Հայրենասիրության դասեր
Հայ ժողովրդի մտածողությունը բազմաթիվ առումներով, այո, դեֆորմացված է: Դա նորություն չէ, և դրա մասին խոսել են մեր մեծերը դեռևս 100 տարի առաջ: Դրա վկայությունը 2015 թ.-ին քաղաքագետ Արծրուն Պեպանյանի և իրավաբան Հրայր Թովմասյանի հրապարակած գրքույկն է «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» վերնագրով: Դրանում, ի դեպ, ընթերցողը կգտնի բազմաթիվ հետաքրքիր դիտարկումներ: Հայրենասիրությունն էլ այդ ասպեկտներից մեկն է: Մեր ժողովուրդն անհրաժեշտ պահին տալիս է թե՛ անձնազոհ կամավորների և թե՛ հայրենիքի մի մասը թշնամուն գիտակցված հանձնելու կողմնակիցների: Բացահայտվում է նաև անտարբերների հսկայական զանգված, որ չեզոք դիտորդի կարգավիճակով կարող է հետևել սեփական հայրենիքի կործանմանը: Եվ մեզ վիճակված է համարյա թե զրոյից կերտել հայրենիք այդ հավաքակազմով: Որի անդամներին միավորում է ընդամենը նույն պետության մեջ ծնված լինելու հանգամանքը: Իսկ բաժանում են բազմաթիվ երևույթներ՝ որոշներն էլ գեներացված երբեմնի «դուխով» Նիկոլի թամադությամբ:
Նախորդ պարբերության վերջին նախադասությունները գրելով՝ գիտակցեցի, որ երկրորդ անգամ պատասխանում եմ հայրենիքի և պետության միասնության վերաբերյալ փաշինյանական գաղափարին: Նախորդ անգամ հիմնավորել էի, որ մեր հայրենիքը հայ ժողովրդի ձևավորման աշխարհագրական տարածքն է՝ որում ինքը նաև պետություն է կազմավորել, որն այսօր այդ հայրենիքի ընդամենը 10 տոկոսն էլ չի կազմում: Այսօր հայրենիքի հերթական կտորը կորցնելուց հետո մենք պետք է, այո, ամրապնդենք մեր պետությունը: Բայց դա պետք է սկսվի ոչ թե դպրոցի մարզասրահի բաղնիքի «դուշից» կամ Սևանա լճի սիգ ձկան, այլ դաժան սառնամանիքին իրենց հանձնարարված դիրքերում պետության սահմանները պահող զինվորների նկատմամբ վերաբերմունքից: Եվ այն պետք է լինի առարկայական, բայց ոչ «մայկա-տրուսիկային» կամ «ելակային» բնույթի առարկայական: Այլ սահմանային դիրքերը պահող զինվորների համար տիպային կացարաններ կառուցելով և ոչ թե եղած գումարը որպես պարգևավճարներ հատկացնելով: Եվ կամ ամանորյա տոնակատարություն կազմակերպելու վրա ծախսելով: Չմոռանամ նշել նաև հայրենիքի համար զոհվածների հիշատակն ու նրանց հարազատների նկատմամբ մարդկային վերաբերմունքը:
Դա է, որ այսօր չի գիտակցվում ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի կողմից: Ե՛վ նրա ստորադասների, և՛ քաղաքացի կոչված բազմահազար անտարբեր անձանց կողմից: Որովհետև երբ նույն այդ քաղաքացին տեսնի, թե ինչպիսի վերաբերմունքով է շրջապատված սահման պահող նրա զավակը, եղբայրը կամ հայրը, ապա այն ժամանակ շատ ավելի արդյունավետ կլինի հայրենասիրության վերաբերյալ խոսակցությունը: Եվ այն գաղափարը, որ պատմական ամեն պահի մեր հայրենիքը մեր պետությունն է, կընկալվի ավելի սրտամոտ և ընդունելի: Ինչի շնորհիվ էլ կվերափոխվի դպրոցի մարզասրահի բաղնիքի «դուշը» ամրացնելու կամ 100 տարվա կտրվածքով սիգ ձուկ ունենալու առումով մոտեցումը: Այսինքն, պետության նկատմամբ հոգատար վերաբերմունքի ձևավորումն անհրաժեշտ է սկսել առանցքային և ոչ թե երկրորդական խնդիրներից: Որովհետև երբ վերջիններս են վերածվում առաջնահերթության, ապա կարող է առաջանալ այնպիսի իրադրություն, երբ բաղնիքի «դուշն» ու Սևանա սիգը 100 տարի անց ծառայեն ոչ թե մեր, այլ թշնամու սերունդներին: Այն թշնամու, որ չի էլ թաքցնում մեր պետությունը զավթելու առումով իր ագրեսիվ նկրտումները: Իսկ ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձն էլ դրան արձագանքում է ընդամենը պարտվողական խաղաղության գաղափարով:
Կարծիքներ