Հեղափոխությունն անցնում է, մնում է հեղափոխության փոշին, որը լցվում է խորհրդարան
Մեր հարցերին պատասխանում է 1990-95թթ. Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանը։
- Պրն. Մայիլյան, 2017թ. հունիսին, ԱԺ ընտրութուններից երկու ամիս անց, մեզ տված հարցազրույցում նկատել էիք. «Վերջին ընտրությունները ցույց տվեցին, որ հայ իրականության մեջ քաղաքական մշակույթի հոգեհանգիստն է։ Դրա համար էլ տիրում է դատարկություն։ Հիմա պետք է գա նոր սերունդ։ Երբ կգա, ոնց կգա՝ չգիտեմ։ Բայց որպեսզի նոր սերունդը նորից կարճ ժամանակում չկազմակերպի հոգեհանգիստ, ապա պետք է անցնի ինքնավերափոխման էտապ։ Հայ ժողովուրդը պետք է անցնի այդ էտապը։ Նոր քաղաքական մշակույթը պետք է ստեղծվի նոր ներուժով»: Ձեր կանխատեսումներն իրականացան. Դուք գո՞հ եք:
- 2017թ. ընտրություններով ձևավորված և այժմ հեռացող խորհրդարանը, ըստ էության, քաղաքական աղբանոց էր: Այդ ԱԺ-ում քաղաքական հայացքներ կրողների խումբը ծայրաստիճան փոքրաթիվ էր: Մինչդեռ քաղաքական հայացքներն են ամրություն տալիս թիմերին, մանավանդ քաղաքական այնպիսի մարմնում, ինչպիսի խորհրդարանն է: Նրանց մի մասն անմիջապես դավաճանեց, մի մասը հասարակական փոփոխություններին անհաղորդ մնաց և այլն: Նման մարդկանց տեղը քաղաքականության աղբանոցն է:
Իհարկե, հասարակական զարգացման տեսակետից լավ է, որ հին համակարգը հեռացավ, բացվում են առաջընթացի, ազգային վերածննդի նոր հնարավորություններ: Ես ուրախ եմ, որ կարողացել եմ կանխատեսել այդ փոփոխության պատմական անհրաժեշտությունը:
Այսօր, այդ փոփոխությունից հետո այն իրականացնող ուժերը կարող էին հասարակության զարգացման, ազգային վերելքի լոկոմոտիվ դառնալ, սակայն նրանց իշխանության յոթ ամիսները ցույց են տալիս, որ դա արդեն կասկածելի է: Կասկածելի է առաջին հերթին նրանց քաղաքական պարզամտության պատճառով: Ցավալի է. որ հայ ժողովուրդը կարող է մեկ պատմական շրջան ևս կորցնել:
- Իսկ ի՞նչ սպասելիք ունեք նոր խորհրդարանից, որ ձևավորվելու է դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների արդյունքներով:
- Ինչպես հեռացող, այնպես էլ նոր ձևավորվող խորհրդարանը ծնվել և ծնվում են քաղաքական մշակույթից զուրկ հասարակության մեջ. ուստիև, բնական է, դրանք որակապես հազիվ թե տարբերվեն: Ընտրական ցուցակների կազմը, դրանց բովանդակազրկությունը գալիս են հաստատելու, որ դրանցից դուրս են մնացել քաղաքական մտքի և գործիչների վերջին փշրանքները, որ դեռ կան Հայաստանում, որոնք մի կերպ գոյատևում են հայ իրականության քաղաքական անապատում: Փոխարենը՝ ցուցակները լցոնված են քաղաքական խաժամուժով: Այնպես որ, նոր խորհրդարանը կլինի խաժամուժի խորհրդարան: Նման խորհրդարանից, այն էլ՝ խորհրդարանական կառավարման համակարգում, որևէ սպասելիք չի կարող լինել:
- 1990 թ. դուք ևս իշխանության եկաք հեղափոխության արդյունքում, և Ձեզ բնական չի՞ թվում, որ կառավարման սկզբում իշխանության եկած մարդիկ դեռ անկազմակերպ վարք են ցուցաբերում:
- Համեմատությունն անգամ վիրավորական է: Այն ժամանակ, ղարաբաղյան Շաժման ադյունքում ձևավորված Գերագույն խորհրդում, մենք ունեինք հստակ քաղաքական ուղեգիծ, այն է՝ դնել անկախ պետականության հիմքեր: Բոլորը տոգորված էին այդ գաղափարներով, ու խորհրդարանը ներառում էր ժամանակի առաջադեմ և գաղափարական նվիրյալ գործիչների: Ծանրագույն պայմաններում մենք պատվով կատարեցինք այդ պատմական առաքելությունը:
Ընտրվող խորհրդարանը կազմող ուժերի ձգտումների մեջ անհնար է գտնել այն առանցքը, որի շուրջը կարելի է միավորել հասարակության ուժերը: Նման խնդիր նոր իշխանությունները անգամ չեն էլ մտածել դնել, դրա համար քաղաքական խորաթափանց միտք է հարկավոր:
- Բայց հեղափոխությունը, կարծես, ի հայտ բերեց երիտասարդ, ավյունով լեցուն գործիչների, որոնք, ըստ էության, կազմում են նոր ուժերի կազմած ցուցակների կորիզը:
- Ես մինչև հիմա զարմանում եմ, թե այդ ի՞նչ մոգական ուժով հեղափոխության ընթացքում կողք-կողքի էին կանգնել հեղափոխությունից մեկ տարի առաջ ընտրակաշառք բաժանող և ազնիվ ձգտումներ ունեցող երիտասարդները: Կասկած չկա, որ հեղափոխության հաղթանակից հետո գերակայող դիրք է ձեռք բերել առաջին տեսակը: Հեղափոխությունն անցնում է, մնում է հեղափոխության փոշին, որը լցվելու է խորհրդարան: Վկան՝ համամասնական և ռեյտինգային ցուցակները: Հասարակությանը ներկայացված ցուցակները մեկ ընդհանուր բան ունեն՝ զուրկ են գաղափարակիրներից:
Կուսակցությունների ղեկավարների մի մասը, իհարկե, գիտակցում է, որ իրենց ցուցակներն ամոթալի են: Այն մասամբ շտկելու համար փորձել են մի քանի «փորձառու» գլամուրային դեմքեր խցկել ցուցակների մեջ: Անուններ չեմ տալիս, բացեք ցուցակները, նրանց դեմքերն անմիջապես կերևան: Դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնք կարող են ժամերով խոսել՝ այդպես էլ ոչ մի գործնական գաղափար չներկայացնելով: Երևի հենց դրանով էլ գրավել են կուսակցապետերին:
-Իսկ ինչպե՞ս կգնահատեք նախընտրական պայքարը:
- Նախընտրական արշավը ընթանում է նույն կերպ, ինչպես և ցուցակների կազմումն էր. առանց քաղաքական ծրագրերի, գաղափարների: Ընտրարշավին տեմպ է հաղորդում Նիկոլ Փաշինյանը, որի ելույթներում լուրջ քաղաքական գաղափարախոսությունը բացակայում է: Նա ընդամենը սադրում է դիմացինին՝ ներքաշելով լեզվակռվի մեջ: Պարզամիտ ընտրողի տեսակետից նման վարքը, իհարկե, գրավիչ է, սակայն քաղաքականապես շատ թե քիչ կիրթ մարդու սպասելիքները մնում են չբավարարված: Հեղափոխության ընթացքում Նիկոլը մոտենում էր քաղաքական գործչի նշաձողին, սակայն մի քանի ամսվա իր պաշտոնավարման ընթացքում կտրուկ հետընթաց ապրեց: Նա կարծում է, թե այն, ինչ անում է, քաղաքական գործունեություն է: Նիկոլն այդպես էլ քաղաքական գործիչ չդարձավ: Նա իր հետ այդ մակարդակի վրա է պահում հայկական պսևդոքաղաքական միտքը: Ցավոք, սա շուտով կդառնա նույն մակարդակի մշակույթ, ինչ հայկական սերիալների ծայրահեղ ցածրարժեք մշակույթն է:
Կարծիքներ