Նիկոլն ու ժողովրդավարությունը

Նիկոլն ու ժողովրդավարությունը

Ժողովրդավարություն կոչվող երևույթն ընդհանրապես պահանջում է քաղաքական մշակույթի առկայություն։ Վերջինս ձևավորվում է մեկ-երկու դարի կամ համապատասխան պայմանների դեպքում առնվազն մի քանի տասնամյակի ընթացքում: Պայմանների շարքում են պետության քաղաքական կայունությունը, ժողովրդի գրագիտության՝ հատկապես քաղաքական, բարեկեցության, մտածողության որոշակի մակարդակի առկայությունը: Հայաստանի անկախություն ստանալն ու ժողովրդավարական կարգերի հիմքերի հաստատումը կատարվեցին զուգահեռ: Եվ եթե առաջինը միանվագ գործընթաց էր, երկրորդն, ինչպես ասվեց, ավելի երկարատև ժամանակահատված էր ենթադրում:  

Եվ հենց մեր ժողովրդի բախտը չբերեց ժողովրդավարության առումով. սկզբում կարծես թե ստեղծել էինք ժողովրդավարության կղզյակ, հետո դրա հերն անիծեցինք, այնուհետև սկսեցինք դանդաղ վերադառնալ կառավարման ժողովրդավարության սկզբունքներին: Ու այդ ժամանակ Երևանում հայտնվեց Գյումրիից քայլած Նիկոլը և մերժեց ՀՀ երրորդ նախագահ Սերժին (Սարգսյան)՝ ժողովրդին խոստանալով ժողովրդավարության բաստիոն: Բայց շատ արագ պարզվեց, որ նախկինների շրջանակից մեկ անձից (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից) անձնական վրեժը լուծելու նպատակով անհրաժեշտ էր դատարանի համապատասխան վճիռ (մարտի 1-ի հանրահայտ չորսի գործը), ինչն այնքան էլ հասանելի չէր: Եվ աննախադեպ ժողովրդավարության ճարտարապետը որոշեց պատժել անհնազանդ դատավորներին ու ստանալ ցանկալի վճիռը: Հանուն դրա գնաց նույնիսկ Հայաստանի Հանրապետության ռազմավարական գործընկերոջ և ռազմական դաշնակցի հետ հարաբերությունները փչացնելուն՝ Քոչարյանին պատժելու համար հարուցված քրեական գործում ներառելով ՀՀ ԶՈՒ ԳՇ երբեմնի պետ Յուրի Խաչատուրովի (ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի) անունը: Չբավարարվելով դրանով՝ գնաց ՀՀ ԶՈՒ-ն ամբողջությամբ վարկաբեկելու ճանապարհով: 

Զուգահեռաբար փորձեց ազատվել ՀՀ Սահմանադրական դատարանի (ՍԴ)՝ նախկին իշխանությունների կողմից ձևավորված կազմից: Դա արվեց, քանի որ չորսի գործով վերջնական վճիռը հասցեագրվել էր ՍԴ-ին: Երկոտանի քայլող ուսապարկերի միջոցով խորհրդարանը գրպանում ունեցող Նիկոլը որոշեց ամբողջությամբ իր ձեռքը վերցնել նաև դատական համակարգը և ՀՀ Սահմանադրության բազմաթիվ խախտումներով ազատվեց ՍԴ հին կազմից: Սակայն բախտը չժպտաց նրան՝ սկզբում առաջացավ կոնոնավիրուսային համավարակը, իսկ այնուհետ ծագեց 2020 թվականի աշնանային պատերազմը, որում մենք խայտառակ պարտություն կրեցինք «շշկռված գերագույն գլխավորի» պատճառով:

Ի դեպ, հենց կորոնավիրուսային համավարակի օրերին առավելագույնս բացահայտվեց ոստիկանության դերը նիկոլական կամ հայաստանյան ժողովրդավարության կյանքում: Նախկիններին ասֆալտին պառկեցնող ոստիկանները սկսեցին նույնն անել արդեն ներկաների նկատմամբ՝ նույնիսկ ուշադրություն չդարձնելով սեռին: Հետպատերազմյան շրջանում ոստիկանության վարքագիծը դաժանությամբ անգամներով գերազանցեց նախկինների ժամանակաշրջանին: Վերևում Աստված, ներքևում Նիկոլ, և երկուսն էլ անքննադատելի սուբստանցիա (էություն, հիմք)՝ սա էր ենթադրաբար Նիկոլի իշխանության գաղափարախոսական հենքը: Եվ եթե Աստծո անունը պահպանվում է բարոյականությամբ, Նիկոլի չեղած պատիվը՝ ոստիկանության միջոցով: Հայաստանի նման երկրներում միշտ էլ լինելով իշխանության պահպանության գործիքը (կամ պահապան շունը)՝ ոստիկանությունն ամբողջությամբ իր դերի մեջ մտավ հենց նիկոլական «ժողովրդավարության» պայմաններում:

Ընթերցողի թույլտվությամբ վերադառնանք 2015 թվականը՝ մինչև ՀՀ Սահմանադրության փոփոխության դեկտեմբերյան հանրաքվեն: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնված սահմանադրական փոփոխությունների քարոզարշավում ընդդիմադիր քաղաքական ու հասարակական ուժերը միահամուռ ընդդիմացան այդ օրակարգին: Բացառությունը տողերիս հեղինակն էր, որն ասում էր, որ կառավարման համակարգի փոփոխությունը (կիսանախագահականի փոխարինումը խորհրդարանականով) կնպաստի իշխանական բուրգի վերացմանը: Կար մեկ ուրիշը, որն ասում էր, թե դա կեղծ օրակարգ է, և քաշվել էր կողմ, և այդ մեկն էլ հենց օգտվեց փոփոխության ընձեռած հնարավորությունից՝ դա Նիկոլն էր: Ընդդիմադիրների մի մասը, որ գալիս էր դեռևս խորհրդային տարիներից, զգուշացնում էր մարդկանց, որ սահմանադրական փոփոխությունների արդյունքում կունենանք խորհրդային նախկին միակուսակցական պետական կառավարման համակարգի վերականգնում: Դա չպատահեց, սական ունեցանք ավելի ծանրը՝ միանձնյա կառավարում, որն իր էությամբ ավելի հակաժողովրդավարական է, քան երբևէ ունեցել ենք անկախությունից ի վեր:

Ընտրությունների միջոցով իշխանության գալը և բռնապետական կառավարում ներդնելն, ընդհանրապես, նորություն չէ պատմության առումով՝ այն ծագել է Հին Հունաստանի քաղաք-պետություններում (պոլիսներում): Իսկ նախորդ դարի 30-ականների սկզբին Ադոլֆ Հիտլերը իշխանության եկավ Գերմանիայում հենց ժողովրդավարական եղանակով: Պետության մեջ բռնապետի դերը ևս միանշան բացասական չի եղել՝ հենց նույն պոլիսներում բռնապետերը բարեփոխումներ են իրականացրել, զարգացրել իրենց քաղաքը: Նույն Հիտլերը ոտքի հանեց 1-ին համաշխարհային պատերազմում պարտված ու հաղթողների կողմից անընդհատ ստորացվող Գերամանիան: Սակայն մեր ժողովրդի բախտը չբերեց նաև այդ հարցում՝ ունենալով հսկայական ժողովրդական աջակցություն՝ Նիկոլը երեքամյա վարչապետության ընթացքում միայն վատնեց նախորդի ձևավորած զարգացման հիմքերը: Ժողովրդի անունով երդվող, նրան անընդհատ սիրո և խոնարհումի խոստովանություն անող Նիկոլը կամ դժբախտության բանբերը միայն դժբախտություններ բերեց հայաստանցիների ու արցախցիների օջախները՝ վերջիններին զրկելով նաև օջախներից: