Կապկելով Նիկոլին

Կապկելով Նիկոլին

Այսպիսի իշխանություն ունենալը պարզապես բարեբախտություն է ընդդիմության համար: Ինքնահավան, կույր, ձախողված մանկապատանեկան խմբակ՝ ահա այն, ինչ ունենք իբրեւ իշխանություն, եւ իշխանափոխությունից ընդամենը 5 պակաս իրավիճակ:

Լակոտակրատիան սպառել է իրեն: Իշխանության բոլոր «խոսույթները», անխտիր, այլեւս Հայաստանի ու հայ մարդու մասին չեն: Իրենց վերջին օրերն ապրող լակոտակրատներն արդեն մտածում են պատասխանատվությունից խուսափելու մասին: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ըստ էության խոստովանեց այս ամենը՝ չպատասխանելով կամ չկարողանալով պատասխանել լրատվամիջոցի մի շարք հարցերի: Ի մասնավորի՝ նա պատասխան չուներ այն հարցին, թե ում խղճին են կորոնավիրուսի պատճառած հազարավոր մահերը, նաեւ որեւէ հոդաբաշխ խոսք չասաց այն մասին, թե կորոնավիրուսի դեմ պայքարում ինչով է, օրինակ, կարանտինն ավելի լավ, քան արտակարգ դրությունը:

Կարող է հարց առաջանալ՝ մի՞թե կորոնավիրուսի դեմ ձախողված պայքարը կարող է իշխանափոխության հիմք դառնալ: Կարճ պատասխանեմ՝ այո: Այս իշխանությունը պետք է րոպե առաջ հեռանա, եթե իր ապաշնորհության արդյունքում 2.5 միլիոնանոց երկրում կան հազարավոր զոհեր, կան տասնյակ հազարավոր վարակվածներ, կորոնավիրուսի դեմ անգրագետ պայքարի, անիմաստ արտակարգ իրավիճակի եւ ստրկացուցիչ կարանտինի պատճառով կան կալանավորի վիճակում հայտնված հազարավոր քաղաքացիներ, որոնք կա՛մ չեն կարող գալ, կա՛մ չեն կարող դուրս գալ Հայաստանից: Ու նաեւ պետք չէ սահմանափակվել միայն կորոնավիրուսի հիշատակումով ու կորոնավիրուսի վրա մեղքը բարդելով: Ուղտը դուզ տեղ չունի, այս իշխանությունները՝ դուզ գործ: Ամեն ինչ կառուցված է պոպուլիզմի հեղհեղուկ հիմքերի վրա: Իշխանությունից դուրս ամեն ինչ վտանգված է՝ սկսած ժողովրդի սոցիալական վիճակից եւ վերջացրած պետական անվտանգության բարձիթողի վիճակով: Պետական անվտանգություն ասվածը միայն բանակը չէ, որ կանգնած է երկրի սահմանին: Իսկ ովքե՞ր են կանգնած տեղեկատվական հոսքերի սահմանին, ովքե՞ր են խոչընդոտում Հայաստանում մեր հակառակորդների կողմից ֆինանսավորվող ծրագրերի ներդրմանը:

Կրթության եւ առողջապահության սահմաններն ովքե՞ր են պահում, ովքե՞ր են զբաղվում Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմամբ, միջազգային կառույցներում Հայաստանի շահերն առաջ մղելու գործով: Նշածս բոլոր ոլորտներում խայտառակ վիճակ է: Մի կառավարություն, որ իր կազմում ունի Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, Զարեհ Սինանյան, մի կառավարություն, որ ԱԺ-ում ունի կատարյալ թերուսների եւ անգրագետների միատարր եւ կայուն մեծամասնություն, մի կառավարություն, որ խաղալիք է դարձել օտարերկրյա գործակալների եւ սորոսական թափթփուկների ձեռքին, պետք է անհապաղ հրաժարական տա եւ գլխիկոր հեռանա:

Կարո՞ղ է մեկն ինձ ասել, որ դատաիրավական համակարգի այս վիճակը պետական անվտանգության խնդիր չէ: Հենց այս պահին Հայաստանում անարխիա է տիրում՝ իր բոլոր դրսեւորումներով: Իշխանությունը վերածվել է խունտայի՝ մի խումբ մարդկանց հաճույքներով շարժվող մեքենայի: Ցույց տվեք ինձ՝ ո՞ւր է Սահմանադրական դատարանը, որ կոչված է առաջին հերթին իշխանության հակասահմանադրական քայլերը կանխելուն: ՍԴ-ում եւ նրա շուրջ ոչ թե ճգնաժամ է այսօր, այլ՝ հոգեհանգիստ, որ կարող է վաղը դառնալ թաղում՝ նշանավորելով թավշյա վարչապետի վերջնական թագադրումը:

