Նիկոլ, հասել ենք, իջիր

Նիկոլ, հասել ենք, իջիր

ՀՀ իշխանությունները և հատկապես Նիկոլ Փաշինյանը ընդդիմությանը հաճախ են մեղադրում Ադրբեջանի խոսույթը օգտագործելու և ըստ այդմ իրենց քննադատելու մեջ: Դուք փոխանակ մեր խոսույթն օգտագործեք, Ադրբեջանի խոսույթն եք օգտագործում… Կարող է տպավորություն ստեղծվել, որ ՀՀ իշխանությունների և հատկապես Նիկոլ Փաշինյանի խոսույթը 180 աստիճանով տարբերվում է Ադրբեջանի և հատկապես Ալիևի խոսույթից: Ախր դրանք գրեթե նույն բանն են, մեկը մեկին կրկնում են միմյանց: Մաներայի հարց է ընդամենը:

Նույն խոսույթը Նիկոլը բարբառում է հատուկ կեցվածքներ ընդունելով՝ ճղճղալով, քիթ, ականջ, հետույք քորելով, խոսքին ծաղրի ու սպառնալիքի երանգներ հաղորդելով, աչքերը ոլորելով, մինչդեռ Ալիևը նույն բանն ասում է ուղիղ, այսինքն՝ դուզ և շատ ավելի ընկալելի: Եվ, ամենացավալին՝ ակնհայտ է, որ սկզբնաղբյուրը Ալիևն է և ոչ թե Նիկոլը: Նիկոլը վերցնում է Ալիևի ասելիքը, բարձրաձայնված կամ դեռ չբարձրաձայնված, և դերասանական խաղերով ներկայացնում մեզ՝ որպես սեփական մտքի արգասիք: Իսկ վերջում էլ ստացվում է, որ նրանք ըստ էության նույն բանն են ասում, ասես՝ պայմանավորված, ինչպես ժողովուրդը կասեր՝ «իրար բերան թքած»: Հիշեք՝ «Տեղ գյուղից այնկողմ սկսվում է Ադրբեջանը», «Հայաստանի ամենաբարձր կետը Արագածն է», «Հայաստանի տարածքը 29,8-ից փոքր է», «ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի»… Սրանք բաներ են, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է կամ Ալիևի թելադրանքով, կամ նրա հետ պայմանավորված: Այլապես ինչպե՞ս կարող էր «Արցախը Հայաստան է և վերջ» ճչացող Փաշինյանը այնքան փոխվել, որ Պրահայում Արցախը ճանաչեր Ադրբեջանի ինքնիշխանության տարածք: Ի՞նչ սահմանազատման ու սահմանագծման մասին է խոսքը: Ոչինչ էլ չկա:

Նիկոլը պարզապես տալիս է հերթական տարածքները, որոնք ըստ Ալիևի խոսույթի «Արևմտյան Ադրբեջանի» մաս են: Թե բա՝ ճանապարհը մի քիչ այսպես կկառուցենք, որ կարողանանք գնալ Վրաստան… Խելքիդ ձյուն գա… Փոխանակ կռիվ տա հայկական հողի համար, լեզվին է զոռ տալիս, համոզում, որ Ալիևը ճիշտ է: Սա ի՞նչ բան է: Հետո էլ զարմանում են, թե որտե՞ղ են իրենք սխալվել, ի՞նչն այնպես չեն արել: Վեր կենամ, ռադս քաշե՞մ… Այո, հենց վեր կաց ու ռադդ քաշիր: Դու սխալվել ես քո մնալով, դու սխալվել ես, որ կապիտուլյացիա ստորագրելու նախորդ օրը ինքնասպան չես եղել կամ մեկ օր առաջ ռադդ չես քաշել: Թե բա հրաժարական տվեցի… Սուտ ես ասում: Նախ դա ուշացած հրաժարական էր, և ապա՝ դու 21թ. ընտրություններին վարչապետի պաշտոնակատար ես եղել, ոչ թե հրաժարական տված կապիտուլյանտ:

Բայց կրկին գանք Նիկոլ-Իլհամ խոսույթի թեմային: Ալիևը նոր հայտարարություն է արել, որ նորություն է բացառապես ադրբեջանի և միջազգային հանրության համար: Մենք այդ հայտարարությունը, սակայն, լսել էինք ավելի վաղ՝ Նիկոլի շուրթերից: Տարիներ առաջ Նիկոլն ԱԺ-ում հայտարարեց՝ եթե չպատերազմեինք էլ, ունենալու էինք այսօրվա վիճակը, միայն թե առանց զոհերի: Իսկ հիմա կարդանք Ալիևի՝ «Վերականգնել ճեղքված աշխարհը» թեմայով Բաքվի XI գլոբալ ֆորումում արած հայտարարությունը. «Խնդրի ռազմական լուծումից խուսափել հնարավոր էր: Համաձայնության գալու շանս կար 2018-ին, երբ Հայաստանում իշխանություն փոխվեց։ Հետո Հայաստանի նոր կառավարությունից հավաստիացումներ ստացանք, որ իրենք կգործեն միջազգային իրավունքին համապատասխան, և տարածքները կվերադարձվեն։ Նման ակնկալիքներ ունեինք։ Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի»։ Ի՞նչ է ստացվում:

Փաստորեն Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության, առաջին բանը որ արել է, Ալիևին խոստացել է վերադարձնել տարածքները: Սա պետք է համարել Փաշինյանի վարած բանակցությունների սեփական կետը: Բայց հետո, ինչպես Ալիևն է ասում, ՀՀ իշխանություններն իրենց ճիշտ չեն պահել, վիժեցրել են Ադրբեջանի հետ հարցի խաղաղ կարգավորումը և գործը հասցրել պատերազմի: Արդյոք Նիկոլը նույն բանը չէր խոստովանում, երբ ասում էր, որ տարածքներն այսպես թե այնպես տալու էինք և ունենալու էինք նույն վիճակը, միայն թե առանց զոհերի:
44-օրյա պատերազմից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանին անվանեց ազգակործան պատուհաս: Քրեական օրենսգրքի տրամաբանությամբ դա նշանակում է՝ «գնդակահարության արժանի ապրանք»: Կա այդպիսի հոդված պետական դավաճանության համար: Բայց այնպես էլ չէ, որ տարածքների վերադարձի մասին Փաշինյանի և Ալիևի 2018թ. պայմանավորվածությունները պատահական են եղել: Փաշինյանը մի առիթով «ծակվել» էր, որ երբ ինքը եկավ իշխանության, նույն թվականի ամռանը (հունի՞ս, թե հուլիս, չեմ հիշում) այցելել է Լևոն Տեր-Պետրոսյանին, որ իրեն ասել է՝ դե Նիկոլ ջան, հողերը պիտի տաս: Նիկոլը, բնականաբար, համաձայնել է ու հենց դա էլ դարձրել Արցախի հարցով բանակցությունների «իր սեփական» կետը: Իսկ թե ինչու Ալիևի հետ պայմանավորված Նիկոլը հանկարծ իրեն այնպես չպահեց, ոչ Տեր-Պետրոսյանը և ոչ էլ ես, չենք կարող ասել, թեև երկուսս էլ գիտենք, որ հողերն առանց սակարկության Ադրբեջանին տալն արդեն իսկ դավաճանություն էր, քանզի դրանից հետո Արցախը չէր փրկվելու և ոչ մի պարագայում: Նիկոլը, ամենայն հավանականությամբ վերջին պահին է սա հասկացել և որոշել է «թռնել» Ալիևի հետ պայմանավորվածություններից, ինչն էլ արդեն գիտենք, թե ինչով ավարտվեց:

Ալիևի վերջին խոսույթում նաև այսպիսի նախադասություն կա. «Եթե այն ժամանակ Հայաստանի նոր իշխանությունը նախընտրեր իրեն պահել այնպես, ինչպես հիմա, ապա մեր ինքնիշխանության հարկադիր վերականգնման կարիքը չէր լինի»: Ես այս միտքը հասկանում եմ յուրովի՝ Նիկո՛լ, տեղ հասանք, իջի՛ր: Ահավասիկ Ալիևն ասում է, որ քո պատճառով է եղել այս ամենը; Այ ազգակործան պատուհաս, սա նշանակում է, որ դու պետք է պատասխան տաս տեղի ունեցածի համար, որ դու ես հազարավոր զոհերի ու խայտառակ տարածքային կորուստների մեղավորը: Եվ գլխիկոր ռադդ քաշելու փոխարեն դու հիմա այդ ինչո՞վ ես զբաղված, ինչպե՞ս ես քեզ պահում, որ Ալիևն այդքան գոհ է քեզնից, ասում է՝ այ եթե այն ժամանակ Նիկոլն իրեն պահեր այնպես, ինչպես հիմա… Դա ո՞րն է, նոր տարածքներ հանձնե՞լը, Հայաստանն «Արևմտյան Ադրբեջան» դարձնե՞լը: Ու եթե հիմա էլ քեզ լավ չպահես, Ալիևը քո դեմ նոր կոմպրոմատներ է դնելու: Բաքվի բանտում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հարցազրույցների մասին լսել ես, կարծեմ: Դրանք, ըստ Ադրբեջանի խոսույթի, հրապարակվելու են մարտի 28-ին: Կարող ես համարել, որ Ալիևը քեզ «խոհեմ գտնվելու» և ՀՀ սուվերեն նոր տարածքներից հրաժարվելու ժամանակ է տվել:

Իսկ գուցե, այնուամենայնիվ, բարեհաճես հրաժարական տալ ու վերջնականապես չխայտառակվե՞ս գնդակահարության պատի տակ կանգնելուց առաջ: