Սերժ Թանկյանի համերգը կազմակերպելո՞ւ է Էդուարդ Աղաջանյանի ընկերը

Սերժ Թանկյանի համերգը կազմակերպելո՞ւ է Էդուարդ Աղաջանյանի ընկերը

Ֆեյսբուքյան օգտատեր Արթուր Ղազարյանը երեկ իր էջում սենսացիոն գրառում էր կատարել։ Նա վստահեցնում է, որ Սերժ Թանկյանի համերգը, որը, ինչպես հայտնի է, նախատեսված է հունիսին System of a Down խմբի եվրոպական տուրնեի շրջանակներում, կազմակերպելու է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ընկեր, «Շանթ» հեռուստաընկերության նախկին օպերատոր Գեւորգ Աղաբալյանը։

Վերջինս, ըստ աղբյուրի, ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ նրա եղբոր՝ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի ընկերական շրջապատից է։ Ըստ գրառման, կառավարությունը նրա հետ մեկ աղբյուրից գնման պայմանագիր է կնքել, առանց մրցույթ անցկացնելու, եւ նախկին օպերատորին է փոխանցելու 214 միլիոն դրամ՝ Թանկյանի համերգը կազմակերպելու համար։ «Ժամանակին նա նաեւ շարժական բեմ էր ապահովել իմքայլակաների համար»,- գրում է օգտատերը, իսկ Գեւորգ Աղաբալյանի էջին գտնում ենք շնորհակալական գրառում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հասցեին, որի հետ ինքն արդյունավետ համագործակցություն է ունեցել։ Ստացվում է, որ ե՛ւ Արայիկ Հարությունյանը, ե՛ւ կառավարության աշխատակազմի ղեկավարը ֆինանսական գործարքնե՞ր են կնքել իրենց ընկերոջ հետ։

Գեւորգ Աղաբալյանը, ով այսօր «պրոդաքշն» ունի՝ EX PRODUCTION անունով, վստահեցնում է, որ նման պայմանագիր կառավարության հետ չունի։ Սակայն նա մտածել է Սերժ Թանկյանի խմբի համերգը Հայաստանում կազմակերպելու մասին։ «Ոչ մի պայմանագիր առայժմ չկա։ Քննարկման փուլում ինչ-որ բաներ են դրանք։ Դրա համար չեմ ուզում ձեզ այս փուլում ավելի ինֆորմացիա տամ։ Ընդհանրապես լինելո՞ւ է Թանկյանի համերգ։ Դեռ հստակ չի, հնարավոր է, որ այս վիրուսների հետ կապված՝ այն տեղի չունենա»,- ասաց Գեւորգ Աղաբալյանը։ Այսինքն, Դուք, այնուամենայնիվ, կաք այդ գործընթացում։ «Մեր գաղափարը եղել է, որ խումբը գա, մենք բանակցել ենք խմբի հետ, բարի ցանկություն կա ե՛ւ իրենց, ե՛ւ մեր կողմից։ Իրենք պատրաստակամություն են հայտնել նույնիսկ գալու ու անվճար համերգ տալու, ինչպես եկան 5 տարի առաջ։ Բայց դրանք ընդամենը խոսակցություններ են, որոնք շատ հանգամանքներից են կախված, հայտնի չէ, թե կիրականանա՞ն, թե՞ ոչ»,- պատասխանեց Գեւորգ Աղաբալյանը։

Օգտատերերը գրել են, որ Դուք 214 մլն դրամի պայմանագիր ունեք Թանկյանի համերգը կազմակերպելու համար։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը՝ ճի՞շտ են, սխա՞լ են։ «Ոչ, իրականությանը չեն համապատասխանում։ Նման բան չկա։ Եթե կգրեք, որ այս փուլում նման բան կա, դուք ապատեղեկատվություն տված կլինեք։ Ինձ զանգեք մի երեք օրից։ Եթե այս փուլում չկա ծրագրված համերգ, ինչի՞ մասին ենք մենք խոսում»,- ասաց EX PRODUCTION-ի տնօրենը։ Հարցին, թե արդյոք ընկերություն անո՞ւմ է Էդուարդ Աղաջանյանի, Հայկ եւ Նաիրի Սարգսյանների, Արայիկ Հարությունյանի հետ, պատասխանեց․ «Ես Արայիկ Հարությունյանի հետ ընդհանրապես ընկեր չեմ, դա եղել է ապատեղեկատվություն, իսկ տարբեր մարդկանց հետ ես կարող եմ ընկերություն անել, դա ի՞նչ կապ ունի։ Կառավարության հետ 214 մլն դրամի պայմանագիր ես չունեմ»։
Մեր աղբյուրը հայտնում է, որ գումար փոխանցելու մասին որոշումը կա, սակայն գաղտնի է պահվում։