Հասկացան, որ Պաբլո Էսկոբարը չեմ, գործը կարճեցին

Հասկացան, որ Պաբլո Էսկոբարը չեմ, գործը կարճեցին

Անցած տարվա հոկտեմբերին ՆԳՆ պարեկային ծառայության աշխատակիցները՝ թմրանյութ օգտագործելու եւ պահելու կասկածանքով, Երեւանի Մինսկի փողոցից բերման էին ենթարկել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով պրոռեկտոր Սահակ Մանուկյանին եւ բուհի դասախոս Հակոբ Մադոյանին։ Ըստ հաղորդագրության՝ նշված անձինք թմրանյութ պահելու եւ օգտագործելու կասկածի առկայության հիմքով պարեկների կողմից ձերբակալվել եւ տեղափոխվել էին ոստիկանության բաժին, իսկ դեպքի փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ:

Բրյուսովի անվան համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Սահակ Մանուկյանն ասում է` քանի որ անհիմն էր ձերբակալությունը, հարուցված քրեական գործը կարճվեց, ընդ որում` շատ արագ. «Ուղիղ 2 ամիս հետո` դեկտեմբերի 19-ին, գործը կարճվեց, իսկ կարճման հիմքում դրվեց ինձ մեղսագրվող արարքը կատարած չլինելու պատճառաբանությունը, որովհետեւ երբեմն կարճում են ապացույցների անբավարարության հիմքով: Սա նշանակում է, որ վարույթ իրականացնող մարմնի մոտ անգամ կասկած չի առաջացել իմ եւ Հակոբ Մադոյանի կողմից այդ արարքը կատարելու վերաբերյալ, որովհետեւ մեզ անգամ սուբյեկտ չեն դիտարկել, իսկ սա էլ նշանակում է, որ ոչ մի արարք էլ չենք կատարել: Երեւի իրավապահ համակարգը հասկացավ, որ չի կարող շարունակել այս ծաղրուծանակը, եւ արագ կարճեց այս գործը` հասկանալով, որ չեմ կարող Պաբլո Էսկոբար լինել: Որովհետեւ այն մեղադրանքը, որ ներկայացրել էին, մի քիչ էլ աղերս պիտի ունենար իրականության հետ: Նույն տրամաբանությամբ ու նույն հիմքով նաեւ Հակոբ Մադոյանին վերագրվող արարքը կատարված չլինելու հիմքով կարճվեց»:  

Ս. Մանուկյանը վստահ է, որ այս ամենը մի նպատակ էր հետապնդում` իրենց վարկաբեկելու. «Որպեսզի խոսքդ դառնա անարժեք ու ոչ ծանրակշիռ: Օրինակ, եթե ես իմանամ, որ մեկը թմրանյութ իրացնող է, բայց կանգնում խոսում է կրթական համակարգի օպտիմալացման դեմ, ես կասեմ` սա լուրջ մարդ չէ: Այսինքն՝ իրենց բուն նպատակը կանխատեսելի էր ու էժան»: 

Ս. Մանուկյանն այս տարվա հունվարից այլեւս չի աշխատում Բրյուսովի անվան համալսարանում։ Ո՞րն է պատճառը։ Ասում է. «Ես ուզում էի ավելի շուտ դուրս գալ, բայց քանի որ ինձ համար սկզբունքային հարց էր, որ ոչ թե պիտի հեռանամ համալսարանից` քրեական գործը շալակած, այլ պիտի հասնեմ նրան, որ արդարացվեմ, նոր գնամ, հապաղումս զուտ պայմանավորված էր դրանով: Երբ դեկտեմբերին հասա նրան, որ արդարացվեցի, ես դրանից հետո հունվարին դիմում գրեցի ու աշխատանքից ազատվեցի իմ սեփական դիմումի համաձայն»: 

Այդուհանդերձ, ո՞րն էր ազատման դիմում գրելու պատճառը։ «Չէի ուզում այլեւս աշխատել, որովհետեւ այն կառավարումը, որ իրականացվում է բուհում, տանում է մեխանիկորեն բուհի փակմանը: Այսինքն՝ բուհի կենսունակությունն այն տիպի է թուլացել, որ այլեւս բուհն ի վիճակի չի լինի այս մրցակցային հարթակում իր խոսքն ասել, իսկ իմ աշխատած տարիներին Բրյուսովը բուհական համակարգում, ուսանողների ընդունելության քանակով 2-րդ, 3-րդ տեղն էր զբաղեցնում: Լինելով փոքր բուհ՝ կարողանում էր հսկաների հետ մրցակցել եւ այդ մրցակցությունում զբաղեցնել բարձր հորիզոնականներ, ինչը նաեւ նախկին ռեկտոր Կարինե Հարությունյանի աշխատանքի շնորհիվ էր, բայց ռեկտորի մրցույթում հաղթողին չթույլատրելով, որ զբաղեցնի իր պաշտոնը, այդ պաշտոնում նշանակեցին պարտվող թեկնածուին: Իսկ նա էլ կա՛մ կարողությունների պակասի պատճառով, կա՛մ դիտավորությամբ բուհը տանում է մեխանիկական փակման, որովհետեւ այնպիսի կադրային նշանակումներ էին կատարվում, որոնք ամենամեծ ցանկության դեպքում անգամ չէին կարող արդարացնել, քանի որ նրանց ո՛չ գիտելիքը, ո՛չ փորձը, ո՛չ կարողությունը չէր բավականացնի՝ հանրային նշանակություն ունեցող այդ կրթական հաստատությանն օգտակար լինել»: