Տնային կենդանիներ պահելու տուրքը ամրագրված է օրենքում. թաղապետ

Տնային կենդանիներ պահելու տուրքը ամրագրված է օրենքում. թաղապետ

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Գեւորգ Բաբայանը նշում է, որ տնային կենդանիներ պահելու համար տուրքը սահմանված է օրենքով. «Տնային կենդանիներ պահելու համայնքային տուրքը գանձելու մասին ծանուցումները հարուցել են հանրության որոշ մասի աշխույժ քննարկումները, ինչի վերաբերյալ ցանկանում եմ տալ հետեւյալ  պարզաբանումը.

Տնային կենդանի պահելու տեղական տուրք սահմանելու պահանջն ամրագրված է «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում, որի 12 հոդվածի 13 կետը տուրքի չափ է սահմանում 5000 ֏-ը։ Օրենքը գործող խմբագրմամբ ընդունվել է 2016 թվականին։ 

Մինչ օրս տուրքը փաստացի գանձվել է ոչ պարտադրաբար, սակայն, եթե քաղաքացին պատրաստակամություն է հայտնում վճարում կատարել, ապա մենք պարտավորված ենք նրան տալ հաշվեհամար օրենքով իր պարտավորությունները կատարելու համար։

Վերջին օրերին քաղաքացիներին ուղարկել ենք ընդամենը երկու ծանուցում տուրքը գանձելու մասին։ 
Մի դեպքում ոստիկանության՝ մեզ ուղղված գրութան հիման վրա կազմվել է արձանագրություն, քաղաքացին ընդունել է իր պարտավորությունը և հետագա վճարումներ կատարելու համար պահանջել գրավոր ծանուցագիր, երկրորդ դեպքում էլ՝ 30.10.2018 թվականից առկա է քաղաքացուց պարտավորագիր, որով նա ինքնակամ պարտավորվել է վճարել այդ տուրքը։

Թեև ամեն ինչ արվել է օրինականության սահմաններում, այս պահին այլեւս ծանուցումներ չեն ուղարկվում և չեն ուղարկվելու, մինչև հարցը մանրամասն կարգավորում չստանա»։