Ո՞ր դեպքում Ալիեւը «ուժով կբացի» «զանգեզուրյան միջանցքը» 

Ո՞ր դեպքում Ալիեւը «ուժով կբացի» «զանգեզուրյան միջանցքը» 

Արցախյան ողբերգական դեպքերի ֆոնին, որոնց ականատես ենք լինում հիմա, վերջին օրերին արտաքին բազմաթիվ խաղացողներից, տարբեր մակարդակներից հայտարարություններ են հնչում՝ Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման կամ հարգման հարցում վճռականության մասին։ Դա առկա էր ե՛ւ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանտա Փաուերի կողմից Նիկոլ Փաշինյանին փոխանցված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նամակում, ե՛ւ մի փոքր ավելի վաղ՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ TF1 եւ France 2-ին տված հարցազրույցներում, ե՛ւ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչներից Քոլին Քալեմի՝ ՀՀ Պնախարար Սուրեն Պապիկյանի հետ ունեցած հեռախոսազրույցում, ե՛ւ Թեհրանից հնչած բազմաթիվ հայտարարություններում։ Պարզ է, որ հասկացնում են՝ Արցախը հանձնելուն համաձայն ենք, բայց Հայաստանի հարցում՝ ոչ։ Թեեւ դա ոչ մի երաշխիք չի տալիս, որ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քայլերի դեպքում, բացի հայտարարությունները, նաեւ գործուն միջամտություն կցուցաբերեն։

Որքան էլ չուզենանք, սակայն հատկապես հաշվի առնելով Ադրբեջանի կողմից անընդհատ բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունները, ակամա գալիս ենք այն մտքին, որ, ամենայն հավանականությամբ, դրսի խաղացողներն արդեն խոսում են հենց սրա մասին։ Չմոռանանք, որ Ադրբեջանը նաեւ սպառնացել է, որ եթե, այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը» խաղաղությամբ հնարավոր չլինի բացել, այն կբացի ուժով։ Սա այժմյան իրականության բազմաթիվ գործոնների հետ համադրելով՝ ուղղակիորեն նշանակում է, որ կան մտահոգություններ, որ հենց այս ուղղությամբ կարող է լարվածություն առաջանալ։ Սակայն այստեղ կա մի նրբություն։ 

Արդյոք Բաքուն այս դեպքում կգնա՞ ուղիղ առճակատման Ռուսաստանի/ՀԱՊԿ-ի հետ։ Ի վերջո, եթե Արցախի դեպքում հիմնավորումներ կարելի էր գտնել, ապա այս դեպքում հիմնավորումներ գտնել Մոսկվայի համար ուղղակի հնարավոր չի լինի, իսկ կորցնել Հայաստանը Հարավային Կովկասում՝ Ռուսաստանն ամենեւին չի ուզում, որքան էլ հայտարարեն, թե առանց Հայաստանի Ռուսաստանը մի կերպ կդիմանա։ Պարզ է, որ Իլհամ Ալիեւը, ով որքան էլ չուզենանք, կարողանում է լավ հաշվարկել իր անելիքները, նման ռիսկային քայլի չի գնա։ Նա չափազանց թանկ է գնահատում Ռուսաստանի հետ հարաբերությունները՝ անկախ ամեն հանգամանքից։ 

Իսկ ե՞րբ Ալիեւը կփորձի «ուժով բացել», այսպես կոչված, «զանգեզուրյան միջանցքը»։ Պատասխանը շատ պարզ է։ Երբ Փաշինյանը վերջնականապես փչացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանից դուրս բերի ռուսական ռազմաբազան եւ դուրս գա ՀԱՊԿ-ից։ Լավ կամ վատ, որքան էլ դա Հայաստանի իշխանությունների քիմքին հաճելի չթվա, սակայն ռուսական գործոնը որոշակիորեն զսպող գործոն է։ Ուստի Հայաստանում հանրությունը հենց այս հարցը պետք է դարձնի առաջնային կարեւորության հարց, որովհետեւ ժամանակակից վերափոխվող աշխարհում իրապես այնպիսի իրավիճակ կարող է առաջանալ, որ առանց Ռուսաստանի Հայաստանը պարզապես գոյություն չունենա։