Մարդիկ պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց ցույցերը ցրելու
Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանին հարցրինք՝ մասնակցելո՞ւ է այսօր ընդդիմության հրավիրած մեծ հանրահավաքին։ «Միանշանակ, իմ ազգի խնդիրն ա, ես ո՞նց կարամ չմասնակցեմ»,-ասաց նա։
- Միայն Դո՞ւք եք գալու, թե՞ Ձեր մարտական, ծառայակից ընկերներից էլ մարդիկ կլինեն Ձեզ հետ։
- Ովքեր հարգում են ինձ, իմ հետ են լինելու։
- Բայց կոչ արել կամ առաջարկե՞լ եք, որ գան։
- Ոչ, ոչ մեկին էլ ես չեմ առաջարկում, ովքեր հարգում են ինձ, ուրեմն վաղը կլինեն էնտեղ։
- Ի՞նչ եք կարծում, ոստիկանությունն այս անգամ իրեն ինչպե՞ս կդրսեւորի, Դուք ասում էիք՝ այնտեղ արժանապատիվ մարդիկ կան, եւ եթե Դուք կոչ անեք, դեմ դուրս կգան այս իշխանություններին։
- Ես նման կոչերի չեմ գնա, բայց, համենայնդեպս, ոստիկանությանը կասեմ, որ իրենք իրենց չափերի մեջ լինեն, օրենքի շրջանակներում։
- Ըստ Ձեզ՝ ընդդիմությանը կհաջողվի՞ այս անգամ հասնել հաղթանակի, մենք տեսնում ենք, որ եղանակային պայմանները, օրինակ, այդքան էլ նպաստավոր չեն հանրահավաքի համար։
- Ի՞նչ կապ ունի եղանակը, ես ասում եմ՝ ովքեր թասիբ ունեն, պետք է լինեն հանրահավաքի տեղը։ Իմ խոսքը դա է։ Ովքեր հարգում են իրենց երկիրը, իրենց պետությունը, իրենց պետականությունը, պիտի գան։
- Սերժ Սարգսյանի հարցազրույցը դիտե՞լ եք, ի՞նչ կարող եք ասել։
- Ուրեմն՝ Սերժ Սարգսյանը ճշտախոս մարդ է ու ինչ ասել է, ճիշտ է ասել։
- Ինքն ասում էր՝ հրաժարական է տվել, որ արյուն չթափվի, Դուք այն ժամանակ ոստիկանության զորքերի հրամանատարն էիք, ի՞նչ կարող եք ասել այդ մասով։
- Այո, ես իմ խոսքի մեջ նշել էի, որ մարդիկ ինչ-որ տեղ, որ մտածում են, պիտի ճիշտ մտածեն, պիտի մոմ վառեն Սերժ Սարգսյանի համար, որ ինքը հրահանգ չտվեց էն ժամանակ ցույցերը ցրելու։ Եթե հրաման ստանայինք, մենք միանշանակ կանեինք։
- Դուք մի անգամ ասել եք, որ հնարավոր էր առանց արյան ցրել այդ ցույցը։
- Միանշանակ, օրենքի շրջանակներում ամեն ինչ էլ կարելի էր անել։
- Այդ դեպքում ինչո՞ւ է նախկին նախագահն ասում, որ հրաժարական տվեց, որպեսզի արյուն չթափվի։
- Ուրեմն՝ ամեն գործողության ժամանակ, եթե մասսայի հետ ես շփվում, կարող է եւ էդպիսի դեպքեր լինեին, դա մտածում էր նախագահը։
- Իսկ ավելի վաղ, օրինակ՝ Ռադիոտունը գրավելու օրը հնարավո՞ր չէր կանխել այդ շարժումը։
- Դա իմ ֆունկցիաների մեջ չի մտնում, ես զորքերի հրամանատարն եմ եղել ու չեմ կարող դրան պատասխանել։
- Իսկ պատերազմի հետ կապված իր ասածների վերաբերյալ ի՞նչ կասեք, որ ասում էր՝ 600 դոլարով զրահաբաճկոն են գնել, այլ խնդիրներ էր մատնանշում։
- Ես նորից եմ կրկնում, որ եթե նախագահն ասում է, ուրեմն ճիշտ է ասում, որովհետեւ Սերժ Սարգսյանը ճշտախոս մարդ է։
- Շուշիի հետ կապված Ձեր առեւանգման գործից ի՞նչ կա, կարծես դիմել էիք, որ գործ հարուցեն Ձեզ առեւանգելու եւ Շուշիի բերդում պահելու համար։
- Ես բողոքարկել եմ դատախազություն, թե ինչու են կարճել գործը։ Մնացածը փաստաբանս ավելի մանրամասն կասի։
Կարծիքներ