Ով` ում

Ով` ում

Պատերազմից հետո թվում էր` Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության օրերը հաշված են: Ողջ երկիրը պահանջում էր նրա հրաժարականը, բոլորը հասկանում էին, որ պարտված ղեկավարը չպետք է շարունակի պաշտոնավարել: Եվ պետական կառույցներն ու հանրային գործիչները համակարծիք էին այդ հարցում, որ մեզ իշխանափոխություն է հարկավոր: Դա գիտակցում էին նաեւ իշխանության ներսում, ՔՊ-ականների մեջ, եւ թիմն աչքի առաջ քայքայվում էր․ մի շարք պաշտոնյաներ հրաժարականներ տվեցին, իշխող խմբակցության անդամներից ոմանք մանդատները դրեցին: Ծանր շրջան էր իշխանական նեղ խմբակի համար, բայց խոստումներով, դրսից ու ներսից տարբեր աջակցություններով, մանիպուլյացիաներով ու գոռում-գոչյուններով Նիկոլ Փաշինյանը կառավարեց իրավիճակը:

Ինչպես հոկտեմբերի 27-ից հետո Ռոբերտ Քոչարյանը գրեթե լիովին կորցրած իշխանությունը կարողացավ պահպանել, այնպես էլ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց անցնել տարբեր փորձությունների միջով եւ կանգուն մնալ: Եվ ինչպես 1999-2000-ին էր ընդդիմությունը թույլ ու խեղճ, երբ Ստեփան Դեմիրճյան-Արամ Սարգսյան զույգը` իրենց արբանյակներով, չկարողացան սասանել իշխանական բուրգը, այնպես էլ այսօրվա ընդդիմությանը չի հաջողվում ճեղքել այդ բետոնե պատը, որն իրականում բետոնից էլ չէ, այլ ստվարաթղթից է: Միայն կուռ, կազմակերպված, կրեատիվ միտք եւ ուժեղ կամային հատկանիշներ ունեցող ընդդիմությունը կարող էր իրավիճակը փոխել եւ համոզել հանրությանը, որ ինքը կարող է երկիրը հանել այս փակուղուց եւ բեկում մտցնել: Միայն ինքնավստահ, շփվող, ճկուն, խելացի ընդդիմությունը կկարողանար համոզել աշխարհին, որ Նիկոլ Փաշինյանը լավագույն գործընկերը չէ, եւ պարտադիր չէ, որ վարչապետի փոփոխությունը նշանակի գործընկերային հարաբերությունների դադարեցում ու ցնցումներ: