Ընտրությունների արդյունքները վատն են, բայց ինչ-որ տեղ՝ տրամաբանական

Ընտրությունների արդյունքները վատն են, բայց ինչ-որ տեղ՝ տրամաբանական

Ավարտվեցին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Բացառությամբ հասարակության այն տասը-քսան տոկոսի (նայած որ թվից հաշվես՝ ընտրողների ընդհանո՞ւր, թե՞ քվեարկությանը մասնակցած), ովքեր սավառնում էին ամպերում եւ հավատում, թե Ռոբերտ Քոչարյանը կարող է հանկարծ Հայաստանի առաջնորդի դերում հայտնվել, բոլոր մյուսները գիտակցում էին, որ կաշխատի պարզունակ բանաձեւը, որը եւ աշխատեց։ Այն է՝ որքան քաղաքական ասպարեզում կմնա Քոչարյանը, այնքան նա ակամա կբորբոքի իր հանդեպ հասարակության մերժումն ու ատելությունը, ինչի հաշվին էլ Փաշինյանը կստանա ձայներ։  Այդպես էլ եղավ։
Սպասելի էր, որ Փաշինյանը կստանա նույնիսկ ամենամեծ թվով ձայները։ Բայց դժվար էր պատկերացնել, որ Փաշինյանին կտրվի այնքան ձայն, որ նա կկարողանա միայնակ կառավարություն ձեւավորել։ Ընտրության արդյունքների վատագույնը հենց դա է։

Ինչպես 2018-ին առանց արժանիք ու կարողություն հարցնելու, փողոց հորդացած զանգվածները Փաշինյանին հրապարակից բերեցին իշխանության՝ միայն թե Սարգսյանից, Քոչարյանից, ՀՀԿ-ից, «ղարաբաղյան կլանից», վերջնահաշվում՝ 1998-ից ի վեր Հայաստանում իշխանության եղած համարյա բոլորից ու ամեն ինչից ազատվեն, այնպես էլ այժմ՝ անկախ բոլոր փորձություններից, կորուստներից ու տապալումներից, որ Փաշինյանը բերել է Հայաստանի գլխին, նորից Փաշինյանին ընտրեցին որպես նախկինների վերադարձն իշխանության կանխելու ու արգելափակելու միջոց։
Նույնիսկ որեւէ երրորդ  կողմի, որը դիմակայության փոխարեն հաշտության եզրեր գտնել էր առաջարկում, առանձնապես չցանկացան լսել։ Հայաստանին հետաքրքրում էր հաշվեհարդարը Քոչարյանի եւ առհասարակ՝ նախկինների նկատմամբ, եւ այդ հաշվեհարդարը տեսան։ Փաշինյանին պողպատե մանդատ տալը եւ այլն, հուսանք՝ քարոզարշավային հռետորաբանություն էր եւ անցյալում կմնա, սակայն հանգամանքը, որ Հայաստանի ժողովրդի  մեծամասնության համար Քոչարյանին պատժված տեսնելու սպասումը քվե տալու մոտիվացիա է, այլեւս ամենքին է տեսանելի։
Իսկ ինչո՞ւ էին հարյուր հազարավոր անձինք այդքան ցանկանում անձնապես քվեով վրեժխնդիր լինել Քոչարյանից եւ դա արեցին։ 

Հազար ու մի պատճառ կա դրա համար։ Առաջինը՝ որովհետեւ Ռոբերտ Քոչարյանը երկու անգամ Հայաստանում նախագահական ընտրություն է կեղծել եւ տասնյակ հազարավոր ցուցարարների հանել փողոց՝ իր դեմ բողոքի։ Օրեր ու շաբաթներ տեւած բողոքները ճնշել են փշալարերով, ոստիկաններով, մահակներով՝ հանուն նախագահի աթոռի։ Հիմա այդ ամենի համար, բնականաբար, հատուցում է՝ ոչ այնքան Փաշինյանին կողմ, որքան իրեն դեմ տրված հարյուր հազարավոր ձայներով, եւ, ինչն ամենադաժանն է՝ նման քվեարկության դեմ հասարակության զրոյական ընդվզումով։

Քոչարյանի հետ քվեով հաշվեհարդար էին տեսնում նաեւ տնտեսական մոտիվացիայով՝ Հայաստանի տնտեսական ենթակառուցվածքներն ու հզորությունները Ռուսաստանին նվիրաբերելու համար, գոնե նման կարծիք կա ձեւավորված, երկրում կոռուպցիա արմատավորելու համար, իրենց բիզնեսմեն համարած ամնեզիայով տառապողները, որոնց թվում էր, թե իրենց տասը-քսան տարի առաջվա ընչազուրկ ու գեղջկական վիճակը՝ հագուկապից, շարժուձեւից մինչեւ կիսագրագիտություն, մոռացվել են, եւ իրենց մարդիկ արդեն հաջողակ կամ ունեւոր կընկալեն։

Հիմա Քոչարյանն ու իր շուրջ հավաքված կվազի-բիզնեսային ֆիգուրները՝ արդարացի, թե անարդարացի, նաեւ այդ՝ «из грязи в князи» փոխակերպման համար են հատուցում։ Հատկապես լյումպեն զանգվածները սպասում են՝ տեսնելու, թե ինչպես են նրանցից  անհիմն հարստացման հոդվածներով կուտակածն օտարում՝ վերադարձնելով այժմ էլ «из князи в грязи» դրության։
Վերջապես, Հայաստանում համարյա բոլորը չեն մոռանում  Քոչարյանի պատասխանատվությունը Հոկտեմբերի 27-ի ու Մարտի 1-ի համար, նվազագույնը՝ դրանք չկանխելու համար, եւ սպասում են մեղադրական հոդվածների վերաորակման ու դատավարությունների։  Հասարակությունն արյուն է տենչում։

Բոլոր այս տեսանելի ու բարձրաձայնվող, Փաշինյանի կողմից հանկերգ դարձրած մեղադրանքներից բացի, որ Փաշինյանին ապահովեցին քվեներ, կարծում եմ՝ Քոչարյանին ու Սարգսյանին, մեծ հաշվով եւ հատկապես ենթագիտակցորեն, չեն ներվում հայաստանցիներին վիճակված դժվարությունները։ 
Եթե նույնիսկ Թետչերի, Մերկելի կամ Լուլայի դեպքում երկար իշխանության լինելը, չնայած բոլոր իրագործած թռիչքներին, հետզհետե դժգոհների շարքեր գեներացրեց ու նրանց հարկադրեց հեռանալ, ապա ոչ մի հաջողություն չունեցած Հայաստանի ղեկավարներն ի՞նչ կարող էին սպասել։ Իշխանությունների համար, որոնց պատճառով հանուն Լեռնային Ղարաբաղում ստատուս-քվոյի պահպանման Հայաստանն ամբողջ երկու տասնամյակ ենթարկվում էր շրջափակման ու տնտեսական դժվարությունների, դա ինչ հետեւանք պիտի ունենար, եթե ոչ ժամանակի մեջ սոցիալական խնդիրների ահագնացում, սոցիումի բեւեռացում, դրա արդյունքում էլ 2018-ի օխլոկրատիկ իշխանազավթում եւ այսօրվա  ընտրության արդյունքները։

Այնպես որ՝ ոչինչ կյանքում հենց այնպես չի լինում։ Ով ինչ արել է, դրա համար հատուցում է։ Հիմա հատուցում են Քոչարյանն ու Սարգսյանը։ Հետո, երբ նրանք իրենց արբանյակներով Հայաստանի քաղաքական կյանքից դուրս մղված կլինեն անվերադարձ ու վերջնականապես, կգա Փաշինյանի հատուցելու ժամանակը՝ վերջինիս գործած ավերածությունների համար։

Իսկ առայժմ ոչ մի տրամաբանությամբ այդպես չէր կարող լինել, որ հեռանար Փաշինյանը։ Պատճառը Քոչարյանն է, Փաշինյանը հետեւանք է՝ ե՛ւ 2018-ին, ե՛ւ այսօր։ Հունիսի 20-ին Փաշինյան ընտրողների համար նա առավելապես գործիք էր, հնարավոր է անգամ՝ վատ, մերժելի գործիք՝ Քոչարյանից վրեժխնդիր լինելու։ Հուսանք՝ այժմ վրեժը կհամարեն լուծված եւ հայացքը վերջապես կուղղեն ապագային։