Ինչու Ալիեւը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների

Ինչու Ալիեւը որոշեց գնալ արտահերթ ընտրությունների

Երբ Ռուսաստանում հայտարարվեց նախագահական ընտրությունների անցկացման օրը, չանցած մի քանի ժամ՝ հայտարարվեց, որ Ադրբեջանում եւս կանցկացվեն նախագահական ընտրություններ եւ ավելի շուտ, քան Ռուսաստանում: Եթե Ռուսաստանի նախագահական ընտրությունները պլանային միջոցառում է՝ հերթականն է, եւ հայտնի չէր միայն ընտրության կոնկրետ օրը, ապա Ադրբեջանի նախագահի որոշումը՝ անցկացնել արտահերթ նախագահական ընտրություններ, անսպասելի էր, մանավանդ որ հերթական ընտրություններին մնացել էր ընդամենը մեկ տարի ժամանակ: Որքանով են Ռուսաստանում եւ Ադրբեջանում տեղի ունենալիք նախագահական ընտրությունները փոխկապակցված, եւ ինչու Ալիեւը որոշեց գնալ արտահերթ նախագահական ընտրությունների:

Ադրբեջանում Ալիեւի որոշումը հրապարակայնորեն չեն քննարկում, որովհետեւ այնտեղ ընդունված չէ ընդհանրապես քննարկել երկրի տիրոջ որոշումները, դրանք ընդունվում են ի գիտություն: Բայց փորձագիտական շրջանակներում կան մի քանի վարկածներ: Ադրբեջանում բոլորը համաձայն են մի հարցում` Ալիեւը գտնվում է արեւմտյան մուրճի եւ ռուսական սալի արանքում, երկու կողմի հետ էլ ինչ-որ գործարքների է գնացել, ինչ-որ խոստումներ տվել, բայց եկել է ժամանակը, որ ընտրի կողմերից որեւէ մեկին: Ըստ ադրբեջանցի փորձագետների, Արեւմուտքը շտապեցնում է Ադրբեջանին՝ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ եւ փակել հայ-ադրբեջանական հակամարտության հարցը, Ռուսաստանին, ընդհակառակը՝ պետք է, որ հակամարտությունը մնա չկարգավորված, որ կարողանա կարգավորել իր ուզած ձեւով:

Հիմա Ռուսաստանը զբաղված է եւ ուզում է ժամանակ շահել: Եթե հակամարտությունն արագ կարգավորվում է, Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանից դուրս մղելը դառնում է տեխնիկական հարց, որովհետեւ Ռուսաստանն այստեղ այլեւս անելիք չի ունենալու: Ալիեւը տեւական ժամանակ հրաժարվում էր արեւմտյան միջնորդությունից, փաստորեն, կատարելով Ռուսաստանին տված խոստումը՝ ձգել հակամարտության կարգավորումը: Բայց արեւմտյան ճնշման տակ ի վերջո համաձայնել է զիջել: Արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու Ալիեւի որոշումը տեղի ունեցավ Ադրբեջան ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջիմ Օ,Բրայենի՝ Ադրբեջան այցելությունից հետո: Հնարավոր է ամերիկյան կողմն Ադրբեջանի նախագահին զգուշացրել է հնարավոր պատժամիջոցների մասին, որոնք կարող են վերաբերել ինչպես Ադրբեջանի պետական պահուստին, այնպես էլ ընտանիքի բազմամիլիարդանոց կարողության առգրավմանը: Փաստն այն է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարը համաձայնել է մասնակցել Բրյուսելում կայանալիք ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին: Բայրամովը հրավիրված է ԱՄՆ, որտեղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հովանու ներքո անցկացվելու է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում: Ադրբեջանում պահվող 32 հայ ռազմագերիների ազատ արձակման շուրջ պայմանավորվածությունը եւս ուղղակի ազդակ է, որ Ադրբեջանին պարտադրում են խաղաղության համաձայնագիր ստորագրել: 

Ադրբեջանական փորձագետները տարակարծիք են մի հարցում. արտահերթ նախագահական ընտրություններ կազմակերպելով՝ Ալիեւն ուզում է նորի՞ց ընտրվել նախագահի պաշտոնում, թե՞ այն հանձնել կնոջը կամ որեւէ տեխնիկական թեկնածուի, ինչպիսին, ըստ նրանց, կարող է լինել, օրինակ, Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը: Ադրբեջանցիների մի մասը պնդում է, որ Ալիեւը ոչ մի կերպ չի հրաժարվի նախագահի պաշտոնից: Նրա պլանը հետեւյալն է. մինչեւ նախագահական ընտրությունները ստորագրել խաղաղության համաձայնագիրը, իսկ ընտրություններն օգտագործել որպես այդ համաձայնագրի շուրջ վստահության հանրաքվե: Ալիեւը խաղաղության համաձայնագիր չստորագրելու եւ ժամանակ ձգելու համար շատ բարձր նշաձող էր դրել` Հայաստանին ներկայացնելով տարբեր պահանջներ`միջանցքից մինչեւ ադրբեջանցիների՝ Հայաստանի տարածք վերադարձի իրավունքի ամրագրում: Պարզ է, որ պայմանագրում ոչ մի նման կետ չի լինելու, եւ Ալիեւը, միեւնույն է՝ ստորագրելու է դրանք: Նրան պետք է, որ Ադրբեջանի հասարակությունն արտահերթ ընտրություններում իր հավանությունը տա այդ պայմանագրին՝ քվեարկությամբ հաստատելով, որ այդ որոշումը միակ ընդունելին էր, որից հետո Ալիեւը կկարողանա պաշտոնավարել մինչեւ խոր ծերություն:

Որոշ փորձագետներ էլ պնդում են, որ Ալիեւն իշխանությունը կարող է հանձնել կնոջը` Մեհրիբան Ալիեւային, կամ իր ընտանիքի եւ կլանի կողմից ամբողջովին վերահսկելի որեւէ անձի: Ինքը հաղթեց պատերազմում, կատարեց ադրբեջանցիների երազանքը, երկիրը գտնվում է զարգացման եւ հզորացման փուլում, հիմա կարող է գնալ վաստակած հանգստի: Այս տարբերակի կողմնակիցները հիմնավորում են, որ Ալիեւը դրանով կարող է Ադրբեջանն ազատել ռուսական ճնշումներից` ի վերջո խոստումները ՌԴ նախագահին տվել է Իլհամ Ալիեւը, փետրվարի 7-ից հետո նա այլեւս չի լինի նախագահ, եւ Ռուսաստանը պետք է խոսի Ադրբեջանի նոր իշխանության հետ: Արտահերթ նախագահական ընտրությունների ժամանակն էլ է շատ հարմար ընտրված, մինչ Ադրբեջանում կլինեն ընտրություններ, կձեւավորվի «նոր» իշխանություն, Ռուսաստանը եւս կգտնվի նախընտրական վիճակում եւ չի կարողանա անմիջապես արձագանքել Ադրբեջանում տեղի ունենալիք ներքաղաքական գործընթացներին: 

Ադրբեջանցի փորձագետներին զարմացնում է եւս մի հանգամանք` բարեկամ եւ դաշնակից Թուրքիայի լռությունը, առնվազն հրապարակային մակարդակում: Հնարավոր է, որ Թուրքիայի իշխանությունները եւս Ադրբեջանի նախագահին զգուշացրել են Արեւմուտքի պահանջներին հակադրվելու վտանգավորության մասին, սակայն մի կողմից չեն ցանկանում դրա մասին բարձրաձայն խոսել, ցույց տալու համար, որ իրենց համար միեւնույն է, թե ինչ կորոշի Ադրբեջանը, մյուս կողմից էլ, եթե աջակցություն հայտնեն դրան, անիմաստ կփչացնեն հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Մի բան պարզ է, որ Արեւմուտքը փորձում է հնարավորինս սեղմ ժամկետում Հարավային Կովկասն ազատել ռուսական ազդեցությունից, եւ այդ խնդրի լուծումը մտնում է ավարտական փուլ:

Ավետիս Բաբաջանյան