Այս վճռական ժամին չզլանանք

Այս վճռական ժամին չզլանանք

2008թ. փետրվարյան ցույցերի օրերին իմ եւ Արցախի քաղաքական շրջանակներում հայտնի դեմքերից մեկի միջեւ տեղի  ունեցավ խոսակցություն, թե ինչպե՞ս է  պատկերացնում դեպքերի հետագա ընթացքը: Նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը երբեք իշխանությունը չեն զիջի Լեւոն Տեր-Պետրոսյանին:

«Դա կնշանակի հանձնել Արցախը»- հիմնավորեց նա:

Ես հիշեցրի, որ նա ժամանակին առաջին նախագահի մասին բոլորովին այլ կարծիքի էր: Զրուցակցիս դա չհուզեց: Շատ սառը ձեւակերպեց, որ քաղաքականության մեջ տեսակետների փոփոխությունը բնական մի բան է: «Իսկ եթե արյուն թափվի՞»- հարցրի:

-Ուրեմն այդպես էլ պետք է,- վճռականորեն հայտարարեց նա: Ես նրան խնդրեցի, որ օգտագործի իշխանությունների հետ կապերը, համոզի, որ հարկ է Ստեփանակերտից Երեւան գործուղել հեղինակավոր պատվիրակություն՝ բանակցելու Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, խնդրելու, որ նա հանուն արյունահեղությունը կանխելու դադարեցնի շուրջօրյա հանրահավաքները, հաշտվի քվեարկության արդյունքների հետ եւ գնա Սերժ Սարգսյանի հետ համագործակցության: «Բայց դա Սերժ Սարգսյանին պե՞տք է»- զեղումներս ընդհատեց զրուցակիցս:

Հետագա խոսակցությունն անիմաստ էր: Ուղիղ երեք օր անց տեղի ունեցավ մարտի 1-ը: 11 տարի անց զրուցակիցս մնում է Արցախի քաղաքական դաշտի դերակատար, մամուլի հաճախակի հյուր: Նա մեկն է նրանցից, որ ստորագրել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոց ընտրելու՝ Հայաստանի իրավապահ մարմիններին հղած դիմումը:

Տեւական ժամանակ է՝ մամուլում քննարկվում է Արցախում Ռոբերտ Քորայանի քաղաքական հենարանի թեման: Երբեմն արվում են սուր բնութագրումներ, որ Արցախը «հակահեղափոխության պլացդարմ է»: Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ մարտի 1-ին կկազմակերպվի երթ՝ հարգելու զոհերի հիշատակը: Անշուշտ կհնչեն նաեւ մեղավորներին պատժելու, տուժածներին եւ իրավահաջորդներին արժանի հատուցում վճարելու եւ այլ կոչեր: Կուզենայի, որ նույն օրը Ստեփանակերտում նույնպես երթ կազմակերպվեր, դատապարտվեր մարտի 1-ը:

Մենք մի երկիր ենք, մեկ հանրություն: Եւ ոչ միայն անտրամաբանական, այլեւ օրինաչափ չէ, երբ ազգի մի հատվածը դատապարտում է մարտի 1-ի սպանդը, պահանջում մեղավորներին ենթարկել օրենքով նախատեսված պատասխանատվության, իսկ արցախահայությունը՝ լռում: Ժամանակն է բացել փակագծերը, ձերբազատվել այն առասպելից, թե  մարտի 1-ով կանխվել է Արցախի հանձնումը: Մարտի 1-ին Երեւանի կենտրոնում արյուն է հեղվել: Հայի կրակոցից հայ մարդիկ են զոհվել: Նրանք մեր եղբայրներն են: Նրանց հարազատների, Հայաստանի հանրության ցավը նաեւ մերն է: Մենք պարտավոր ենք կիսել այն, կիսել հրապարակային երթով: Արցախը պետք է իրենից թոթափի այդ բարդույթը: Դա ավելի կամրապանդի մեր միասնությունը: Դա մեզ կվերադարձնի ակունքներին, երբ 88-ի փետրվարին Ստեփանակերտի առաջին երկչոտ ցույցերին միացավ Երեւանի հզոր շունչը, որը պահպանեց Շարժման կենսունակությունը: Հայաստանում հեղափոխությունն ունի արցախյան անվերապահ աջակցության կարիք: Եւ մենք մեղք գործած կլինենք հազարավոր նահատակների հիշատակի առջեւ, եթե այս վճռական ժամին զլանանք: