Ինչ կա Ալիեւի հակաամերիկյան արշավի «տողատակերում»

Ինչ կա Ալիեւի հակաամերիկյան արշավի «տողատակերում»

Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գրասենյակը՝ USAID-ն, որոշել է հեռանալ Ադրբեջանից։ Թեեւ կարծես թե Ադրբեջանի իշխանություններն էին նրանց իրենց երկրից դուրս գալու ճանապարհը ցույց տվել:

Ալիեւյան քարոզչամեքենան սկսել է բոլոր հնարավոր մեղքերի մեջ մեղադրել այս կառույցին՝ հայտարարելով, որ Ադրբեջանում ամերիկյան այս ինստիտուտն այլ նպատակ չունի եւ այլ նպատակ չի ունեցել, քան հասնել իշխանափոխության, որպեսզի Ադրբեջանում էլ լինի ամերիկացիներին այնպիսի հլու-հնազանդ իշխանություն, ինչպիսին Հայաստանում է։ Ըստ ադրբեջանական մամուլի՝ Միացյալ Նահանգները կորցրել է իր վստահություննը Ադրբեջանում, եւ հետագայում պաշտոնական Բաքուն չափազանց զգուշավորությամբ է վերաբերվելու այն բոլոր նախաձեռնություններին, որոնք բխելու են ամերիկյան կողմից, քանզի դրանք մութ նպատակներ ունեն։

Ալիեւյան քարոզչամեքենան հիշեցրել է, որ ամերիկյան կողմը հենց USAID-ի միջոցով է փորձել Ադրբեջանում իրավիճակն ապակայունացնել 2003, 2008 եւ 2013 թվականների ընտրությունների նախաշեմին, ինչը նրանց չի հաջողվել։ Ադրբեջանական մեդիան հղում է տալիս թիվ 530 գաղտնի արձանագրության նոյեմբերի 11-ի թարմացմանը, որում ասվում է, որ USAID-ն փակում է իր գրասենյակներն արտասահմանում` ելնելով ստեղծված արտակարգ իրավիճակից, փորձելով ակնարկել, որ ալիեւյան ռեժիմն է որոշում կայացրել՝ այս կազմակերպության գործունեությունն արգելել։

Հիշեցնենք, որ ամերիկաադրբեջանական հարաբերություններում «սեւ ամպեր» հայտնվեցին այն բանից հետո, երբ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերը հայամետ հայտարարությամբ էր հանդես եկել։ Դրանից հետո Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմաթ Հաջիեւը հայտարարել էր, որ ԱՄՆ ՄԶԳ-ն Ադրբեջանում այլեւս տեղ չունի։ Ի դեպ, բավական ուշագրավ է այն, որ ԱՄՆ ՄԶԳ-ն նաեւ Ռուսաստանի իշխանությունների կողմից ամենաչսիրված կազմակերպություններից է, որի գործունեությունը ՌԴ-ում արգելվել է 2012 թվականից։ Կարծես թե վերջին շրջանում ռուսների հանդեպ չափազանց շատ ռեւերանսներ անող Ալիեւը որոշել է հակաամերիկյան իր արշավով, ինչպես ասում են, մեկ կրակոցով երկու նապաստակ բռնել։ Նախ՝ հնարավորինս չեզոքացնել ադրբեջանական հակաիշխանական ճամբարի հնարավորությունները, որոնք, ըստ ադրբեջանական պաշտոնական քարոզչության, մշտապես «սնվել» են ԱՄՆ ՄԶԳ-ից, եւ ապա` հանդես գալ «հակաամերիկյան» սոուսի ներքո՝ դրանով սիրաշահելով ռուսական բարձրագույն ղեկավարության բարեհաճությունը։

Իսկ ինչ վերաբերում է ամերիկյան տարբեր կազմակերպությունների եւ հիմնադրամների գործունեությանը մեր տարածաշրջանում եւ, առհասարակ, տարբեր երկրներում, ապա ոչ մի նորություն չկա նրանում, որ այդ կազմակերպություններն իրենց տված դրամաշնորհների եւ տարբեր երկրներում վարած քաղաքականության միջոցով նաեւ խառնակչություն են անում, փորձում քաղաքականություն թելադրել, իշխանություն փոխել, գլոբալիզացիայի կանոնները ներմուծել ազգային պետություններ եւ արժեհամակարգ ու մտածողություն փոխել: Այն, ինչ Հայաստանում տեղի ունեցավ վերջին տասնամյակում, թերեւս, նաեւ արեւմտյան որոշ կառույցների հետեւողական աշխատանքի արդյունքն է` անկախ նրանից, թե այդ արդյունքը ոմանք ողջունում են, ոմանք` համարում աղետաբեր: