Եվրակտեր՝ եվրափախստական դառնալ երազող մարդկանց համար

Եվրակտեր՝ եվրափախստական դառնալ երազող մարդկանց համար

Փաշինյանը հետեւողականորեն Հայաստանը տանում է Ռուսաստանի հետ առճակատման ուղիով, բայց նրան հետաքրքրում են ոչ թե այդ առճակատման բացասական հետեւանքները, այլ իր իշխանության երկարաձգումը: Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու միֆը փչելը եւս մի միջոց է՝ բռնազավթված աթոռին երկար մնալու համար: Կառավարության վերջին նիստում Փաշինյանը, անդրադառնալով Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւին, ասում էր․ «Սա եւս մեկ առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի ապագայի տեսլականը, եւ հույս ունեմ, որ ՀՀ քաղաքական ուժերը, ՀԿ-ները, հանրության տարբեր շերտեր, քաղաքացիներ վերաբերմունք կարտահայտեն եվրոպական խորհրդարանից հնչող այս ուղերձի վերաբերյալ, որովհետեւ նման ուղերձներն ունեն շատ ավելի լայն արձագանքի կարիք, քան կառավարությունը կամ խորհրդարանական մեծամասնությունը»:

Եվրախորհրդարանն այդ բանաձեւով աջակցություն էր հայտնել Հայաստանի եւ ԵՄ-ի հարաբերությունների սերտացմանը, բայց դա ոչինչ չասող եւ չտվող փաստաթուղթ է, որեւէ իրավական ուժ չունեցող: Այն ավելի շատ քարոզչական բնույթ ունի, որ այդ թուղթը թափահարելով՝ ՀՀ իշխանությունը եւ նրան կից ուժերը կարողանան ասել, թե, տեսեք, ԵՄ-ն պատրաստ է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել, սերտացնել, որի համար մենք պետք է հրաժեշտ տանք ԵԱՏՄ-ին եւ Ռուսաստանին:

Ինչո՞ւ է Փաշինյանը խոսում հանրային լայն արձագանքի մասին, ինչո՞ւ է ակնկալում հանրային արձագանք, որի արդյունքներն արձանագրելու համար հնարավոր է, որ նույնիսկ հանրաքվե կազմակերպի` «ուզո՞ւմ եք Հայաստանը մնա ԵԱՏՄ կազմում, թե՞ դուրս գալով այդ կառույցից՝ բռնի եվրաինտեգրման ուղին» թեմայով: Փաշինյանը մտածում է, որ միջին վիճակագրական հայ մարդը միանգամից ընտրություն կկատարի հօգուտ ԵՄ-ի՝ համարելով, որ ԵՄ-ին անդամակցությունը միանգամից կբերի բարգավաճում եւ զարգացում: Հայ մարդկանց մի հսկայական մասը պատրաստ է հենց այսօր փախստականի կարգավիճակ ստանալ ԵՄ որեւէ երկրում, ուղղակի, տարբեր հանգամանքների բերումով, չի կարողանում հայտնվել ԵՄ տարածքում: Նրանց թվում է, որ եթե վիզաների ազատականացման ռեժիմ մտցվի, ապա դա հնարավորություն կտա անարգել հայտնվել ԵՄ տարածքում եւ դառնալ «եվրոպացի», ապրել փախստականի կուշտ ու ապահով կյանքով: 

Արտաքին քաղաքական կուրսի փոփոխության վրա խաղալով՝ Փաշինյանը հույս ունի ստանալ եվրաինտեգրացիայի կողմնակիցների աջակցությունը` ես Հայաստանը տանում եմ Եվրոպա, եթե դուք աջակցում եք այդ կուրսին, նշանակում է՝ աջակցում եք ինձ եւ իմ իշխանությանը, իսկ իմ դեմ հանդես եկող, իմ պաշտոնանկությանը ձգտող ուժերն ուղղորդվում են Ռուսաստանից, որը ցանկանում է թույլ չտալ Հայաստանի պոկվելն այդ հնացած եւ խորտակվող նավից, նրանք ուզում են, որ մենք էլ ռուսական նավի հետ խորտակվենք: Հօգուտ ԵՄ անդամության դրական արձագանքի միջոցով Փաշինյանը փորձելու է վերականգնել իր հանրային լեգիտիմությունը, մի բան, որը նա եւ նրա իշխանությունը կորցրել են Արցախը հանձնելու եւ Հայաստանի անվտանգությունը ոչնչացնելու արդյունքում: Ես չեմ զարմանա, որ Փաշինյանը Հայաստանի եվրոպական ինտեգրացիան, որպես մեր երկրի հեռահար նպատակ, մտցնի նոր Սահմանադրության մեջ եւ փորձի այդ միջոցով այն անցկացնել: Անկախության հռչակագրից, Արցախից ու ցեղասպանության ճանաչումից հրաժարվում ենք՝ հանուն եվրոպական ինտեգրացիայի: Ի՞նչ վատ կուտ է որ:

ԵՄ-ին անդամակցելու այս խաղը Փաշինյանի համար ունի տակտիկական նշանակություն՝ հասարակությանը համախմբել այդ գաղափարի շուրջ եւ դրանով երկարաձգել իր իշխանությունը: Նա բոլորից լավ է հասկանում, որ Հայաստանը չի կարող հույս ունենալ, որ մի օր կանդամակցի ԵՄ-ին, եւ ՀՀ քաղաքացիներն էլ կդառնան «եվրոպացի»: Գիտի, որ ԵՄ-ն Հայաստանի առաջ այնպիսի նախապայմաններ է դրել՝ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, որն ինքը երբեք չի կարողանալու իրականացնել: Եվրոպացի չինովնիկները, որոնց Փաշինյանը մի ժամանակ «եվրոյոնջա» էր անվանում, եւս գիտեն, որ, չնայած Հայաստանի իշխանության բոլոր ջանքերին, նրան չի հաջողվելու Հայաստանից հանել ռուսական սահմանապահ զորքը եւ ռուսական ռազմաբազան: Երբ խոսք է գնում Հայաստանի արտաքին կողմնորոշման փոփոխության մասին, Ռուսաստանի իշխանության բազմաթիվ ներկայացուցիչներ նախ հայտարարում են, որ հարգում են Հայաստանի ինքնիշխան որոշումը, բայց ավելացնում են, որ Հարավային Կովկասն իրենց աշխարհաքաղաքական շահերի տիրույթում է, եւ իրենք այստեղից հեռանալու մտադրություն չունեն: Չնայած Հայաստանի խնդրանքին կամ պահանջին, որ Ռուսաստանը հեռանա, նրանք պատասխանելու են, որ մտադիր են շարունակել իրենց անշահախնդիր ծառայությունը «եղբայրական եւ բարեկամ հայ ժողովրդին», եւ Հայաստանը դրան հակադրվելու ոչ մի ռեսուրս չունի:

Ռուսաստանը Հայաստանից դուրս կգա միայն մի դեպքում, եթե կամ երբ պարտվի Ուկրաինայում եւ հրաժարվելով իր կայսրական հավակնություններից՝ այլեւս ո՛չ ուժ կունենա, ո՛չ էլ իմաստ կտեսնի Հայաստանը պահելու մեջ: Բայց դա դժվար թե տեղի ունենա, ավելի քան հավանական է, որ մենք առաջիկայում ականատես կլինենք տեխնոլոգիական եւ տնտեսական իմաստով հետընթաց ապրող Եվրամիության փլուզմանը: Միացյալ Նահանգները, հրահրելով եւ կազմակերպելով ռուս-ուկրաինական պատերազմը, հիմա ձեռքերը լվացել են այդ պատերազմից՝ Եվրոպային միայնակ թողնելով Ռուսաստանի դեմ: Որքան Եվրոպան ավելի մեծ ջանք է գործադրում Ուկրաինային օգնելու եւ Ռուսաստանին հաղթելու համար, այնքան ավելի է խրվում պատերազմի մեջ, այնքան ավելի է թուլանում: ԵՄ-ն վերջնականապես կփլուզվի այն ժամանակ, երբ ԵՄ որոշ երկրներ փորձեն տարանջատվել պատերազմից եւ դրա պարտության պատասխանատվությունից: Այդ ժամանակ Հայաստանի եվրոպական ձգտումները կջրվեն:

Բայց մինչ այդ պահը, Փաշինյանը, ԵՄ-ին անդամակցելու գաղափարը շահարկելով, կկարողանա երկարաձգել իր իշխանությունը՝ եվրակտերով կերակրելով հասարակության՝ եվրափախստական դառնալ երազող հատվածին:

Ավետիս Բաբաջանյան