Ժառանգություն՝ «ուղիղ» գծով

Ժառանգություն՝ «ուղիղ» գծով

Սոցիալ-տնտեսական զարգացման բնագավառում պետական քաղաքականության բացակայության վնասները կենցաղի օգնությամբ «սքողելու» պրակտիկան հայ իրականության մեջ հին արմատներ ունի եւ սկզբնավորվել է առաջին նախագահ Լ․ Տեր-Պետրոսյանից։ Նա իր ապիկար տնտեսական քաղաքականության հետեւանքները՝ գործազրկությունը, աղքատությունը, փորձում էր հաղթահարել՝ մարդկանց խորհուրդ տալով հարեւանից պարտք վերցնելով՝ յոլա գնալ։ Այդ խորհուրդն իր հիմքում չափազանց ցինիկ էր եւ մանիպուլյատիվ, որովհետեւ նաեւ ներքին անտրամաբանականություն ուներ․ ո՞ր հարեւանից պիտի պարտքով փող վերցներ մարդը, եթե շուրջբոլորը նույն աղքատներն էին։ 

Քաղաքատնտեսական մտքի հնարավորինս կենցաղայնացնումը մեզանում, ցավոք, հետո էլ շարունակվեց՝ խեղաթյուրվելով այնքան, որ սկսեց շփոթվել «ժողովրդի հետ ժողովրդի լեզվով խոսելու» կեղծ ըմբռնման հետ։ «Մի տնից չենք՝ մի հալի ենք» ասացվածքի հանգույն իբր հավասարվելով հասարակ ժողովրդին կամ «իջնելով» նրա մակարդակին՝ իշխանությունը, ի դեմս վարչապետի, այսօր ժողովրդի հետ կեղծավորաբար «որոնում» է բարեկեցիկ ապրելու եղանակներն ու միջոցները՝ երբեմն հանգելով այնպիսի անհեթեթության, ինչպիսին մոշի ու օտար լեզվի իմացության պատմությունն է։ Եվ այսօր էլ՝ պոպուլիզմի աննախադեպ ծաղկման մեր ժամանակներում, «ժողովրդի լեզվով խոսելու» ցանկությունն իշխանավորների մեջ չի մարում։

Օրեցօր ահագնացող սոցիալական հիմնախնդիրների տերպետրոսյանական վերոհիշյալ «լուծումը» մեր օրերում հանդես է գալիս նորանոր տարբերակներով։ Ն․ Փաշինյանը, որ «ուղիղ գծով» ժառանգել է գաղափարական հոր ամբողջ տեսական «զինանոցը», ակտիվորեն զարգացնում է այն։ Ինչպես վայել է ուսուցչին գերազանցել ձգտող յուրաքանչյուր աշակերտի՝ նա նույնիսկ առաջ է գնացել։ Օրինակ՝ «հարեւանից պարտք վերցնելու» տնտեսագիտական «մեթոդը» Փաշինյանի օրոք նկատելիորեն գաղափարականացել է․ նրա համար մարդու աղքատության պատճառը ոչ թե իշխանության ապաշնորհ քաղաքականության մեջ է, այլ՝ մարդկանց գլուխներում։ Քաղաքացին եթե գլուխ ունենա՝ հասկանա նոր իշխանությունների տնտեսական քաղաքականության ողջ գիտական «հենքը», ասենք՝ մոշ աճեցնելու վերաբերյալ, հաստատ սոված չի մնա, նույնիսկ կբարգավաճի։ 
Տավուշի մարզ կատարած վերջին այցի ժամանակ վարչապետը հայտարարել է, թե մարդը եթե մի տուփ սիգարետ պակաս ծխի կամ մի շիշ օղի պակաս խմի («էլ չեմ ասում՝ երկու»), ուրեմն բյուջեն կլցվի, քաղաքացին էլ ավելի բարեկեցիկ կյանքով կապրի։

Եվ վիրավորականն ու տմարդին, որքան էլ տարօրինակ դիտվի, խնայողության վարչապետական կոչի «առարկաներն» են՝ խմիչք ու ծխախոտ․ չէ՞ որ դրանք օգտագործելով է, որ հպարտ քաղաքացիների գոնե մի մասի համար հնարավոր է դառնում փոքր-ինչ մոռանալ թե՛ աղքատության, թե՛ սոցիալական անելանելի վիճակի մասին։ 

Վիրավորական է իշխանական այն գոռոզամտությունը, որով «հպարտների» հետ հաղորդակցվում է վարչապետը։ Նա մեծամիտ է այնքան, որ մտքով չի անցնում, թե «հպարտներն» ախր այնքան խելք ու գիտակցում ունեն, որ կտեսնեն իր սովորական դարձած ձեռնածությունները, ժողովրդի լեզվով ասած՝ ֆռիկները։ Նա չի մտածում, որ խնայած մի տուփ սիգարետն ու երկու շիշ օղին պետական բյուջե եթե գնան էլ (թե ինչպե՛ս՝ վարչապետն ու իր «նորարար» թիմը գիտեն․ մարդու անձնական խնայողությունն ինչո՛ւ պիտի պետական բյուջե գնա, ախր ապշելու տրամաբանություն է), ժողովրդի պատկերացումներում դառնալու է ոչ թե «մանկապարտեզ տանող ճանապարհ»՝ ըստ իր խոստման, այլ՝ պարգեւավճար ու իշխանական մեկ այլ վայելք։ 

Եվ այդօրինակ ֆռիկներով «ֆռֆռալ» երկրով մեկ ու սեփական բացառիկության, աննախադեպության գունագեղ հանդեսներ բեմադրել, տհաճ լինելուց բացի, նաեւ փակուղի տանող ճանապարհ է։