«Գործ տվողների» համար երկրորդ հարթակն է ձեւավորվել

«Գործ տվողների» համար երկրորդ հարթակն է ձեւավորվել

Տարիներ առաջ իշխանությունն իրավապահ համակարգին կից ստեղծեց «Ազդարարիր» կայքը, օրենք ընդունեց, որն անմիջապես կնքեցին որպես «գործ տվողների» օրենք եւ կոչ արեցին ՀՀ քաղաքացիներին` պետական մարմիններին իրազեկել իրենց նկատած խախտումների, կոռուպցիոն երեւույթների մասին` խոստանալով պահպանել անանուն մնալու նրանց իրավունքը, բայց քննել բուն հաղորդումները: Երկար ճանապարհ անցավ azdararir.am կայքը: Օրերս մեզ հաղորդեցին, որ մեկ տարվա ընթացքում շուրջ 116 հաղորդում են ստացել, սակայն թե դրանց որ մասն է իրական եղել, որն է քրեական վարույթի առարկա դարձել, ովքեր են պատժվել` չեն հաղորդում: Միայն ասում են, որ որոշել են կայքն ավելի ակտիվ աշխատեցնել, հաղորդումներին ավելի ուշադիր լինել եւ անանուն ազդարարողների գաղտնիությունն ավելի լավ պահպանել, որ այն զարգացում ունենա: Եվ կոչ են անում, որ անանուն հաղորդումներ ներկայացնելը լավ քաղաքացի լինելու մասին է խոսում, ոչ թե «գործ տալու»:

Օրերս պարզվեց, որ նմանատիպ մի կայք էլ է գործարկվել՝ Haytnir.am-ը, որի միջոցով քաղաքացիները կարող են բացահայտ կամ անանուն հայտնել իրենց հայտնի կոռուպցիոն եւ այլ դեպքերի մասին։ Արդյոք սա «դուբլյա՞ժ» չէ` կրկնօրինակում, չէ՞ որ արդեն azdararir.am-ը կա,- հետաքրքրվեցինք մենք:

Ինչպես հաղորդում են. «Haytnir.am ազդարարման առցանց հարթակի հիմնական նպատակն է՝ Հայաստանում խթանել կոռուպցիայի դեմ պայքարը, ստանալ հանրության աջակցությունը հակակոռուպցիոն պայքարում, օժանդակել ազդարարման համակարգի բարելավմանը, նպաստել ազդարարների վերաբերյալ Հայաստանում հանրության շրջանում ձեւավորված իրավամտածողության եւ մշակույթի փոփոխմանը՝ ձգտելով ազդարարի՝ որպես ՀՀ քաղաքացու դրական եւ պահանջատեր իմիջի կերտմանը»։ Հարթակի հեղինակն Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանն է: 

Նկատենք, որ տարիներ առաջ պետության ստեղծած հարթակը գործում է ՀՀ գլխավոր դատախազությանը կից, կոչվում է «Ազդարարման միասնական հարթակ»: Ո՞րն է «Ազդարարման միասնական հարթակի» եւ Haytnir.am-ի տարբերությունը: Ինչո՞ւ է նման հարթակ ստեղծելու գաղափար առաջացել։ Զրուցել ենք Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանի հետ: 

«Ես՝ ինքս, եղել եմ հակակոռուպցիոն բարեփոխումների ճանապարհային քարտեզի հեղինակը, ինչը 2016 թվականին ներկայացրել եմ կառավարություն: Ազդարարման համակարգի վերաբերյալ ես՝ ինքս եմ ներկայացրել որպես ճանապարհային քարտեզի մեկ հարց, ինչից հետո էլ ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» օրենքը: Ես դեռ այն ժամանակ ասում էի, որ պետք է անանուն հարթակ ստեղծվի: Ինչո՞ւ անանուն, որպեսզի ազդարարների պաշտպանության համակարգը գործի: Որպեսզի, նախ, հաշվեհարդարի զոհ չդառնան մարդիկ, եւ հետո՝ ազդարարների պաշտպանության համակարգն այնպիսին է, որ շատ հաճախ վկաների համար ապահով միջավայր ստեղծելը դառնում է խնդիր: Այդ պատճառով էլ մենք մտածեցինք, որ ճիշտն անանուն հարթակ ստեղծելն է, բայց անանուն՝ չի նշանակում, որ յուրաքանչյուր դիմումին ընթացք կտանք` ոչ: Եթե փաստարկված է, նոր միայն կապահովենք համապատասխան միջոցառումներ: Իսկ եթե փաստերը բացակայում են, ապա՝ կրկին անանուն, կխնդրենք ներկայացնել փաստեր»,- ասում է մեր զրուցակիցը: 

Բայց եթե նման մի պետական հարթակ կա, ինչո՞ւ եք կարծում, որ մարդիկ ոչ թե դատախազության հարթակի, այլ ձեզ հետ կցանկանան համագործակցել, ո՞րն է Haytnir.am-ի եւ Ազդարարման միասնական հարթակի տարբերությունը։ «Նա գործարկվում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից, նոր հարթակը քաղաքացիական հասարակության հարթակ է, որը նաեւ տարբեր երկրների փորձից է, Եվրոպական Միության օրինակով նաեւ: Սա այլընտրանքային հարթակ է, ինչո՞ւ ենք սա անում, որովհետեւ հետապնդում ենք երկու խնդիր. առաջին` ավելի վստահելի խողովակ է պետք: Նրանք, ովքեր չեն վստահում կառավարությանը, պետք է հնարավորություն ունենան օգտվել այլ հարթակից, ազդարարել այլ տեղում։ Երկրորդն էլ այն է, որ մենք հենց մեր կայքէջում ուղղորդում ենք Azdararir.am-ին: Պաշտպանվածության առումով նույնն են, սակայն դեպքերը կարող են տարբեր լինել, թեպետ նոր հարթակը եւս կոռուպցիոն դեպքերին է անդրադառնում, սակայն հանրային ծառայողի շահերի բախման դեպքերին, ինչպես նաեւ այլ հարցերի եւս անդրադառնալու ենք»:

Գուցե հասարակական կազմակերպությունը նման ծրագիր իրականացնելու համար դոնոր է գտել, բայց եթե պետական հարթակին, որն անմիջականորեն դիմումներին ընթացք տալու լիազորություն ունի, ընդամենը մեկ տարվա մեջ 100-ից մի քիչ ավելի մարդ է դիմել, ինչո՞ւ պետք է մասնավոր հարթակին դիմողներն ավելի շատ լինեն: