Կրթաթոշակների հարցը քննարկվում է 

Կրթաթոշակների հարցը քննարկվում է 

Երաժշտական դպրոցների սաներին տրվող կրթաթոշակներն այս տարվա հունվարից դադարեցվել են, թե որն է պատճառը, խմբագրություն զանգահարած ծնողներից մեկը դժվարացավ ասել՝ նշելով, որ մոտ 5 հազար դրամի չափ տրվող կրթաթոշակը թեպետ անգամ տրանսպորտի ծախսը չէր հոգում, բայցեւայնպես, մոտիվացնող գործոն էր երեխաների համար։ 

Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ այս պահին հարցի քննարկումն աշխատանքային ընթացքի մեջ է, ուստի վերջնական պատասխան չի կարող տալ։ «Տեսնենք վերջում ինչ կստացվի, որովհետեւ վերջնական դեռ չի հայտարարվել, որ այս ծրագիրը փակվում է։ Ստեղծման օրվանից սաները միշտ ստացել են այդ թոշակը, ֆիքսված թվաքանակ կար՝ նախարարությունից եկած հրամանով, որը ստանում էին ավագ դպրոցի 10, 11, 12-րդ դասարանների երեխաները»,- ասում է Կոստանդյանն ու նշում, որ մոտավորապես 130-135 հոգի էին ստանում այդ կրթաթոշակը։ Դպրոցի տնօրենը չգիտի, թե պատճառը որն է, ենթադրում է՝ գուցե ֆինանսների բացակայության հետ է կապված։ 

Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Վարազդատ Խաչումյանն ասաց, որ իրենց դեպքում չկա նման որոշում․ «Մենք նման հրաման չունենք,  կրթաթոշակների հարցը նորմալ է, ավելին՝ ֆինանսավորումն արդեն կա եւ տրվում է ըստ առաջադիմության՝ բարձր գնահատական ունեցողներին»։ 1-ին, 2-րդ, 3-րդ կուրսեցիները կրթաթոշակը ստանում են ամբողջ ուսումնական տարվա համար, իսկ 4-րդ կուրսեցիները՝ ըստ կիսամյակների։ Կրթաթոշակ ստանում են ոչ միայն լավ ու գերազանց սովորողները, այլ նաեւ բարձրլեռնային գոտում ապրողները, սահմանամերձ շրջանի երեխաները, ընդհուպ՝ եթե լավ ու գերազանց առաջադիմություն չունեն։ Երաժշտական քոլեջում, ընդհանուր առմամբ, 166 հոգի է ստանում կրթաթոշակ, որը կազմում է 4 հազար 750 դրամ։