Ճակատագրական օր

Ճակատագրական օր

Այսօր փետրվարի 20-ն է։ Ուղիղ 33 տարի առաջ այս օրը Աբովյան քաղաքից մի խումբ մարդիկ ոտքով շարժվեցին դեպի Երեւան՝ երկրում տիրող էկոլոգիական վիճակի հետ կապված բողոքի կարգախոսներով։ Ոչ ոք չէր կարող կանխատեսել, որ այդ անմեղ ու աննշմար բողոքի ալիքը կարող է վերաճել մի հուժկու շարժման, որը շրջելու է մեր պատմության ընթացքը եւ հետագա ամբողջ ժամանակաշրջանի համար կանխորոշիչ է լինելու։

1988-ի փետրվարի 20-ին սկիզբ առած գործընթացը՝ ամիսներ շարունակ տեւող հանրահավաքները, մեր կրած բոլոր զրկանքներն ու իղձերը՝ ուղղված Արցախին ու Արցախը Հայաստանին միացնելու նպատակին, այսօր բոլորովին այլ լույսի տակ են մեզ երեւում։ Այն հեռավոր օրերի հպարտությունն ու համախմբումը, հույսերն ու երազանքներն այսօր չկան։ Կա երկարուձիգ 33 տարվա անցած ուղի՝ մի մարդու ողջ գիտակցական կյանքին հավասարազոր, եւ զղջումի, ափսոսանքի, սխալների ու վրիպումների անորոշ զգացողություն։ Մեր մեջ, անշուշտ, կան մարդիկ, որոնք այսօր հետահայաց կափսոսեն, որ այս ճանապարհով գնաց մեր նորանկախ երկրի պատմությունը՝ գուցե 88-ին Արցախի հարցը չբարձրացվեր, ու մենք այսօր բոլորովին այլ կետում լինեինք՝ ավելի հզոր, ավելի կայացած, եւ Արցախի հարցն էլ ինքնաբերաբար կարող էր լուծվել։

Մեր մեջ կլինեն նաեւ մարդիկ, որոնք չեն ափսոսա մաքառումների ու պայքարի այս ուղու համար եւ այն կհամարեն անխուսափելի ու նախախնամությամբ մեզ համար կանխորոշված մի ճակատագիր, որից հնարավոր չէր խուսափել, որից մենք պարտավոր էինք պատվով դուրս գալ, եւ որը ազգ ու սերունդ է կրթում։ Ամեն դեպքում, այսօր ոչ ոք չի կարող ասել՝ եթե այլ ճանապարհով ընթանար մեր պատմությունը, ինչպիսին կլիներ Հայաստան պետությունն այսօր, եւ ինչ հանգրվանի հասած կլիներ մեր բազմաչարչար ազգը՝ իր բնօրրանում։