Ախոյանը պահանջել է փորձաքննություն

Ախոյանը պահանջել է փորձաքննություն

Դատական փոխհրաձգություններն ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի եւ կաթողիկոս Գարեգին Բ-ի միջեւ կարող են ավարտվել, եթե Մայր Աթոռը համաձայնի հանգիստ, «մարդկային լեզվով» նստել ու քննարկել խնդիրները։ Այս մասին մեզ հայտնեց նախկին պատգամավորը, երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ ընթացքում է դատական վեճն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

«Առաջին հերթին փոխզիջումային դաշտում պետք է ամեն ինչ լուծվի։ Եթե հանգիստ, մարդկային լեզվով խոսեինք, առանց դատ ու դատաստանի, անհնար էր, որ այդ ամենը չհասկանայինք, ամեն ինչ կարելի էր լուծել մտերմիկ իրավիճակում»,- ասում է նախկին պատգամավորը։ Մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերը նա կողմնակից է եղել փոխզիջումային տարբերակների եւ դատարան է դիմել ունեցվածքը վերադարձնելու պահանջով միայն այն ժամանակ, երբ կոնֆլիկտի բանակցային լուծման հույսը վերացել է։ Այսօր էլ Ախոյանի սրտով չէ դատական պրոցեսի ընթացքում անխուսափելի քաշքշուկը։

«Հին ու նոր հաշիվներ, պատճառաբանություններ, որոնց հիմքերը վիճելի են, փաստաթղթերի հայթայթում՝ կա պարտք հիմնարկին եւ դրանից բխող «հետեւանքներ», որոնք պետք է բանկերում փակեմ,- ասում է Ախոյանը։- Ես համարում եմ, որ իմ գույքն ապօրինի տիրապետում են»։ Հիշեցնենք՝ նրան պատկանող «Սպիտակ կամար» շինարարական ընկերությունն աշխատանքներ է կատարել կաթողիկոսի պատվերով՝ Գարեգին Առաջինի անվան աստվածաբանական կենտրոնի շենքում, բայց կատարած աշխատանքի դիմաց գումարը չի ստացել։
Կաթողիկոսը համարել է, որ ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները։ Այս ընթացքում գործարարը պարտքեր է կուտակել բանկերում, եւ միայն տոկոսները, ըստ Ախոյանի, 400 հազար ԱՄՆ դոլարից ավելի են, իսկ կրած վնասը մոտ 300 մլն դրամի է։ «Գործարքի արդյունքում կրել եմ մոտ 300 մլն դրամի վնաս, մոտավորապես՝ չհաշված հետերաշխիքային գումարը։ Հիմա ես փորձաքննություն եմ պահանջել, որ մասնագետները հաշվեն այդ գումարները։ Միգուցե այդ գումարն ավելանա կամ քիչ լինի»,- ասում է նա։

Այնուամենայնիվ, նախկին պատգամավորը հաշտության կողմնակից է։ Այս ընթացքում տարբեր գործարարներ, որոնք նույնատիպ խնդիրներ ունեն Մայր Աթոռի հետ, հետաքրքրվել են Ախոյանի հայցի ճակատագրով։ Իսկ Դուք ի՞նչ եք պատասխանել։ «Ասում եմ` դուք ձեր ճանապարհով գնացեք, ես՝ իմ»։ Բայց Ախոյանի ճանապարհը երկարում է։ «Ամեն դատին մի նոր նյութ, մի նոր «երեւան եկած հանգամանք», իսկ թե այդ ընթացքում էլ ում տունը կարող է քանդվել, դա էլ հարց է»։

«Հրապարակի» հարցմանն ի պատասխան Մայր Աթոռի փաստաբանները ներկայացրեցին հետեւյալ գրությունը․

«Իրականում որևէ պարտավորություն Եղեկեցին չունի Արագած Ախոյանի կազմակերպության նկատմամբ: Կողմերի միջև կնքված կապալի պայմանագրից հետո, կնքվել են բազմաթիվ համաձայնագրեր, փոխադարձ հաշվարկներ և կատարողական ակտեր: Այդ փաստաթղթերի փաթեթից էլ պարզ է դառնում, որ Եկեղեցին չունի որևէ պարտավորություն: Օրինակ, վերջին կատարողական ակտում (թիվ 37, 05.02.2018թ.) Արագած  Ախոյանի ստորագրությամբ նշվել է վճարել 0 (զրո) ՀՀ դրամ: Հակառակը, Եկեղեցին գումարային պահանջ ունի «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ի նկատմամբ: 

Պետք է հայտնենք նաև, որ Եկեղեցու հետ կապալի պայմանագիր կնքած «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն չի դիմել դատարան, այլ դիմել է Արագած Ախոյանին պատկանող մեկ այլ կազմակերպություն՝ «Հայկ Արշին» ՍՊԸ-ն, որին իբրև փոխանցվել է կապալի պայմանագրով նախատեսված իրավունքները:

ՈՒշագրավ է, որ «Սպիտակ Կամար» ՍՊԸ-ն գտնվում է սնանկության գործընթացում, իսկ իր պահանջը, որը գնահատել է 500 մլն. ՀՀ դրամ, անհատույց փոխանցել է «Հայկ Արշին» ՍՊԸ-ին: Այս հարցը նույնպես քննարկման առարկա է դառնալու դատարանում:
Արագած Ախոյանի կրած վնասները, եթե նույնիսկ այդպիսիք կան որևէ կապ չունեն Եկեղեցու հետ կնքված կապալի պայմանագրի հետ:

Ի դեպ, Արագած Ախոյանի կազմակերպությունը մինչև այժմ ամբողջությամբ չի կատարել կապալի պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

Եկեղեցու փաստաբանական թիմ
Փաստաբան Լյուդվիկ Դավթյան»։