Աշխարհում կան մարդիկ, որոնք իրենք իրենց հավատում են Աստծուն չհավատալով

Աշխարհում կան մարդիկ, որոնք իրենք իրենց հավատում են Աստծուն չհավատալով

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մարիոթ» հյուրանոցում մասնակցեց Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրներին նվիրված համաժողովին։ Ներկա էին դեսպաններ, այլազգի հոգևորականներ։ Վարչապետն իր ելույթում ասաց, որ նոր Հայաստանում բոլոր ազգային և կրոնական փոքրամասնությունները ազատ են և ունեն իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն։

«Ողջունում եմ բոլորիդ Հայաստանում, Վրաստանում և աշխարհում կրոնի կամ համոզմունքի ազատության արդի հիմնախնդիրները տարածաշրջանային համաժողովում։ Պետք է արձանագրել, որ կրոնի ազատությունը ամենակարևոր ազատություններից մեկն է, որովհետև ես գոնե համոզված եմ, որ մարդը, Աստծուն հավատալով, 1-ին հերթին հավատում է ինքը իրեն, և հետևաբար կրոնի ազատությունը, Աստծուն հավատալու ազատությունը իմ պատկերացմամբ առաջին հերթին ամեն մարդու ինքն իրեն հավատալու ազատությունն է։ Իհարկե, ժամանակակից աշխարհում և դրանից առաջ էլ կան մարդիկ, ովքեր իրենք իրենց հավատում են ընդհակառակը՝ Աստծուն չհավատալով, բայց, միևնույն է, այս պարագայում էլ մարդը ինքն իրեն հավատալու գործընթացում առանցքային դերակատար է դարձնում մարդուն, և սա չափազանց կարևոր է։

Նկատի ունեմ, որ կրոնի ազատությունը, իհարկե, մարդու ազատությունն է, կրոնի նկատմամբ մարդու ազատությունը ամենակարևոր ազատություններից մեկն է, և դա ուղիղ առնչվում է այն բոլոր արժեքների հետ, որոնք համընդհանուր կերպով այսօր ճանաչված են մարդկության կողմից՝ լինի դա ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքները, ազատությունները, արդարությունը և այլն։ Այս առումով ես ուրախ եմ նշել, որ ՀՀ-ն մի երկիր է, որտեղ իրոք հետամուտ են կրոնի, խղճի ազատությանը, նոր Հայաստանը առավել ևս լիարժեք հավատարիմ է այս արժեքներին։ Կարծում եմ այն, որ այսօր Հայաստանի ազգային և տվյալ համատեքստում ազգային և կրոնական փոքրամասնությունները իրենց զգում են լիարժեք, դա իմ ասածի կարևորագույն ապացույցներից մեկն է։ Ես ուզում եմ ասել, որ սա մեզ համար սկզբունքային հարց է, որ ազգային, կրոնական փոքրամասնությունները ՀՀ-ում պետք է երաշխավորված լինեն, իրենց զգան լիարժեք, իրենց ինքնությունը պահպանելու, զարգացնելու և իրենց ինքնությամբ հպարտանալու հնարավորություն պետք է ունենան»,-ասաց Փաշինյանը։