Կոնյակը խոսում է հայոց լեզվով

Կոնյակը խոսում է հայոց լեզվով

Կարեւոր հյուրեր ընդունելիս, այս կամ այն ուրախ առիթը նշելիս հաճախ ենք բաժակ բարձրացնում՝ այն լցնելով անուշաբույր կոնյակով՝ հայկական կոնյակով։ Ամեն օր հարյուրավոր մարդիկ ծանոթանում են հայկական կոնյակի պատմությանը։ Մի գավաթ, ու դառնում ես հասկանալի եւ ճանաչելի ազգերի մոտ, մի կում, եւ զգում ես բնության պարգեւած պտղի անարատության եւ մարդկային մտքի կատարյալ ներդաշնակությունը: Արեւոտ օրեր՝ խտացված մեկ գավաթ կոնյակի մեջ։

Վերցնելով անուշաբույր խմիչքով լի բաժակը եւ ստանձնելով դեգուստատորի դեր, փորձեմ որակում տալ օրվան։

Հանդիպում, երբ մեր աչքերը հարստացան գեղեցիկով։ Մեկ դար եւ ավելի պատմություն, ոսկեդարի նմուշներից մինչեւ ժամանակակից աշխարհը գրաված ընտրանի․․․

Ի վերջո, վերջին հարյուրամյակի ձեռքբերումները հավաքվել էին մեկ հարկի տակ․ ժամանակավոր ցուցադրություն ARARAT թանգարանում՝ «Եվ ծագում է արեւը» խորագրով։ Ապակե շրջանակ, ներսում՝ ձեւավորման մաս կազմող մի կտոր լույս, վեհ եւ հպարտ տեսքով կանգնած պատմական մի շիշ եւ պատիվ բերող մի ոսկե մեդալ, ով խոսել գիտի, ով հուզել գիտի եւ ով պատմում է․․․ 
«Եվ ծագում է արեւը»․․․

2021թ․։ Մայիս։ Ճապոնիա։ Վերջին ձեռքբերում՝ ոսկե մրցանակ։ Հետ պտտենք ժամանակի անիվը՝ հետադարձ հայացք նետենք ու կտեսնենք պատմությանը թողած ավելի քան 200 ոսկե մեդալ, պատվոգրեր, երախտիքի խոսքեր ու․․․․ ու մի ամբողջ Արարատյան պատմություն։
1907թ․, Ֆրանսիա (կոնյակի հայրենիք) - առաջին նվաճված մեդալ
1955թ․, Լյուբլյանա։ Դվին - ոսկե մեդալ
1964թ․, Բուդապեշտ։ Հայաստան - ոսկե մեդալ
1970թ․, Յալթա։ Ախթամար - ոսկե մեդալ
1983թ․, Պլովդիվ։ Նաիրի - ոսկե մեդալ
2016թ․, Սան Ֆրանցիսկո։ Ախթամար - ոսկե մեդալ
2021թ․, Տոկիո։ Նաիրի - ոսկե մեդալ
2021թ․, Լոնդոն։ Անի - ոսկե մեդալ 

Իսկ սենյակի վերջում՝ տարիների ձեռքբերումներով լի մի ամբողջ սունդուկ, որտեղ մեդալներն ապրում են ու կիսվում իրար եւ մեզ հետ՝ իրենց անցած ճանապարհով, պատմություններով :
Հաղթանակների պատմության մեջ վերջակետ չի լինում, այնպես որ, հետեւենք պատմական ժառանգության շարունակական նվաճումներին ․․․

Ու ինչպես կասեր Բորիս Պաստեռնակը՝ կոնյակը խոսում է հայոց լեզվով․․․

Մելինե Գրիգորյան