Հայաստանին անհրաժեշտ է ո՛չ միամիտ, ո՛չ չարամիտ ղեկավար

Հայաստանին անհրաժեշտ է ո՛չ միամիտ, ո՛չ չարամիտ ղեկավար

ՀՀ երեսնամյա անկախության տարիները, քաղաքական տարբեր ուժերի եւ երկրի ղեկավարների հերթափոխության արդյունքները, հատկապես վերջին երեք տարիների իրադարձությունները վկայում են, որ կեղծ ժամանակակից ժողովրդավարության, ներմուծված գաղափարների վրա հիմնված հայկական պետականությունն ապագա չի կարող ունենալ:

2018 թվականի ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրության ազատությունը պատրանք է, եւ որ ընտրություններում արդյունքը կախված է այն բանից, թե քաղաքական որ ուժն ավելի հաջողությամբ «կլվանա» մարդկանց ուղեղները:

Չնայած մեր երկրում եւ նրա շուրջ ստեղծված սպառնալիքներին, բնակչության մի հատված պատրաստ է կրկին անցնել քաղաքական «լվացքատնով» դեպի ընտրություններ: Թեպետ երկիրը պաշտոնապես դեռ չի թեւակոխել նախընտրական ժամանակաշրջան, ուղեղներ լվանալու գործընթացն արդեն իսկ մեկնարկել է, ինչի մասին ազդարարեց վարչապետն իր հրաժարականի ուղերձում. «…կարեւոր համարեցի, որ հրաժարականը տեղի ունենա հենց այսօր` Քաղաքացու օրը: Սա կարեւոր խորհրդանիշն է այն բանի, որ այսպիսով Հայաստանի Հանրապետության քաղաքացուց ստացած իշխանությունը մենք վերադարձնում ենք քաղաքացուն, որ­պեսզի նա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշի իշխանության հե­տագա ճակատագիրը՝ ազատ, արդար, մրցակցային ընտրություններով»:

Մի կողմ թողնենք այն, որ այդ տեքստը զարմանք, եթե չասենք՝ վրդովմունք է առաջացնում, տպավորություն ստեղծում, թե խոսքը նման մի բանի մասին է. «Մի «5 րոպե» համբերեք՝ ես «մի շիշ խորոված ուտեմ», «մի գավաթ սուրճ ըմպեմ ու վերադառ­նամ»: Ո՞վ է գրել այդ տեքստը: Ինչո՞ւ եք առանց այդ էլ վի­ճելի վստահություն, վիճելի հար­գանք եւ, ընդհանուր առմամբ, վիճելի վարկանիշ ունեցող անձնավորությանը դրդրում ար­տա­սանել այդպիսի ցածրորակ տեքստ: Մի՞թե հրաժարականի նպատակն արտահերթ ընտրություններն են: 

Գուցե ճիշտ լիներ հետեւյալ ձեւակերպումը. «Նկատի ունալով այն, որ հանրության եւ քաղաքական ուժերի որոշ շրջանակներում առաջացել է թեպետեւ ոչ հիմնավոր անվստահություն օրենսդիր եւ գործադիր իշխանությունների նկատմամբ, իշխող քաղաքական ուժը որոշել է ընդառաջ գնալ արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հասարակության պահանջին, ինչից ելնելով՝ ես հրաժա­րական եմ տալիս Հայաստանի Հանրապետության վար­չապետի պաշ­տոնից: Միա­ժամանակ ցանկանում եմ հայցել ժողովրդի ներողամտությունը, որ, իմ կամքից ան­կախ, չեմ կարողացել հաստատել սիրո եւ համերաշխության մթնոլորտ հասա­րա­կութ­յունում, չեմ կարողացել կանխել պատերազմը, չեմ կարողացել փրկել հազա­րավոր հայորդիների կյանքերը: Ցանկացել եմ, մտադրվել եմ, բայց «սեւ» եւ «սպի­տակ» ուժե­րի հարաբերակցությունը եղել է ի օգուտ «սեւերի»»: Գիտե՞ք, որ երկրում կա մի զանգ­ված, որ այս ամենը կընդուներ հալած յուղի նման, կգթար ու կրկին կընտ­րեր:

Ցավոք, Հայաստանում շատերն անտեղյակ են համաշխարհային զարգացում­ներից, եւ ոմանց թվում է, թե կեղծ ժողովրդավարությամբ, պոպուլիզմով եւ հակաքաղաքականությամբ առաջնորդվելով՝ հնարավոր է հասնել ինչ-որ նպատակների, մինչդեռ աշխարհը սրընթաց փոխվում է, տեղի են ունենում աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական տեկտոնական գործընթացներ: Գլոբալացման գաղափարը տապալվել է, ժամանակակից ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ է, ինչն առաջնային է դարձնում ինքնիշխանությունը եւ ազգային շահերը: Պետականաշինությունը պետք է ուղղորդվի ոչ թե արտաքին ինչ-որ ուժերի կողմից, այլ՝ պատմական գործընթացների տրամաբանությամբ: Նոր իրողություններին համապատասխան՝ պետականաշինության ճշմարիտ ուղի դուրս գալու գլխավոր գրավականը կենսափորձով, ոչ միամիտ, ոչ չարամիտ ղեկավարի առկայությունն է:

Գագիկ Վարդանյան