Աշխարհ-2022․ ուկրաինական պատերազմից մինչեւ ցույցեր Իրանում

Աշխարհ-2022․ ուկրաինական պատերազմից մինչեւ ցույցեր Իրանում

Երկիր մոլորակը, որ, Քրիստոսի ծննդյան թվարկության տրամաբանությամբ, 2022-րդ անգամ ավարտին է հասցնում հերթական պտույտը, այսօր ոչ թե գեղեցիկ, կախարդական «հայելու» է նմանվել, այլ մարդակուլ, հուսաբեկ «մսաղացի»։ Եվ տեղին է հիշել դասականի հայտնի ձեւակերպումը, թե «Մարդ կա՝ ելել է շալակն աշխարհի, մարդ կա՝ աշխարհն է շալակած տանում»։ Եվ քանի որ մենք աշխարհը շալակած տանողների շարքերում ենք տակավին, արժե, որ հետահայաց գնահատենք, թե հատկապես ինչով հատկանշվեց 2022 թվականն աշխարհի չորս ծագերում։ 

Ռուս-ուկրաինական պատերազմը՝ 2022-ի գլխավոր իրադարձություն

Արձանագրենք, որ 2020 թ․ փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի կողմից հատուկ ռազմական գործողությունը եւ «կոլեկտիվ Արեւմուտքի» հետ ՌԴ-ի հարաբերությունների սրումը դարձան համաշխարհային թիվ 1 իրադարձությունը։ Ընթացիկ տարում տեղի ունեցած ոչ մի այլ դիպված իր ծավալով չի համեմատվի ուկրաինական ճգնաժամի հետ․ հարյուր հազարավոր մարդկային կորսված կյանքեր, միլիոնավոր փախստականներ ու անօթեւաններ, ավերված, ռմբակոծվող քաղաքներ, հոսանքազրկված, հումանիտար աղետի մեջ հայտնված բնակավայրեր, համաեվրոպական գազային ճգնաժամ, հակառուսական պատժամիջոցներ, սպառազինության մրցավազք, միջուկային սպառնալիք եւ այլն։ Կարճ ասած՝ ոչ պաշտոնապես երրորդ համաշխարհային պատերազմ։ 

Մարզաշխարհ-2022․ բոյկոտ եւ սկանդալներ

Փետրվարին Պեկինն ընդունեց 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերը։ Այսպիսով, Չինաստանի մայրաքաղաքը դարձավ պատմության մեջ առաջին տարին, որտեղ անցկացվեցին ե՛ւ ամառային, ե՛ւ ձմեռային օլիմպիական խաղերը: Պեկինի խաղերը հայտնվեցին մուրճի (արեւմտյան մի շարք երկրներ դիվանագիտական բոյկոտ հայտնեցին եւ Չինաստանի իշխանություններին մեղադրեցին տարբեր խախտումների մեջ) եւ կոճի միջեւ՝ շարունակվող կորոնավիրուսային համաճարակի տեսքով։ Տարին ավարտվեց մեկ այլ մարզական մեգաիրադարձությամբ՝ ֆուտբոլի աշխարհի առաջնությունով։ Քաթարը՝ որպես հյուրընկալող երկիր եւս հայտնվեց արեւմտյան մեղադրանքների եւ սկանդալի կենտրոնում․ ԱԱ-2022-ի առնչությամբ կոռուպցիոն գործի շրջանակում ձերբակալվեց նույնիսկ Եվրախորհրդարանի փոխնախագահը։ Մինչեւ այդ, ֆուտբոլասերները վայելեցին անկանխատեսելի հանդիպումներ, իսկ հաղթողի Ոսկե գավաթը պատմության մեջ 3-րդ անգամ բարձրացրին արգենտինացիները։

Տարվա խոշորագույն ավիաաղետը

2022 թ․ մարտի 21-ին Չինաստանում կործանվեց China Eastern Airlines ավիաընկերության 5735 չվերթը, ինչի հետեւանքով զոհվեցին ինքնաթիռում գտնվող բոլոր 133 մարդիկ: Թռիչքի միջնամասում ինչ-որ պահի Boeing 737-89P-ը կտրուկ իջել եւ մեծ արագությամբ բախվել էր գետնին՝ Գուանսի Չժուան ինքնավար շրջանում: Մամուլի բազմաթիվ հրապարակումներ պնդում էին, որ օդանավը միտումնավոր վերացրել են։ Մասնավորապես, Wall Street Journal-ը, հղում անելով ինքնաթիռի «սեւ արկղերից» ստացված նախնական տվյալներին, հայտնեց, որ օդաչուների խցիկում ինչ-որ մեկն ինքնաթիռն ուղարկել է գրեթե ուղղահայաց անկման։ Սա Չինաստանի պատմության մեջ երրորդ խոշորագույն ավիավթարն է։

Երեք վարչապետ՝ նույն տարում․ բրիտանական բարքեր

Մեծ Բրիտանիան 2022 թվականին հասցրեց ունենալ երեք վարչապետ։ Խարիզմատիկ Բորիս Ջոնսոնը, որ նաեւ համարձակություն ունեցավ պատերազմող Կիեւում այցելել Զելենսկուն ու շրջել Ուկրաինայի մայրաքաղաքի փողոցներով, պաշտոնավարման ընթացքում սուր քննադատության ենթարկվեց բազմաթիվ խախտումների պատճառով (առաջին հերթին խոսքը Դաունինգ սթրիթում covid party-ի մասին է, երբ ամբողջ երկիրը շրջափակման մեջ էր)։ Ի վերջո, կուսակիցների ճնշման տակ ստիպված եղավ հրաժարական տալ։ Նրան փոխարինեց ավելի հավակնոտ մարդ՝ Լիզ Թրասը։ Շուտով պարզ դարձավ, որ Մոսկվային սպառնալու եւ սաղավարտով տանկի վրա դիրքավորվելու ունակությունը բավարար չէ սեփական երկրում ապրելու ծախսերի ճգնաժամը հաղթահարելու համար: Տիկինը ռեկորդ սահմանեց Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում ամենակարճը մնալու առումով (ընդամենը 50 օր): Եվ որպես լրացում, Ռիշի Սունակը, ով միլիոնատեր եւ կրոնով հինդուիստ է, դարձավ Մեծ Բրիտանիայի երրորդ վարչապետը՝ մեկ տարվա ընթացքում:

ԱՄՆ-ում ձախողված ընտրություններ․ Թրամփը վերադառնում է

ԱՄՆ միջանկյալ ընտրությունները կայացան նոյեմբերին։ Հաշվի առնելով ամերիկյան տնտեսության գլխին կուտակված «սեւ ամպերը» եւ Սպիտակ տան դեմոկրատ ղեկավար Բայդենի վարկանիշի անկումը, գրեթե բոլորը կանխատեսում էին Հանրապետական կուսակցության ամբողջական հաջողությունը։ Բայց ԱՄՆ-ում «կարմիր ցունամի» չեղավ․ Թրամփի կողմից առաջադրված թեկնածուների մեծ մասը պարտվեց, թեեւ արդյունքն այնքան էլ աղետալի չէ հանրապետականների համար (նրանք նվաճեցին Ներկայացուցիչների պալատի վերահսկողությունը, թեեւ՝ ոչ այնքան համոզիչ), իսկ դեմոկրատներին ոչ միայն հաջողվեց պահպանել Սենատը, այլեւ ամրապնդել իրենց ներկայությունն այնտեղ։ Ի դեպ, Թրամփը հայտարարեց նախագահի պաշտոնում նորից առաջադրվելու մասին։

Հելոուինի տոն, որ վերածվեց տարվա ողբերգության

Հոկտեմբերի 29-ի լույս 30-ի գիշերը Հելոուինի տոնակատարություններն աղետի ու անասելի ողբերգության վերածվեցին Սեուլում։ Այդ ժամանակ Հրվ․ Կորեայի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հայտնի Իթհեւոն թաղամասում հավաքվել էր մոտ 100 հազար մարդ՝ ամենաշատը Covid-19 համաճարակի սկզբից ի վեր։ Մարդկային ծովում հրմշտոցներն սկսվեցին թաղամասից ներքեւ ընթացող նեղ նրբանցքում: Մարդիկ սկսեցին հրել, փրկվելու համար բարձրանալ ճաղավանդակների վրա, գոռալ, օգնություն կանչել, ոմանք էլ ընկնում էին մյուսների ոտքերի տակ։ Մի խոսքով՝ իրական ողբերգություն, որին զոհ դարձավ 158 մարդ։

Տարվա վերադարձը՝ իսրայելական ձեւով

Իսրայելի նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հնարավորություն ստացավ վերադառնալ մեծ քաղաքականություն՝ որպես կառավարության ղեկավար։ Նեթանյահուի գլխավորած աջակողմյան եւ ծայրահեղ աջ կուսակցությունների դաշինքին հաջողվեց Կնեսետում ստանալ 64 մանդատների մեծամասնությունը։ Այսպիսով, հրեա քաղաքական գործիչը, որը նախկինում վարչապետի պաշտոնավարման ռեկորդ էր սահմանել (15 տարի 3 ամիս), հնարավորություն ունի դուրս գալ կոռուպցիոն սկանդալների ջրից եւ կրկին վարչապետ դառնալ ընդդիմության առաջնորդից։

Փելոսին՝ Թայվանում եւ ՀՀ-ում, Զելենսկին՝ ԱՄՆ-ում․ տարվա այցերը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցը Թայվան կղզի շեղեց համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրությունն ուկրաինական հակամարտությունից։ Ճիշտ է, չինացիները  չխոցեցին ԱՄՆ-ի ազդեցիկ ղեկավարներից մեկին տեղափոխող օդանավը, նոր պատերազմ չսկսվեց, բայց Պեկինը ռազմական ուժի հզոր ցուցադրություն կազմակերպեց դեպի Թայբեյ։ Ավելի ուշ Փելոսին այցելեց նաեւ Հայաստան, ինչը ոչ պակաս նշանակալից էր՝ մեր տարածաշրջանում տիրող աշխարհաքաղաքական իրողությունների համատեքստում։ Տարվա իրադարձային այց կարելի է վստահաբար համարել նաեւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ժամանումն ԱՄՆ եւ այդ երկրի Կոնգրես՝ ռազմական հանդերձանքով, նույն Փելոսիի հետ բեմահարթակից ջերմ համբույրներով եւ աղմկահարույց, ինքնավստահ ու խրոխտ հայտարարություններով։

2022-ի ընդվզումները․ բողոքի ցույցեր՝ Շրի Լանկայում եւ Իրանում

2022 թվականը նշանավորվեց աշխարհի տարբեր ծայրերում բողոքի հզոր ցույցերով։ Հենց այս տարի անկարգություններ սկսվեցին ամենամեծ տնտեսական ճգնաժամին բախված Շրի Լանկայում։ Հուլիսին ցուցարարները ներխուժեցին կառավարական շենքեր, այդ թվում՝ նախագահի նստավայրը, ով, ի վերջո, փախավ երկրից։ 2022-ի սեպտեմբերին Իրանում եւս բողոքի զանգվածային ցույցեր բռնկվեցին․ համաժողովրդական վրդովմունքի պատճառ դարձավ երիտասարդ աղջկա՝ Մահսա Ամինիի մահը, որին  ձերբակալել էին իսլամական հագուստի՝ հիջաբի սխալ կրելու համար։ Առայսօր շարունակվող ցույցերում զոհվել են հարյուրավոր քաղաքացիներ, ոստիկաններ, կան հազարավոր ձերբակալվածներ, ինչպես նաեւ մի քանի անձ ենթարկվել է մահապատժի։

Սինձո Աբե․ տարվա սպանությունը

Ճապոնիայի քաղաքականության վետերանը՝ Սինձո Աբեն, ով ամենաշատ ժամանակն է անցկացրել վարչապետի աթոռին, մահափորձի զոհ դարձավ։ Նախկին վարչապետի թիկունքից երկու կրակոց արձակեցին այս տարվա հուլիսի 8-ին՝ քարոզարշավի ժամանակ ելույթ ունենալիս: Չնայած այն հանգամանքին, որ քաղաքական գործչին ուղղաթիռով տարհանեցին հիվանդանոց, Սինձո Աբեն մահացավ ստացած վնասվածքներից։ Հանցագործին տեղում ձերբակալեցին, ով խոստովանեց, որ Աբեին սպանելու մտադրություն է ունեցել։

Եղիսաբեթ II․ միապետության խորհրդանիշն ու տարվա հրաժեշտը

2022 թ․ սեպտեմբերի 8-ին, 96 տարեկան հասակում մահկանացուն կնքեց Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը․ միապետուհին ոչ միայն ժամանակակից աշխարհում միապետության, այլեւ անցյալ դարում գոյություն ունեցող ավանդական Մեծ Բրիտանիայի խորհրդանիշն էր: 

Զելենսկին՝ տարվա մարդ․ միջազգային պարբերականները համակարծիք են

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «տարվա մարդ» ճանաչվեց համաշխարհային առաջատար մի քանի պարբերականների կողմից։ Դրանց թվում բրիտանական ազդեցիկ Financial Times-ն էր, որի բնորոշմամբ՝ «Զելենսկին դարձել է ուկրաինացի ժողովրդի խիզախության եւ տոկունության մարմնացումը ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»։ Ամերիկյան Politico պարբերականն իր հերթին Զելենսկուն ճանաչեց Եվրոպայի՝ տարվա ամենաազդեցիկ մարդը։ Ամերիկյան Time-ն էլ տարվա մարդ ճանաչեց Զելենսկուն եւ Ուկրաինայի ոգին՝ նշելով, որ Զելենսկին թափ տվեց աշխարհն այնպես, ինչպես շատ տասնամյակներ ոչ ոք չի արել։ Ուկրաինան տարվա երկիր ճանաչեց նաեւ Economist ամսագիրը․ ըստ աշխատակիցների՝ թեկնածուն որոշվել է անմիջապես եւ միաձայն։

ՀԳ․ Ճիշտ է, Աշխարհ-2022-ի ամփոփ խճանկարին նայելիս մտահոգություններն ու տագնապալի անորոշությունը գերազանցում են դրական ակնթարթներին եւ լուսավոր իրադարձություններին, բայց լավատեսությունը միշտ էլ կա ու կլինի, քանի դեռ մոլորակը պտտվում է, եւ մարդկությունն ապրում է ու արարում։

Արա Ալոյան