Հրով լինի, սրով լինի՝ իշխանությունն իր թեկնածուի հաղթանակն ապահովելու է

Հրով լինի, սրով լինի՝ իշխանությունն իր թեկնածուի հաղթանակն ապահովելու է

Շաբաթներ առաջ, Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը հայտարարել էր բաց մրցույթ՝ ռեկտորի պաշտոնի համար: Ինչպես տեղեկացանք հոգաբարձուների խորհրդի քարտուղարից, մրցույթին մասնակցելու համար մեկ հոգի է դիմել եւ այդ մեկը` հենց ռեկտորի ԺՊ Դավիջ Գյուրջինյանն է, ով արդեն մեկ տարի իրականացնում է ռեկտորի ԺՊ-ի պարտականությունները: 

Հիշեցնենք, որ Բրյուսովի անվան համալսարանի շուրջ չհանգուցալուծվող թնջուկը ձգվում է արդեն մեկ տարուց ավելի․ 2022թ-ի դեկտեմբերին վերընտրված, բայց իշխանությունների կողմից չնշանակված ռեկտոր Կարինե Հարությունյանին համալսարանից դուրս թողնելուց հետո իշխանությունները մի քանի ամիս անց պարտված թեկնածու Դավիթ Գյուրջինյանին նշանակեցին համալսարանի ռեկտորի ԺՊ։ Դրան հաջորդեցին նաեւ ընտրությունների արդյունքները վիճարկող մի քանի դատական հայցեր: Այս առումով, նոր մրցույթի հայտարարությունը շատերին զարմացրեց, քանի որ նախորդ մրցույթի արդյունքները դեռ վիճարկվում են դատարանում, իսկ համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտորի նոր մրցույթ է հայտարարում, որը տեղի է ունենալու մարտի 29-ին, ժամը 11:00-ին, Բրյուսովի անվան համալսարանում:

Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսումնագիտական աշխատանքների հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանը, ով, համաձայն համալսարանի ռեկտորի ԺՊ Դավիթ Գյուրջինյանի հրամանի, անցած տարվա նոյեմբերի 9-ին ազատվեց աշխատանքից, ռեկտորի նոր մրցույթը համարում է` կրկես կամ շոու. «Մի հոգաբարձուների խորհուրդ, որ վերից վար ապօրինի է` ժամկետների, դասախոսական, ուսանողական կազմի ձեւավորման խախտումներով, նաեւ` ճնշումներով, որովհետեւ կային մարդիկ, որ դիմել էին հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու համար, բայց ճնշումներ գործադրելով ստիպել էին այդ մարդկանց հետ վերցնել իրենց դիմումները: Այդ ժամանակ ես դեռ աշխատում էի համալսարնում, երբ այդ գործընթացն էր ընթանում: Օրինակ խորհրդի կազմում դեկանի աղջիկ է ընդգրկված, որը ակնհայտորեն ինքն իրենով շահերի բախում է: խորհրդի կազմում է ընդգրկվել վաղամեռիկ Արմեն Գրիգորյանի գործով հիմնական վկայությունը տված Լալիկ Խաչատրյանը՝ Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի եւ դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, Գյուրջինյանի մտերիմ ընկեր, որի ցուցմունքի հիման վրա էին ձերբակալել Արմեն Գրիգորյանին: Լեզվի կոմիտեի իր նախկին տեղակալը, որը խոսակցությունների համաձայն շուտով պրոռեկտոր կնշանակվի, ինչը էլի շահերի բախում է: Սա այն կրկեսն է, որին մասնակցելու ցանկություն ես չունեի»:

Ց. Ակոպյանն ասում է` այս ընթացքում իր բազմաթիվ գործընկերներ, ուսանողներ հորդորել են դիմել Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրության համար հայտարարված մրցույթին, բայց չի ցանկացել մաս կազմել շոուի եւ դրանով լեգիտիմացնել ռեկտորի ԺՊ-ի ընտրվելու գործընթացը. «Ճիշտ է, գայթակղությունը մեծ էր անձամբ մասնակցել «հոգաբարձուների խորհրդի» նիստին, սեփական աչքերով տեսնել եւ սեփական ականջներով լսել բուհական ոլորտի կառավարման մեծագույն մասնագետ Դավիթ Գյուրջինյանի ելույթը, հարցեր տալ նրան, թե ինչպես է պատկերացնում բուհի ապագան, այն դեպքում, որ նախարարությունն արդեն հրապարակեց միավորվող բուհերի ցանկը: Սակայն, ես ընդհանրապես չեմ հասկանում այս կրկեսի իմաստը, եթե 1-2 տարի հետո համալսարան չի լինելու, ինչու՞ են ամեն գնով` խախտելով օրենքը, խախտելով մարդու ընտրված լինելու իրավունքը, նկատի ունեմ` նախկին ռեկտոր` Կ. Հարությունյանին, գնում այդ քայլին»,-նշում է Ակոպյանը:

