Հեղափոխության համար՝ թեստ

Հեղափոխության համար՝ թեստ

Դեկտեմբերի 9-ին տեղի կունենա խորհրդարանի արտահերթ ընտրության քվեարկություն: Դրան ընդառաջ Երեւան-Ստեփանակերտ կամ հակառակ ուղղությամբ «փոխհրաձգություն» եղավ, որի արձագանքները մամուլում դեռեւս չեն մարել: Որոշակի շրջանակների, ըստ երեւույթին, պետք է թեման ուռճացնել՝ այն զուգակցելով արտաքին եւ աշխարհաքաղաքական զարգացումների մասին ամենատարբեր մտավարժանքներով: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ նախորդ իշխանությունները համապետական ընտրությունների մասնակից էին դարձնում նաեւ Պաշտպանության բանակի ժամկետային զինծառայողներին: Եւ համարվում էր, որ նրանց ձայները պատկանում են իշխանությանը:

Այդ պրակտիկան գործել է նաեւ անցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Քվեարկությանը զինծառայողների մասնակցությունը նուրբ թեմա է առհասարակ, իսկ Պաշտպանության բանակի դեպքում՝ հատկապես, որովհետեւ կապված է կազմակերպական, ֆինանսական եւ այլ խնդիրների հետ: Իսկ եթե ավելի պարզ ասենք, ապա ո՞րն է Պաշտպանության բանակի զինվորներին երեք հարյուր-երեք հարյուր հիսուն կիլոմետրի վրա ծառայության վայրից մինչեւ ընտրատեղամս հասցնելու իմաստը: Ի՞նչ հարց է դրանով լուծվում: Նախկին իշխանություններն ունեին «տոկոս խփելու» խնդիր եւ գնում էին այդ ռիսկային քայլին:

Իսկ ունի՞ հեղափոխական իշխանությունն այսօր դրա կարիքը, երբ ակնհայտ է, որ քարոզարշավի ֆավորիտն «Իմ քայլը» դաշինքն է, իսկ նրա առաջնորդի վարկանիշն ակնհայտորեն մյուս բոլոր մրցակիցների համար անհամեմատ բարձր է, անհասանելի: Այս իրավիճակում իմաստ ունի՞ ՊԲ ժամկետային զինծառայողներին մասնակից դարձնել քվեարկությանը: Կրկնենք՝ դրա համար հարկ կլինի լրացուցիչ ծախսեր անել: Իսկ եթե հավելենք նաեւ եղանակային պայմանները, ճանապարհների վտանգավորությունը, ապա ի՞նչ արձագանք դա կունենա, եթե, Աստված մի արասցե, այդ ընթացքում որեւէ ճանապարհա-տրանսպորտային պատահար տեղի ունենա: Այդ զինվորների՝ այս կամ այն ուժի օգտին տրվելիք քվեները խորհրդարանական ընտրությունների պատկերը դույզն իսկ չեն փոխելու:

Բայց եթե ինչ-որ արտակարգ միջադեպ տեղի ունենա, ապա ֆավորիտ ուժի հավանական հաղթանակի վրա դա մնալու է որպես սեւ բիծ, մշտական շահարկումների թեմա: Կարելի է ասել՝ այդ խնդիրը որոշակի թեսթ է հեղափոխական իշխանության համար: Եւ շատ ցանկալի, տրամաբանական ու, թերեւս նաեւ, խիստ անհրաժեշտ է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կայացնի ՊԲ զինծառայողներին դեկտեմբերի 9-ի քվեարկությանը մասնակից չդարձնելու մասին որոշում: Դրանով «Իմ քայլը» դաշինքի գրանցելիք արդյունքն ավելի ծանրակշիռ եւ քաղաքականապես իմաստավորված կլինի: