Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ

Մասշտաբային աշխատանքներ՝ բջջային նոր ցանցի կառուցման ուղղությամբ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հանրապետության տարբեր մարզերում ցանցի արդիականացման լայնածավալ աշխատանքներ է իրականացնում: Գործընթացը կարեւոր է առավել  որակյալ ծառայություններ ապահովելու, ոլորտի զարգացմանը նպաստելու եւ աշխարհի առաջընթացի տեմպերից  ետ չմնալու համար: 

Ընկերության աշխատակիցների, մատակարարների եւ կապալառուների թիմերն աշխատում են համակարգված՝ հստակեցված ժամանակացույցով եւ պատասխանատու մոտեցմամբ: Նպատակը կարեւոր է. աշխատանքներ են տարվում այնպես, որպեսզի բաժանորդին լավագույնը ներկայացնելուն զուգահեռ՝ նվազագույնի հասցվի նրան պատճառվող անհարմարությունը: Ժամանակավոր խափանումները կրճատելու համար թիմերն աշխատում են նաեւ լուսաբացին, ամենատարբեր բարդության ռելիեֆներ ունեցող տեղանքներում՝  հաճախ  անտեսելով եղանակային պայմանները:

Կայաններից մեկը գտնվում է ծովի մակարդակից 1500 մ բարձրության վրա: Աշտարակը տեղակայված է Լոռու մարզի՝ Վրաստանին սահմանակից Գոգավան գյուղում: Բարդ եւ պատասխանատու գործում պահանջվում են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ, այլեւ նվիրում, հետեւողականություն եւ կամք: Ցանկալի արդյունք ապահովելու համար հարկավոր են ջանքեր եւ հնարավորինս սեղմ ժամկետներում առաջադրանքը կատարելու հմտություն: 


«Գործունեության առաջին օրվանից մեզ համար սահմանել ենք հստակ ռազմավարություն՝ ապահովել ցանցի շարունակական զարգացում: Կարող եմ ասել, որ  հաջողել ենք ե՛ւ նորարար տեխնոլոգիաների ներկայացման, ե՛ւ առողջ մրցակցության ձեւավորման, ե՛ւ առաջատարի դիրքերը պահպանելու հարցում: Այսօր ընթացող՝ բջջային նոր ցանցի կառուցման եւ արդիականացման լայնածավալ աշխատանքներն այդ գործընթացի կարեւոր բաղադրիչներից են: Առիթն օգտագործելով՝ շնորհակալություն եմ հայտնում աշխատող թիմերին: Իսկ մեր հարգելի բաժանորդներին տեղեկացնեմ, որ գործադրվում են բոլոր ջանքերը՝ ոլորտը զարգացման ճանապարհով տանելու համար: Հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր երկիրն այդ հարցում առաջատարների շարքում է»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Իրականացվող գործընթացին զուգահեռ, հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակելու է իրազեկել հանրությանը՝ դա դիտարկելով որպես բաժանորդի նկատմամբ  հարգանքի եւ պատասխանատվության դրսեւորում: