Լարսում խոչընդոտներ ստեղծելով` աջակցում են ՀԿԵ-ին

Լարսում խոչընդոտներ ստեղծելով` աջակցում են ՀԿԵ-ին

Վերին Լարսի անցակետը վերջերս հաճախ է խցանվում ցորեն բերող բեռնատարների կուտակման պատճառով։ Այս հարցը սեպտեմբերի 30-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստից առաջ բարձրացրել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ընդգծելով, որ տրանսպորտային միջոցների կուտակումը խոչընդոտում է ԵԱՏՄ շրջանակներում ներքին շուկայի զարգացմանը, իսկ ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը եւ ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի առաջին տեղակալ Ռուսլան Դավիդովը, որը եւս մասնակցում էր նիստին, պատասխանել են, որ խնդիրը պայմանավորված է կշռման ընթացակարգով՝ մեքենաները բեռնված են թույլատրելիից ավելի: Սեպտեմբերի 30-ին Լարսում, ըստ ռուսական կողմի, 450 բեռնատար է կուտակված եղել, որոնք պետք է բաց թողնեին մինչեւ երեկ՝ հոկտեմբերի 1-ը։

Սահմանային բեռնափոխադրումներին տեղյակ մեր աղբյուրը հայտնում է, որ ռուսական կողմը հատուկ է այս խոչընդոտները ստեղծում՝ նպատակ ունենալով ավելացնելու երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը եւ ռուսական երկաթգծի եկամուտները։

Բանն այն է, որ ցորենը Հայաստան է մտնում երկու եղանակով՝ ավտոմեքենաներով եւ Հարավկովկասյան երկաթուղու միջոցով։ Ցորեն ներմուծող խոշոր ընկերությունները, ինչպես, օրինակ, Սամվել Ալեքսանյանը, նաեւ ավտոփոխադրումների բիզնես ունեն եւ սեփական ցորենը Հայաստան ներկրելիս ազատվում են հարկերից։ Մինչդեռ Հարավկովկասյան երկաթուղին պարտավոր է 20 տոկոս հարկ մուծել։ Արդյունքում ռուսական ընկերությունը տանուլ է տալիս մրցակցությունը ալյուր ներմուծող հայ գործարարներին։ Ահա թե ինչու, ըստ մեր աղբյուրի, անցակետում կշեռք է դրվել, եւ եթե բեռն ավտոմեքենայի հետ միասին 40 տոննայից ավելի է կշռում, ապա ավելցուկը դատարկում են, իսկ սահմանի անցումը ձգձգվում է։

Սեպտեմբերի 19-ից Վերին Լարսի ռուսական անցակետում շահագործման է հանձնվել նոր համալիր կշեռք, որն անվանում ունի՝ «Рубеж-М»։ Այն թույլ է տալիս ոչ միայն փաստաթղթային հսկողություն իրականացնել, այլեւ բեռները կշռել։ Արդյունքում կտրուկ ավելացել է մաքսային ստուգման գործընթացը։ «ՏԻՐ» բեռնափոխադրումների համակարգով անցնող մեքենան բեռի հետ պետք է կշռի մինչեւ 40 տոննա։ Ավելցուկը թափվում է բեռնատարից։ Ըստ ռուսական մաքսատան տվյալների՝ սեպտեմբերի 19-ից հետո 24 ժամում 170 մեքենա է բաց թողնվում անցակետից, իսկ մինչ այդ 350-400 մեքենա էր կարողանում անցնել նույն ժամանակահատվածում։
Բեռնատարների հերթերն անհարմարություններ են ստեղծել նաեւ մարդատար տրանսպորտի համար։

Ուղեւորները, որոնց թվում քիչ չեն վրացիները, բողոքներ են ուղարկել վրացական պետական մարմիններին։ Չի բացառվում, որ Վրաստանի իշխանությունները սահմանափակեն երթեւեկությունն իրենց տարածքով՝ Ռուսաստանից դեպի Հայաստան։