Մին էլ ըհը ձմեռը, փռեց իրա թևերը

Մին էլ ըհը ձմեռը, փռեց իրա թևերը

Ճպուռի, բզեզի նման օրով, կարճաժամկետ է ապրում, դատում այս իշխանությունը։ Լավ ամառ էր, թռի, վռի արեցին, կերան, կշտացան ու․․․մին էլ ըհը ձմեռը, փռեց իրա թևերը։ Ինչ ուտելու էր կերան, բայց քանի որ նրանք ճպուռից մի քիչ «վեր էին» , մնացածն էլ ծախեցին, որ նեղ օրով մի տեղ «թռնեն ու ապրեն»։ 

Ճպուռային ու բզեզային այս իշխանությունը մի բան էր մոռացել, որ իրենց պարսից, խմբից դուրս գոյություն ունի երկիր, պետություն, ժողովուրդ, որոնց առաջ իրենք պատասխանատվություն են ստանձնել։ Նրանց պարսը կամ խումբը այսօր որոշեց, որ Հռոմի ստատուտը ՀՀ ազգային ժողովում վավերացնել։ Թե ինչ հետևանքներ կարող է ունենալ այն իրենց պարսից դուրս, դա իրենց հետաքրքիր չէ։ Իրենց հետաքրքիր չէ, թե ձմեռվա շեմին մի ողջ ժողովուրդ կարող է հայտնվել ցրտահարության շեմին՝ եկան օրեր ցրտաշունչ, քաղցած փորին էլ ի՞նչ երգ։ Իրենք մոռացված ժողովրդին առանց այլընտրանքի թողնում են բախտի քմահաճույքին, ինչպես 120 հազար արցախցու թողեցին բախտի քմահաճույքին։ Լավ էլ ստացվում է, շատերը հավատում են նրանց ծղրիդային, ճպուռային երգերին, խոստումներին ու սպասում են, որ մեծ ճպուռը կընկնի մեկի ոտքերը՝  էլեկտրականություն, հաց  ու գազ կմուրա, կասի․ 
Գլխիդ մատաղ,
Սանամե՛ր,
Մի ճա՛ր արա
Շունչ առնեմ,
Ցրտից, սովից
Չմեռնեմ:
Կերակրի՛,
Տաքացրու՛,
Մինչև գարուն
Ապրեցրու:
Ոչ մեկը ճպուռային խմբին չի լսի, քանի որ բոլորն էլ տեղյակ են, որ նրանք ողջ ամառ թռի- վռի են արել, եղածն էլ ծախել ու սպասում են «թռնելու հրահանգի»։  Համառ մրջյունի նման կասեն՝ 
Երգո՞ւ մ էիր...
Շատ բարի,
Այժմ էլ բռնի
Վեր-վերի,
Քամին ծափ տա,
Դու պարի՛:

Առհասարակ ճպուռներն արագաշարժ են և իրենց զոհին որսում են թռիչքի ժամանակ։ Անգամ «թռնելու պահին» նրանք խժռելու են  իրենց զոհերին։ Անչափ շատակեր են ու անհագ։ Նրանք համարվում են գիշատիչ միջատներ։ Ժողովրդի կողմից ստեղծված ճպուռային պատմությունները նույն ավարտն ունեն։ երբ գալիս է ձմեռը, բզեզն ստիպված է լինում մրջյունից կեր խնդրել, և այս անգամ նա է ստիպված լինում լսել մրջյունի խրատը.«Ա՛յ ճպուռ, եթե այն ժամանակ ինձ կշտամբելու փոխարեն աշխատեիր, հիմա դու սովից չէիր սատակի»։ Ճպուռը միշտ մեղավորներ է փնտրում, որ կշտամբի։ Դա էլ մտած մեր բանահյուսության մեջ։ Այս իշխանությունը իրենից դուրս բոլորին կշտամբելու, մեղավորներ փնտրելու մեջ անգերազանցելի ճպուռ է։