Քանի դեռ սահմանադրական այդ նորմը որևէ մեկը չի վիճարկել, ուրեմն այն իրավական է

Քանի դեռ սահմանադրական այդ նորմը որևէ մեկը չի վիճարկել, ուրեմն այն իրավական է

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Նազելի Բաղդասարյանի հետ

- Ուրբաթ օրը, ըստ ամենայնի, ուժի մեջ կմտնի սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որով դադարեցվում են ՍԴ 3 անդամների լիազորությունները, իսկ Հրայր Թովմասյանն էլ նախագահից անցնում է շարքային դատավորի կարգավիճակին։ Մինչդեռ ՍԴ անդամներն օրերս հայտարարեցին, որ չեն պատրաստվում հեռանալ իրենց պաշտոնից, քանի որ իրենք չեն տեսել նման նախագիծ, եւ այն, ինչպես Սահմանադրությունն է նախատեսում, ՍԴ չի ուղարկվել։ Ինչպե՞ս է լուծվելու հարցը, ի՞նչ ճանապարհով է իշխանությունն այդ դատավորներին դուրս հրավիրելու իրենց աշխատավայրից։

- Մենք փաստացի ունենք սահմանադրական փոփոխություններ, որոնք ԱԺ նախագահի կողմից հրապարակվելու հաջորդ օրը կմտնեն ուժի մեջ, ենթադրվում է՝ այո, ուրբաթ օրը։ Սա սահմանադրական նորմ է։ Եվ թե ինչ կարող է լինել, եթե որեւէ մեկը չի ենթարկվում Սահմանադրությանը, ենթադրությունները թողնում եմ ձեզ։ Վստահ եմ՝ ՍԴ-ում անդամ կամ դատավոր աշխատած իրավաբաններն ունեն այդ գիտակցումը, եւ իրենք որեւէ կերպ խոչընդոտ չեն ստեղծի։ Այլ հարց է, որ, ինչպես ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, իրենք իրավունք ունեն վիճարկելու, եթե, դիցուք, իրենց իրավունքները խախտվել են։ Այստեղ որեւէ մեկը չի կարող սահմանափակում կիրառել։ Բայց երբ որ մենք խոսում ենք, որ Սահմանադրությամբ ամրագրված որեւէ դրույթ կարող է որեւէ մեկը չհարգել, դա իրականության հետ չի կարող որեւէ աղերս ունենալ։ Դա նույն բանն է, որ, օրինակ, Սահմանադրությամբ ամրագրված է, որ մեր պետական լեզուն հայերենն է, եւ Դուք ասեք, որ ես չեմ ընդունում, որ մեր պետական լեզուն հայերենն է։

- Կարծես թե առաջինը դո՛ւք չեք կատարել Սահմանադրության պահանջը, ՍԴ անդամներն էլ հենց այդ մասին են խոսում, որ Սահմանադրությունը պարտադիր է համարում սահմանադրական փոփոխությունների նախագիծը ՍԴ ներկայացնելը եւ դրա՝ Սահմանադրության հետ համապատասխանության կարծիք լսելը, ինչն «Իմ քայլը» չարեց։

- Քանի դեռ սահմանադրական այդ նորմը որեւէ մեկը չի վիճարկել, ուրեմն այն իրավական է, եւ որեւէ խնդիր չկա, այ, եթե վիճարկեն, դրանից հետո կխոսենք։

- Այսինքն, եթե վիճարկող չկա, դա արդեն նշանակում է, որ իրավակա՞ն է։ Սահմանադրությունը հստակ է նախատեսում, չէ՞։

- Սահմանադրական նորմը, որն ընդունվել է եւ կհրապարակվի, այդ պահից սկսած՝ ունի իրավական բարձրագույն ուժ։

- Բայց չէ՞ որ այդ նորմն ընդունվել է իրավական խախտումներով։

- Որեւէ հակաիրավական ընթացք չի եղել, որովհետեւ օրենքն այստեղ բաց ունի, եւ ԱԺ-ն չի դիմում ՍԴ։ Որեւէ տեղ չկա կարգավորված, որ չդիմելու դեպքում այդ նորմն ունի իրավական ցածր ուժ։ Ես կարծում եմ, որ ժամանակին Հրայր Թովմասյանն այս ամենը պետք է հաշվի առներ։

- Դուք հղում եք անում «ԱԺ կանոնակարգ» օրենքին, որտեղ, այո, միգուցե բաց կա, բայց Դուք իրավաբան եք եւ գիտեք, որ Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ։

- Ես շարունակում եմ պնդել, որ Սահմանադրության որեւէ դրույթ խախտված չէ, ընթացակարգերի մասով կարող են լինել ընթացակարգային խախտումներ, բայց Սահմանադրության որեւէ հոդված չի խախտվել։

- Լավ, իրավական այս վեճը, ըստ էության, կլուծվի արդեն միջազգային ատյաններում, բայց մինչ այդ ակնհայտ է, որ ՍԴ դատավորները չեն պատրաստվում տուն գնալ․ ի՞նչ է անելու իշխանությունը՝ ուրբաթ օրվանից սկսած, մարդկանց էլի կոչ եք անելու շրջափակե՞լ ՍԴ-ն, նրանց ուժային ճանապարհո՞վ եք դուրս հանելու ՍԴ շենքից։

- Ես կարծում եմ, որ դրա անհրաժեշտությունը չի լինի, այն պահից, երբ այդ նորմն ուժի մեջ մտավ, ստանում է բարձրագույն իրավաբանական ուժ, եւ ես վստահ եմ, որ նման մեթոդների անհրաժեշտություն չի լինի, ու ՍԴ այն անդամները, որոնց լիազորությունների դադարեցում է այդ նորմը սահմանում, կենթարկվեն երկրի մայր օրենքին՝ որպես բազմավաստակ իրավաբաններ։ Մարդիկ, որոնք սահմանադրական լուսանցքից օգտվելով շարունակել են այս տարիների ընթացքում պաշտոնավարել, հանգամանքներից ելնելով՝ արժանապատիվ կերպով կհեռանան։

- Այդ դատավորներն ասում են՝ դո՛ւք չեք ենթարկվել Սահմանադրությանը, ու իրենք որեւէ որոշում էլ չեն ընդունելու, մնալու են իրենց աշխատանքին։

- Ես որեւէ բան չեմ բացառում, բայց ելնում եմ խելամտության կանխավարկածից։

- ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանն ակնարկում էր, որ մենք գնում ենք Հունգարիայի ճանապարհով, գիտեք՝ «Բական՝ ընդդեմ Հունգարիայի» նախադեպային գործ կար ՄԻԵԴ-ում, որտեղ Հունգարիան պարտվել է։

- Այո, «Բական՝ ընդդեմ Հունգարիայի» գործին խիստ ծանոթ եմ, բայց ՄԻԵԴ-ը մասնակի է բավարարել այդ գործը՝ ֆինանսական պահանջը չբավարարելով։

ՀԳ․ Բական՝ Հունգարիայի գերագույն դատարանի նախագահը, հեռացվել է 2011 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Եվրոպական դատարանը ճանաչել է Բակայի՝ դատական պաշտպանության իրավունքի խախտումը։ Բական պահանջել էր նաեւ 3,5 տարվա աշխատավարձը, որը կստանար, եթե հեռացված չլիներ Գերագույն դատարանից․ միայն այս մասով դատարանը համաձայնություն չի տվել։