Բրյուսովի համալսարանի աշխատակազմի կառավարման եւ տնտեսական հարցերով արդեն նախկին պրոռեկտոր Սահակ Մանուկյանի կարծիքով էլ, միայն մեկ թեկնածուի առաջադրումը նշանակում է, որ մարդիկ չեն հավատում մրցակցային ընտրություններին. «Միգուցե առաջադրված թեկնածուի համար լավ է, որովհետեւ ինքը մրցակից չունի, բայց այդ մրցակից չունենալը զրկում է իրեն մրցակցությունից: Թվում է` ինքը մրցակցությունից դուրս է, բայց իրականում ինքը հայտնվել է լուսանցքից դուրս, որովհետեւ այս իրավիճակում ոչ ոք չի դիմել, ոչ թե նրա համար, որ խանգարել է` իր շատ տաղանդավոր կառավարիչ լինելու հանգամանքը, եւ որ չէին կարող իր հետ մրցակցել, այլ ընդամենը մարդիկ հասկանում են, որ հրով լինի, սրով լինի իրենք իրենց թեկնածուի հաղթանակը ապահովելու են: Մենք դրա դառը փորձը ունենք, ուղիղ մեկ տարի առաջ այդ իրադարձությունները տեղի ունեցան Բրյուսովում, երբ 12/8 ձայների հարաբերակցությամբ պարտված թեկնածուն նշանակվեց ռեկտորի ԺՊ-ի պաշտոնում: Եվ այս պարագայում, անկեղծորեն ես տխրում եմ, որ ինքը չունի մրցակից, որովհետեւ ինչքան լավ էր, որ ինքը եկավ, առաջադրեց իր թեկնածությունը, մրցակցութուն տեղի ունեցավ, մարդիկ իրենց ծրագրերը ներկայացրեցին, եւ տեղի ունեցավ մրցակցային, արդար ընտրություն եւ մարդիկ հասկացան, որ գործող ռեկտորը ունակ է, կարող է եւ գործով ու փորձով է ապացուցել, որ ինքը բուհը զարգացնող անձ է: Դրա համար էլ կողմ քվեարկեցին իր ծրագրին, ժողովրդավարական պետությունը հենց այդպիսին է լինում, որ անգամ կառավարության թեկնածուն կարող է պարտվել: Իսկ արդյունքում կհաղթի բարձրագույն ուսումնական հաստատությունը»,-ասում է Ս. Մանուկյանն ու նշում, որ գործող ռեկտորի ԺՊ-ն իր կառավարման արդյունքում բուհը տանում է մեխանիկական փակման: 

«Այս նոր ընտրություններում պարոն Գյուրջինյանն այլեւս մրցակից չունի, ես նրան հաջողություն եմ մաղթում, բայց խորհրդի անդմաները զրկված են այլընտրանքը լսելուց եւ համեմատելուց, իսկ դեռ անտիկ ժամանակներում ասում էին, որ ճշմարտությունը ծնվում է համեմատությունից, այս անգամ հոգաբարձուների խորոհւրդը չունի համեմատելու այդ հնարավորությունը: Գնալու են միաձայն ընտրեն ո՞ւմ` արդեն մեկ անգամ պարտվածի՞ն: Սա ցավով եմ ասում, որովհետեւ այլեւս այնտեղ չեմ աշխատում եւ չեմ էլ ուզենա աշխատել, ցավ եմ ապրում, որովհետեւ կարող էր ինքը լինել լավը: Բրյուսովը նաեւ խոշոր հարկատու է, իսկ մեր վարչապետն ամեն պատեհ- անպատեհ առիթով հորդորում, քարոզում, հարկադրում է իր քաղաքացիներին հարկեր վճարել: մենք դա հասկանում էինք եւ կարողացել էինք գեներացնել եկամուտ եւ վճարում էինք հարկեր ու հայտնվել էինք հանրապետության խոշոր հարկատուների ցուցակում: Այսինքն մենք պետությանը միայն ու միայն օգուտ էինք տալիս, ո՞րն էր մեր վնասը, չկար ոչ մի վնաս, միայն խնդրում էինք որ հիմնավորեն, թե ինչքանո՞վ է նպաստելու եւ ինչքանո՞վ է բխում բարձրագույն կրթության շահերից, որ Բրյուսովի համալսարանը միավորվի Ֆիզկուլտ ինստիտուտին, բայց այդ հիմնավորումը մենք այդպես էլ չլսեցինք»: