Ակադեմիան «հանրաքվե» է անում ու Արայիկ Հարությունյանին ասում «ոչ»

Ակադեմիան «հանրաքվե» է անում ու Արայիկ Հարությունյանին ասում «ոչ»

Երկու օր առաջ սկսված Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների գիտաշխատողների ընդհանուր նիստը շարունակվել է նաեւ երեկ։ Գիտաշխատողները փակ-գաղտնի քվեարկել են՝ պատասխանելով մեկ հարցի․ ուզո՞ւմ են մնալ ԳԱԱ կազմում, թե՞ ոչ։ Հիշեցնենք, որ կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծով նախատեսվում է ինստիտուտները հանել ԳԱԱ կազմից եւ միավորել բուհերի հետ։

Մանուկ Աբեղյանի անվան գրականության, Լեզվի, Արեւելագիտության եւ բազմաթիվ այլ ինստիտուտներում փակ, գաղտնի քվեարկությունները տեղի էին ունեցել մարտի 3-ին, գիտաշխատողների 99 եւ ավելի տոկոսը «ոչ» է ասել Գիտությունների ակադեմիայի կազմից դուրս գալուն․ յուրաքանչյուր ինստիտուտում դուրս գալու օգտին կամ անվավեր քվեարկել է մեկ-երկու մարդ։ Սա հաստատեց նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը։

Լեզվի ինստիտուտի տնօրեն Վիկտոր Կատվալյանը մեզ հետ զրույցում ասաց, որ, դատելով գիտաշխատողների տրամադրություններից, քվեարկությունից առաջ էլ պատկերը պարզ էր։ «Մեր ինստիտուտի աշխատակիցների հիմնական մասը գտնում է, որ ճիշտ կլիներ պահպանել ինստիտուտները ԳԱԱ կազմում, ինչպես նաեւ կարծում են, որ ակադեմիական համակարգը, գիտությունը պետք է լինեն միասնական, համակարգային եւ իրբեւ այդպիսին՝ մնան ու զարգանան Հայաստանում»,- ասաց ինստիտուտի տնօրենը։

Եթե ԿԳՄՍ-ն ակադեմիայի աշխատակիցների կարծիքը հաշվի չառնի, ի՞նչ են անելու։ Վիկտոր Կատվալյանն ասաց, որ այդ մասին չեն մտածել, ու ավելացրեց․ «Մենք հեղափոխական տրամադրություններ չունենք, մենք հնչեցրել ենք մեր ցանկությունն ու կամքը, եւ այս իշխանությունն էլ բազմիցս հայտարարել է, որ եկել են ժողովրդի կամքը իրականացնելու։ Մենք էլ ենք ժողովուրդ, եւ մեր կամքը պետք է կատարվի»։ Արեւելագիտության ինստիտուտում էլ ժողովն արել են, կարծիքները հնչեցրել են, բայց քվեարկությունը թողել են հետոյին, երբ նախարարությունից բոլոր պարզաբանումները կստանան։ Ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը հայտնեց, որ ունեին հարցեր, որոնց պատասխանները ստանալուց հետո նոր միայն կորոշեն, թե որտեղ են ուզում լինել՝ ԳԱԱ-ո՞ւմ, թե՞ այլ տեղում։ Ամեն դեպքում, Սաֆրաստյանն ասաց․ «Մեր դիրքորոշումն այն է, որ գիտությունը Հայաստանում պետք է զարգանա նոր պայմաններում, եւ դրա համար բարենորոգումներ պետք է արվեն, բայց ակադեմիան պետք է մնա որպես մեր ժողովրդի հոգեւոր հազարամյա պատմության հոգեւոր-ինտելեկտուալ նվաճումների արգասիք»։ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրենը հրաժարվեց ներկայացնել իրենց քվեարկության արդյունքները՝ ասելով, որ դրանք փակ-գաղտնի են։  

Այնուամենայնիվ, ակադեմիայի ինստիտուտների կողմից սա աննախադեպ «պլեբեսցիտի» քայլ է՝ հստակ համատեքստով, որ ասում են՝ ժողովուրդն է որոշում, ժողովուրդն էլ որոշում է։ Բնականաբար, նաեւ ընդվզում է նախագծի դեմ։

Մենք զրուցեցինք նաեւ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի հետ, հարցրինք, թե ինչպես եւ ինչու են ակադեմիայի ինստիտուտները հանկարծ որոշել, որ իրենք պետք է վճռեն իրենց ճակատագիրը, չէ որ կրթության եւ գիտության մասին օրենքի նախագծով նախատեսված է միացում բուհերին, ոչ թե Գիտության կոմիտեին կամ ԿԳՄՍ-ին։

Ռադիկ Մարտիրոսյանն ի պատասխան ասաց, որ նախագծում նման բան ուղիղ նշված չէ, իսկ նախարարն իր հարցազրույցներում ասում է․ «Մեր նպատակն է՝ բարձրացնել ինստիտուտների կարգավիճակը, ուժեղացնել․․․ Մի ինչ-որ հիմնավորում կա, որ ակադեմիայի ինստիտուտների ինքնավարությունը լիարժեք չէ, որ նրանց ընդունած որոշումները նախագահության բաժանմունքներից չեն հաստատվում, եւ դա է եղել հիմնական պատճառը, որ նրանք հավաքվել են ժողով անելու, որովհետեւ ոչ մի փաստաթուղթ ոչ մեկը չի կարող ցույց տալ, որ ակադեմիայի նախագահությունը որեւէ ինստիտուտի շահեր կա՛մ անտեսել է, կա՛մ ճնշել․․․ եւ էս մարդիկ դրանից են, էսպես ասած․․․»։

Ռադիկ Մարտիրոսյանը նաեւ նկատեց, որ 40 էջանոց նախագծում ակադեմիայի մասին կա ընդամենը 11 տող, որտեղ ասվում է, թե ակադեմիան ինչ է՝ բարձրագույն կոչումներ ունեցող գիտնականների միավորում։ ԳԱԱ նախագահը հավելեց․ «Նախ, դա կարգավիճակ չէ, դրանով ակադեմիան դառնում է հասարակական կազմակերպություն։ Եվ երկրորդն էլ՝ ակադեմիան բաղկացած է իր կառույցներից ու իր անդամներից, եւ էդ կառույցներն էդ նախագծի մեջ չկան։ Այսինքն՝ ակադեմիան կառույցներ, հետազոտական ինստիտուտներ չի ունենում։ Թե հետո ուր են տանում, գրված չէ այդ օրենքում»։  

Իսկ համաակադեմիական ընդհանուր ժողով գումարելու ու քվեարկելու որոշումը, Ռադիկ Մարտիրոսյանի տեղեկացմամբ, ԳԱԱ ինստիտուտների տնօրենների խորհրդինն է․ «Որոնք էլ ասացին՝ դե որ էդպես է, ուրեմն մենք էլ կորոշենք, թե ովքեր են ուզում մնալ ակադեմիայի կազմում, ովքեր՝ դուրս գալ։ Էդ ա»։ Փակ, գաղտնի քվեարկության ձեւն էլ, ԳԱԱ նախագահի խոսքով, ընտրվել է այն պատճառով, որ կողքից ճնշում չգործադրվի՝ «մարդիկ հանգիստ արտահայտվեն»։
Պարոն Մարտիրոսյանին հարց ուղղեցինք․ «Փաստորեն, մարգարեական դարձան Ձեր այն խոսքերը, որ Հայաստանը քոսոտ երկիր է, քանի որ 20-ական թվականներից ակադեմիա ունեցող Հայաստանը որոշել է գնալ ակադեմիան հասարակական կազմակերպության կարգավիճակի տեսք տալու ճանապարհով»։ Հարցը Ռադիկ Մարտիրոսյանին դուր չեկավ․ «Դե լավ, չարժի էս պահին հիշել»։