Ձենով լաց էղի, բալա, օր հանգստանաս

Ձենով լաց էղի, բալա, օր հանգստանաս

- Ժաժքը մեր տունը քանդեց,- ասաց հորեղբայրս՝ ափով սրբելով արցունքները:

...1988 թվականի դեկտեմբերի 7-ի առավոտյան Աբովյանի նկարչական դպրոցի դահլիճում ընկերոջս` նկարիչ Արթուր Զաքարյանի հետ հսկայական պլակատներ էինք նկարում թիթեղյա պաստառների վրա: Ձմեռ էր ու բավականին ցուրտ ձմեռ: Երկիրն ապրում էր իր սովորական սուտ ու փուչ կյանքով: Եվ այդ սովորական պաղ, ձմեռային օրը, մեր հերթական օրերից մեկն էր: Նկարում էինք, ու հանկարծ զգացի, որ գետինը փախնում է ոտքերիս տակից: Մի տեսակ գլխապտույտ ու սրտխառնուքի պես բան սկսվեց: Ես՝ որպես արդեն 65 թվին Լենինականում երկրաշարժ տեսած մարդ, հասկացա ու գոռացի․
- Արթուր, դուրս արի, սա երկրաշարժ է:
Դուրս թռանք ու հեռացանք շենքից, ես վեր նայեցի ու տեսա, որ հինգ հարկանի շենքն ուղղակի ճոճվում է, ու պատշգամբներում դրված պահարաններն ու իրերը նույնպես աղմուկով «իրար են գալիս»:
- Արթուր, Լեննականը գնաց,- ասացի:
- Չէ-հա,- ասաց ընկերս, որ ինձնից փոքր էր մի 6-7 տարով եւ կյանքում երկրաշարժ չէր տեսել ու զգացել:
- Հա՛, ասացի,- գնաց Լեննականը:
Ու դպրոցի հեռախոսով զանգեցի հորս, որ այդ ժամանակ Հայաստանի ԳԷՍ-երի ու ՏԷՑ-երի պահպանության վարչության պետն էր: Հայրս էլ նույնն ասաց, ու զանգեցինք Լեննական, որ իմանանք… եւ շատ վատ բաներ իմացանք: Բայց դարձյալ չէինք պատկերացնում այն, ինչ որ տեսանք երեկոյան, երբ իմ մեքենայի բեռնախցիկը լիքը լցրեցինք տարբեր պահածոներ, հաց, ապխտած սնունդ եւ ուղեւորվեցինք դեպի իմ հայրենի քաղաք Լենինական: Ճանապարհին մտանք Աբովյանի կահույքի գործարան, որտեղ ժամեր առաջ արդեն պատվիրել էինք երկու մանկական դագաղ, որոնք իրար կողք կապեցինք մեքենայի վերեւում եւ ճանապարհ ընկանք: Ակնակիր մառախուղ էր Մաստարայից հետո, բայց մի կերպ հասանք, որովհետեւ, ինչպես ասում են, «աչքերիս էլ բան չէր երեւում»: Քաղաքի մատույցներում մեզ կանգնեցրին: Ամենուրեք զինվորական պարեկներ էին: Բացատրեցին, որ քաղաք մտնելն անհնար է եւ արգելված կողմնակի մարդկանց: Հետո էլ չեմ հիշում, թե ինչեր հաղթահարելով, ցեխ ու ձյուների միջով, կողմնակի ճանապարհներով մի կերպ մտանք ու տեսանք այն դժոխքը, որը մեր թշնամուն անգամ չեմ կամենա: Չեմ կարող նկարագրել սարսափելի ավերածությունը, որ գործել էր տարերքը: Բազմահարկ շենքերը հողին էին հավասարվել ու կարծես գետնի տակն անցել: Ամբողջ թաղամասեր ուղղակի ավերակների էին վերածվել: Սահմռկեցուցիչ տեսարան էր դավաճան լուսնի բաց աչքի տակ: Մի տեղ կանգ առանք, որ հարցնենք «պողպատ արտել» տանող ճանապարհը: Հիմնահատակ եղած մի տան բակում մի ծերունի էր նստած, որի դեմ վառարան կար՝ առանց խողովակի: Մեքենայից իջանք, մոտեցանք, քաշվելով հարցրինք որպիսությունը: Նստած տեղից փայտ գցեց վառարանի մեջ ու դառնորեն ինչ-որ բան քրթմնջաց, ապա լռեց ու սկսեց երեխայի պես բարձրաձայն լաց լինել… Դա լաց չէր, տարօրինակ ու սարսափելի տղամարդկային ոռնոց էր՝ ուղղված պաղ ու անտարբեր լուսնին: Լուռ քարացել էինք կողքին՝ չիմանալով մեր անելիքը: Հետո հանգստացավ, ձեռքով ցույց տվեց կողքի աթոռակին դրված հանքային ջրի շշերն ու ասաց․ 
- Բալա, կերեւա Էրեւընից գուքաք, Էրեւանը կա՞:
- Կա,- ասացի,- Երեւանին բան չի եղել:
- Լավ է, բալա ջան, լավ է, օր Էրեւանը կա: Հետո ձեռքով ցույց տվեց կողքի աթոռակին դրված թեյնիկը։
- Ճամփից եք եկել, բաժակըմ չայ խմեք, նոր գնացեք: Երեւի խելքը գցել է՝ մտածեցի, մոռանալով, որ սա Լեննականն է, ու ծերունին էլ գյումրեցի է: Մեքենայից հանեցինք մի քանի տուփ պահածո, մի շիշ օղի, դրեցինք նրա կողքին, ձեռքը սեղմեցինք ու հեռացանք: Հորաքրոջս տան ճանապարհն անգամ դժվարությամբ գտանք: Կիսաքանդ շենքի կողքին աղքատիկ խարույկներ էին վառվում: Մարդիկ խումբ-խումբ հավաքված էին: Հորաքրոջս գտանք, հարցրինք որպիսությունը: Նա շատ հետաքրքիր կին էր, հայտնի անեկդոտ պատմող էր ու արտակարգ հումորով: Միշտ Լենինականից գալիս պիտի թարմ անեկդոտների մի փունջ բերեր իր հետ եւ գիտեր, որ մենք շատ ենք սիրում իր անեկդոտները, որոնց ինքն առակ էր ասում: Եվ էդ պահին, ցրտից ու հուզմունքից սրթսրթալով, ասաց՝ լավ ենք, տնեցիք ողջ են: Մենակ տեգրոջս ընտանիքից վատ լուր ունենք, նրա կինը, երկու տղաներն ու հարսը լիֆտի մեջ էին մնացել, չէին հասցրել հեռանալ շենքից ու... Մեքենայի բեռնախցիկը բացեցի, ասացի․
- Հորքուր ջան, ինչ որ կա, բաժանեք հարեւանների մեջ: Հորաքույրս կանչեց հարեւաններին, սկսեցին բաժանել սնունդն ու խմիչքները, հետո դարձավ ինձ ու անսպասելի ասաց․
- Սամվել ջան, արի էս կողմ, բան բդի ըսեմ: Ու երկուսով մի քանի քայլ հեռացանք դեպի մոտակա դպրոցի պարիսպը:
- Ասա, հորքուր ջան, ի՞նչ կա...
- Հեչ, թազա առակըմ կուզեմ պատմեմ…
 Ես անսպասելիությունից քարացա: Մտածեցի՝ երեւի գժվել է խեղճ հորաքույրս: Բայց առակը պատմեց, վերջացրեց ու շատ գործնական տոնով անցավ մեր բերած սնունդը հարեւանների մեջ բաժանելուն: Աստված իմ՝ մտածեցի, մարդու մեջ որքան թաքնված ուժեր կան, որից մենք տեղյակ չենք, ահա, մարդու տունը քանդվել է, ինքն ընտանիքով հայտնվել է դրսում՝ ահավոր ցրտին ու ղյամաթին, բայց ուժ է գտնում իր մեջ անեկդոտ պատմի... Համբուրեցի հորաքրոջս ճակատը, եւ գնացինք հորեղբորս աղջկա տուն, որի երկու 11 տարեկան երկվորյակ հրեշտակները մնացել էին անգլիական դպրոցի փլատակների տակ ու զոհվել: Սարսափելի տեսարան էր: Երեխաների համար բերած դագաղներն իջեցրինք, մարդիկ լալիս էին, ու հնարավոր չէր անտարբեր մնալ: Ես էլ նրանց հետ սկսեցի լացել: Փոքր հորեղբայրս մոտեցավ, ձեռքը դրեց ուսիս ու ասաց․
- Ժաժքը մեր տունը քանդեց, էս ինչ զուլում էկավ մեր գլխին: Երբեք չեմ մոռանա 88-ի դժնդակ դեկտեմբերի 7-ը: Ու հիմա էլ՝ 30 տարվա հեռավորությունից, այդ ձայներն ականջիս մեջ են, ու լսում եմ հորաքրոջս խոսքը․
- Ձենով լաց էղի, բալա, ձենով լաց էղի, օր հանգստանաս…

Սամվել ՍԵՎԱԴԱ
գեղանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