Նա խիզախ, սառնասիրտ եւ հավասարակշռված տեսակ էր

Նա խիզախ, սառնասիրտ եւ հավասարակշռված տեսակ էր

Երեկ վաղ առավոտյան տեղեկացանք, որ կյանքից հեռացել է ԱԺ առաջին գումարման նախագահ Բաբկեն Արարքցյանը: 

Բաբկեն Արարքցյանը «Ղարաբաղ» կոմիտեի անդամ է եղել: 1988-ի դեկտեմբերի 10-ին ձերբակալվել է եւ 6 ամիս` «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների հետ, անցկացրել մոսկովյան Բուտիրկա բանտում: Նա 1990-1991-ին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահի առաջին տեղակալն էր, իսկ 1991-ին ընտրվեց ԳԽ նախագահ եւ ղեկավարել է խորհրդարանը մինչեւ 1995 թվականը։ Իսկ 1995-ի հուլիսի 27-ին Արարքցյանն ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ՝ դառնալով Հայաստանի առաջին գումարման ԱԺ նախագահը։ Այդ պաշտոնից նա հրաժարական է տվել 1998-ին՝ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո` իշխող թիմի հետ միասին։ Ավելի ուշ Արարքցյանը հիմնադրել ու ղեկավարել է «Արմատ» հասարակական կազմակերպությունը։ Նա գիտական աշխատությունների եւ բուհական դասագրքերի հեղինակ է: 

Բաբկեն Արարքցյանի կենսագրությունը կարելի է 2 մասի բաժանել` ակտիվ քաղաքական շրջան եւ պասիվ շրջան: Մեր օրերում դժվար է պատկերացնել, որ Ազգային ժողովի նախագահը կարող է ինչ-որ հարցում ընդդիմանալ այն իշխանություններին, որի ներկայացուցիչն է ինքը, սակայն Բաբկեն Արարքցյանն այն եզակի անհատականություններից է, ով դեռ 1997-ին «Զինապարտության մասին» օրենքի փոփոխություններին դեմ էր եւ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ կոնֆլիկտ ունեցավ ու ԱԺ-ում հայտարարեց, թե հրաժարական է տալիս, որովհետեւ դեմ է, որ ուսանողներին ուսման կեսին զորակոչեն։ Նա գիտնական էր, դասախոս եւ կողմ էր, որ երիտասարդներն առաջին հերթին կրթություն ստանան եւ միայն ավարտելուց հետո գնան բանակ: Նրա հրաժարականի հայտարարությունն իր դերը խաղաց, եւ այդ փոփոխություններն այն ժամանակ հետ կանչվեցին: Հետագայում այդ օրենքը, իհարկե, ընդունվեց։

2000-ականներից արդեն Բաբկեն Արարքցյանը պասիվ էր, անգամ մամուլում նրա հարցազրույցները բավականին սակավաթիվ էին: Իսկ 2018-ից հետո, երբ մենք պատերազմ, զոհեր ու վիրավորներ ունեցանք, կորսվեց Արցախի Հանրապետությունը, այդ իրադարձությունների վերաբերյալ Բաբկեն Արարքցյանի գնահատականներն այլեւս չեն հնչել: Լուրեր էին շրջանառվում, որ նա ստանձնել է Նիկոլ Փաշինյանի ստվերային խորհրդատուի դերը, Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնին է տեղավորել փեսային, եւ դա է նրա լռության պատճառը: Եվ անգամ երբեմնի գործընկերների ու ընկերների հետ նա, ասում են, շատ հազվադեպ էր շփվում:

ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով երկար տարիներ աշխատել է Բաբկեն Արարքցյանի հետ, կիսվեց մեզ հետ հիշողություններով: 

«Նա բավականին խիզախ տեսակ էր: Աչքիս առաջ եկավ Գերագույն խորհրդի մի դրվագ` 1991-1992 թվականներն էին: Մի մարդ` նռնակը ձեռքին, գրավեց Ազգային ժողովի ամբիոնը եւ ուզում էր անպայման ելույթ ունենալ, հետո պարզվեց, որ նա անհավասարակշիռ մեկն էր, ուներ հոգեկան խնդիրներ: Այդ օրն իրեն ամենասառնասիրտը պահեց Բաբկեն Արարքցյանը: Հանգիստ կերպով դահլիճում փորձեց խաղաղություն հաստատել: Այն ժամանակներին հատուկ էր` լսվեցին ատրճանակների չխկչխկոցներ, որոշ մարդիկ փորձեցին դուրս պրծնել, ոտքի կանգնեցին, Արարքցյանը սառնասրտորեն ասաց. «Թողեք ելույթ ունենա, շատ հետաքրքիր է, թե մարդն ինչ մտքեր ունի»: Նա ինչ-որ ախմախ-ախմախ մտքեր հայտնեց ամբիոնից, չեմ հիշում, թե ինչեր էր ասում: Նա անհայտ մարդ էր, քաղաքական գործիչ չէր, ոչ էլ նորմալ բան ասաց։ Ինչեւէ, Բաբկեն Արարքցյանն ասաց. «Շատ հետաքրքիր բաներ եք ասում, բայց եկեք գնանք այլ սենյակ, շարունակենք մտքերի փոխանակումը, ես Ձեզ կլսեմ»: Նիստերն այդ ժամանակ Մելիք Ադամյանում էին, գնացին առանձին սենյակ, նրան հաջողվեց, ի վերջո, վնասազերծել այդ մարդուն: Նա խիզախ, սառնասիրտ եւ հավասարակշռված տեսակ էր»,- պատմում է Ռուբինյանը: Նա նաեւ հիշեց Արարքցյանի եւ Վազգեն Սարգսյանի միջեւ առկա հակասությունները։ «Զինապարտության մասին օրենքում Վազգեն Սարգսյանն առաջարկությամբ էր եկել, որով փորձում էր բավականին խստացնել ուսանողների, ասպիրանտների տարկետման իրավունքները: Բաբկեն Արարքցյանը դասախոսում էր, ուներ սկզբունքային մոտեցումներ, պնդում էր, որ առանց տարկետման, ուսանողները կդադարեն սովորել եւ այլն, եւ այլն: Եղավ բավականին մեծ հակասություն: Խնդիրը հարթվեց հետագայում: Իսկ հետագայում` արդեն հրաժարականից հետո, ստեղծեց «Արմատ» հասարակական կազմակերպությունը, որտեղ սկզբնական շրջանում բավականին մեծ գործունեություն էր ծավալում: Ես՝ ինքս էլ մասնակցում էի դրան, թերթ էր հրատարակում: Որոշ ժամանակ անց, շատ ավելի ակտիվ գործողությունների պահանջ կար, Արարքցյանն էլ հայտարարեց, որ ինչ կարողացել է, արել է: Ավելի ռադիկալ քաղաքական պայքարի մտադրություն չուներ, հավանաբար: Դրանով պայմանավորված՝ ոմանք դուրս եկան «Արմատից» եւ ինքնուրույն գործունեություն ծավալեցին»,- նշում է Կարապետ Ռուբինյանը: