Հայաստանի իշխանությանը զենք ու զինամթերք պետք չեն. չգիտեն, թե ում դեմ ուղղեն այդ զենքը, ինչ անեն այդ զենքով

Հայաստանի իշխանությանը զենք ու զինամթերք պետք չեն. չգիտեն, թե ում դեմ ուղղեն այդ զենքը, ինչ անեն այդ զենքով

Ազգային ժողովի պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանն իր մի հարցազրույցով բացահայտում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության ամբողջ գաղափարախոսությունը: Լրագրողը նրան հարց է տալիս, թե Հայաստանն ինչու հրաժարվեց ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունից, որին Խաչատրյանը պատասխանում է. «Օգնությունը տալիս են, որ ի՞նչ անենք, ո՞ւմ դեմ պայքարենք եւ ի՞նչ հարց լուծենք, այդ ռազմական տեխնիկան տրվում է, որ ի՞նչ անենք»: Խաչատրյանն ասում է, որ իրենց գնահատական էր պետք, պետք էր, որ ՀԱՊԿ-ն հստակ արձանագրեր, որ Ադրբեջանը Հայաստանի դեմ ռազմական ագրեսիա է իրականացրել: 
Խաչատրյանը բացահայտում է, որ Փաշինյանի իշխանության ուզածն այն չէ, որ ՀԱՊԿ-ն մեզ զենք ու զինամթերք տա, որովհետեւ Փաշինյանի իշխանությունը չգիտի՝ այդ զենքն ում դեմ օգտագործի:

Հայաստանը նպատակ չունի ինքն իրեն պաշտպանելու, Ադրբեջանի դեմ կռվելու, Փաշինյանը խաղաղության օրակարգ է քարոզում, իսկ խաղաղության օրակարգի համար զենք ու պատերազմ պետք չեն: Փաշինյանին պետք էր, որ ՀԱՊԿ հայտարարության մեջ գրվեր, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի դեմ: Թվում է, թե ինչ օգուտ դրանից, ասենք՝ ասացին, որ ագրեսիա է իրականացվել, դրանով ագրեսիան չվերացավ, կամ Հայաստանի գրավված տարածքները չազատվեցին, Հայաստանն էլ ավելի ուժեղ չդարձավ, որ հաջորդ հարձակմանն ավելի պատրաստ լինի ու թշնամուն արժանի հակահարված տա:

Փաշինյանին այդ գնահատականը պետք էր, որ հայտարարեր, թե, տեսեք՝ ՀԱՊԿ-ն ընդունում է, որ Հայաստանի դեմ ագրեսիա է եղել, իսկ այդ կառույցը եւ Ռուսաստանը չեն արձագանքել այդ ագրեսիային, ինչը նշանակում է, որ կա՛մ այդ կառույցը գոյություն չունի, կա՛մ գործում է հօգուտ Ադրբեջանի: Արդեն չորսուկես տարի Փաշինյանի իշխանությունը զբաղված է ՀԱՊԿ-ին վարկաբեկելով. սկզբում ՀԱՊԿ քարտուղարի դեմ քրեական գործ հարուցելով ու քրեական հետապնդում կազմակերպելով, դրանից հետո էլ այդ կառույցին անգործության մեջ մեղադրելով: Դրա արդյունքում Հայաստանի պաշտպանունակությունը չի մեծանում, ընդհակառակը՝ Հայաստանն անընդհատ տարածքներ է կորցնում, հազարավոր մարդկային զոհեր ունենում, բայց Փաշինյանի իշխանությանը դա առանձնապես չի հետաքրքրում. կարեւորը՝ ՀԱՊԿ-ի վարկաբեկման գործն անխափան առաջ է գնում:

Լրագրողը պաշտպանության հարցերի հանձնաժողովի փոխնախագահին հարցնում է թե Հայաստանի իշխանությունն ինչ է անում Լաչինի միջանցքը բացելու ուղղությամբ, բացի այս կամ այն միջազգային կառույցին ու կազմակերպությանը դիմելը։ Խաչատրյանը, տեսնելով, որ հարց տվողը ոչ իշխանական լրատվամիջոցի ներկայացուցիչ է, պատասխանում է. «Եթե ընդդիմությունն ունի այլ տարբերակներ եւ առաջարկներ, թե ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ես ուղղակի կոչ եմ անում ընդդիմությանը՝ թող կոնկրետ գործողություններ նշի, թե այս պահի դրությամբ ինչ պետք է անի Հայաստանի Հանրապետության կառավարությունը»: Լրագրողը պատասխանում է. «Ասում են՝ դուք գնացեք, մենք գանք՝ երկիրը փրկենք»: Արմեն Խաչատրյանին այս առաջարկը դուր չի գալիս. «Ոչ, դա ողջամիտ առաջարկություն չէ, թող ողջամիտ տակտիկական առաջարկներ անեն, որ Լաչինի միջանցքը բացենք: Ի՞նչ են առաջարկում, որ զորք հավաքենք, գնանք կռվենք, ընդդիմության ասածն անուղղակի սա է նշանակում: Եթե համարձակություն ունեն այսքանն ասել, թող ասեն»:

Պատկերացնո՞ւմ եք՝ սա ասում է Հայաստանի իշխանության ներկայացուցիչը, ասում է մի մարդ, ով զբաղեցնում է ոչ թե կրթության կամ առողջապահության հարցերի հանձնաժողովի, այլ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնը: Խաչատրյանը գիտի, որ իրենց իշխանությունը պարտված, Ադրբեջանի առաջ ծնկած իշխանություն է, իրենք երբեք այլեւս համարձակություն չեն ունենա զենք վերցնել ու կռիվ տալ թշնամու դեմ, համարձակություն չեն ունենա նման բան ասելու: Բայց ասում է, որ եթե ընդդիմությունը համարձակություն ունի, թող ասի:

Գիտե՞ք, թե ինչու է ուզում, որ ընդդիմությունը նման բան ասի, որ ինքն ու մյուս ՔՊ-ականները դուրս գան ամբիոն, լրագրողներին հարցազրույցներ տան ու ասեն՝ տեսեք, ժողովուրդ, ընդդիմությունն ուզում է նոր պատերազմ հրահրել, ուզում է նորից ձեր երեխաներին տանել պատերազմ, կոտորել, եւ միայն մենք ենք՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որ խաղաղության օրակարգ ենք քարոզում, պատրաստ ենք կատարել Ադրբեջանի ցանկացած պահանջ, 120 հազար արցախցու թողնել սովի ու հիվանդության ճիրաններում, բայց ձեզ ոչ մի դեպքում պատերազմի չտանել: Քանի մեր իշխանությունը կա, մենք պատերազմի կոչ անող չենք, դիմադրության եւ պաշտպանության կոչ անող չենք: Դրա համար է, որ Փաշինյանն ամեն անգամ խոսում է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, բայց ոչ մի անգամ չի խոսում այդ ցեղասպան քաղաքականությանը հակադրվելու մասին, որովհետեւ ինքը 2021 թվականին մանդատ է ստացել խաղաղության օրակարգի համար, մանդատ չի ստացել, որ երկիրը պատերազմի պատրաստի ու Հայաստանը թշնամուց պաշտպանի: Թե չէ՝ հենց խոսի թշնամուց երկիրը պաշտպանելու մասին, իր իշխանությունը կկորցնի լեգիտիմությունը:

Արմեն Խաչատրյանն իր հարցազրույցում խորը աշխարհաքաղաքական վերլուծություն էլ է անում, որի իրական նպատակն Ադրբեջանին արդարացնելն է: Երբ լրագրողը նրան ասում է, որ Հայաստանի քաղաքացին երկրի խնդիրները լուծելու համար իրենց է իշխանություն տվել, ոչ թե ընդդիմությանը, նա պատասխանում է. «Հայաստանի քաղաքացին մեզ իշխանություն է տվել, բայց որեւէ քաղաքացի չի կարող կանխատեսել, թե հարեւան պետությունդ ինչ գործողությունների կդիմի, երբ կհարձակվի եւ ինչ ուժերով կհարձակվի: Այսօր գերտերությունների կողմից են այդ հարձակումները կազմակերպվում եւ իրականացվում, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունն անում է այն, ինչն իր երկրի ռեսուրսների սահմաններում է: Պետք է երկրի պաշտպանական ռեսուրսները բարձրացնել»: Մի խոսքով, խեղճ Ադրբեջանն ի՞նչ մեղավոր է, եթե այդ հարձակումները գերտերություններն են կազմակերպում եւ իրականացնում, Ադրբեջանն էլ այդ գերտերությունների զոհ է, միայն այն տարբերությամբ, որ նրան ստիպում են հարձակվել:

Ինչ վերաբերում է Հայաստանի պաշտպանական ռեսուրսների բարձրացմանը, դրա արդյունքներն ուղղակի ակներեւ են. պետք է ընդամենը համեմատել, թե ինչ պաշտպանական կարողությունների էր տիրապետում Հայաստանը մինչեւ Փաշինյանի՝ իշխանության գալը, եւ ինչպիսին են այդ կարողությունները հիմա` բարձրացնելուց հետո: Արմեն Խաչատրյանը դրա պատասխանն էլ է տալիս՝ իր նույն հարցազրույցում ասելով. «Հայաստանի Հանրապետությունն իր պաշտպանողական գործողություններն իրականացնում է, ձեր բառերով ասած՝ կռվում է, անհրաժեշտության դեպքում, իհարկե՝ ուժերը խիստ անհամաչափ են»: Ընդամենը երկուսուկես տարի առաջ՝ 2020 թվականի հուլիսի 23-ին, Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով հուլիսյան դեպքերին, հայտարարեց. «Հայաստանի զինված ուժերը, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլեւ տարածաշրջանի ամենամարտունակ եւ ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին»: Այն ժամանակ Փաշինյանը չէր հասցրել բավարար չափով բարձրացնել երկրի պաշտպանունակությունը:

Ավետիս Բաբաջանյան