Եվ, ահա, այս իշխանության ներկայացուցիչն «Ազատության» եթերում հայտարարում է, որ ցանկացած իշխանության համար այսպիսի ընդդիմություն ունենալն իսկական երազանք է: Իբր՝ այս ընդդիմությունն առաջնորդվում է նեղ կուսակցական շահերով: Մեկը լինի, հարցնի՝ տղա ջան, եթե դու ՀՀ քաղաքացուն պարտադրում ես՝ իր տան մոտ աղբը թափելիս անձնագիր ունենալ մոտը, եւ դրա համար ես քեզ քննադատում եմ, ծաղրում, ձեռ առնում, մեղադրում կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մեջ, մի՞թե կուսակցական շահով եմ առաջնորդվում: Այո, դուրսպրծուկների պակաս Փաշինյանն իսկապես չունի: Երեւի հարկ կա նորից թվարկելու՝ Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, Զարեհ Սինանյան… Ավելացնեմ՝ Ռուբեն Ռուբինյան: Էս վերջինն ամենածիծաղելին է: Քո հայրը լուրջ տղա է, Ռուբեն ջան, դու էս ո՞ւմ ես քաշել: Անգամ շարժումներդ, դիմախաղդ ու ձայնդ ես նմանեցնում Փաշինյանին, ամոթ է: Սիրտդ մի ուրիշ տեսակ ընդդիմություն է ուզում, հա՞, քեզ երեւի դուր չի գալիս այն ընդդիմությունը, որ հայրիկիդ է տուն ուղարկել, այո՞: Իսկ ե՞րբ պետք է հասկանաս, որ իշխանություններն ընդդիմությանը չեն ընտրում, այլ ընդդիմություն են վաստակում իրենց պատկերին ու գործերին համեմատ, եւ ստիպված են լինում պայքարել հենց այն ընդդիմության դեմ, որից վախենում են:

Այն էլ ասեմ, որ «Ազատություն» ռադիոկայանի ընտրությունը՝ ներքաղաքական խնդիրներ քննարկել Ռուբեն Ռուբինյանի հետ, բավականին հետաքրքիր է, եւ դա այն տեսանկյունից, որ իշխանական այս սուբյեկտն ի պաշտոնե պետք է որ ավելի հարմար լիներ արտաքին քաղաքական խնդիրների արծարծման համար:

Ռուբինյանն այն պաշտոնյաներից մեկն է, որ ընդդիմության հասցեին ճամարտակելու փոխարեն պետք է զբաղված լիներ ՀՀ արտաքին քաղաքականության «սահմանների» պաշտպանությամբ, ինչը, ի դեպ, անում է շատ վատ՝ իր խայտառակ քվեարկություններով վտանգելով Հայաստանի Հանրապետության վարկն ու կշիռը միջազգային բեմերում: Վարչապետ Փաշինյանի կադրային քաղաքականության ամենաչհաջողված պրոդուկտի մասին ենք խոսում, կարծում եմ, որ կարողանում է «դուխով» խոսել իրեն չվերաբերող ոլորտի՝ ներքաղաքական դաշտի եւ այդ ոլորտում գործող քաղաքական ուժերի մասին: Խորհուրդս հետեւյալն է՝ պարոն Ռուբինյան, կա՛մ մասնագիտությունդ փոխիր, կա՛մ զգույշ եղիր չիմացածդ բաների մասին հարցազրույցներ շռայլելիս: Երեւանից Տոկիոն էլ չի երեւում, բայց դա քեզ իրավունք չի տալիս այդ քաղաքի մասին քամահրանքով խոսելու: Ասում են՝ ուժեղ գրբացներ են եկել Հայաստան: Գուշակություններին հավատում ես, թե ոչ, այցելիր նրանց, գուցե քեզ օգնեն: Այլապես ասում ես՝ ԲՀԿ չկա… Իսկ կարողանալո՞ւ ես քո մտքի ուժով այդ ցնդաբանության տակից դուրս գալ: