաեւ արտգործնախարար է, որեւէ կոնկրետ հաղորդագրություն չի տարածում այս անչափ կարեւոր հարցի վերաբերյալ։ Իսկ Արցախի եւ Հայաստանի տարբեր շրջանակներ կա՛մ ասում են, որ տեղյակ չեն, կա՛մ տեղեկությունը հավանական չեն համարում։ Բացառությամբ մեկի, ով մեկնաբանեց մեր լուրը՝ խնդրելով իր անունը չհրապարակել։ «Մուտքի արտոնագիրը չգիտեմ, բայց ՌԴ-ն լուրջ վերապահումներ ունի Մասիս Մայիլյանի հետ կապված։ Դե, որպես սորոսականի, պատահական չէ, որ այս թիմն ակտիվ պաշտպանում է Մայիլյանին»,- ասաց մեր զրուցակիցը։

Նկատենք, որ ՀՀ եւ Արցախի իշխանությունների համար գաղտնիք չէ, որ ռուսական պաշտոնական շրջանակները վերապահումներ ունեն Մասիս Մայիլյանի հետ կապված, եւ այդ վերապահումները սաստկացել են հատկապես այն պահից, երբ Արցախի ընտրություններին խառնվեց եւ Մայիլյանին իր հովանու տակ վերցրեց ՀՀ ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում հանդեպ իր նշանակման իսկ օրից ռուսները բարեկամաբար չէին տրամադրված։ Նշենք նաեւ, որ Արմեն Գրիգորյանն ու իր քեռին՝ ՊՆ ռազմական վերահսկողության ծառայության պետ Մովսես Հակոբյանը, ակտիվ դերակատարում ունեն արցախյան ընտրություններում։

Հիշեցնենք նաեւ, որ Ռուսաստան անձի մուտքը սահմանափակող մարմինը ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունն է (ԱԳՆ-ի մակարդակով նման որոշում կայացվում է անձին պերսոնա նոն գրատա հայտարարելով), որը կարող է նման սահմանափակումներ մտցնել՝ վիզային ընթացակարգեր խախտելուց սկսած, վերջացրած այլ իրավական հիմքերով։ Մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ այս պարագայում կան ինչ-որ կասկածներ փողերի անօրինական լվացման հետ կապված։ Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ ՌԴ-ում Արցախի ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանի հետ։ Վերջինս մի քանի զանգի չպատասխանելուց հետո պատասխանեց հեռախոսին ու ասաց, որ սխալ ենք զանգահարել։