Պոկված կախիչից դու ես խոսում, օկուպացված գյուղերից՝ Մհերը․․․  

Պոկված կախիչից դու ես խոսում, օկուպացված գյուղերից՝ Մհերը․․․  

Աչքի զարնող բաներ կան, որոնց առաջ հնարավոր չէ աչք փակել։ Երկրի անվտանգության հետ կապված այս դժվարին շրջանում, երբ Հայաստանը հայտնվել է ուղիղ իմաստով Ադրբեջանի նշանառության տակ, գլխավոր պատասխանատուն անվտանգության հետ հարցերի մեկնաբանությունը, գնահատական տալը թողնում է իշխանության այս կամ այն ներկայացուցչին, պատգամավորին։ Ճամփի վրա նրանց «բռնեցնում է» լրագրողը և հարցնում, թե օրինակ ո՞ր գյուղերն են անցնելու Ադրբեջանին կամ Ադրբեջանի նշանառության տակ գտնվող 31 գյուղերի ճակատագիրը ո՞նց է լուծվելու։ Նրանք էլ, եթե «լրագրողից պրծնել չեն կարողանում» , մի երկու չասելուն հավասար բան են ասում, որից հետո սկսվում է հանրության կողմից նրանց քլնգումը։ Դա հենց այնպես չի արվում։

Նիկոլ Փաշինյանը նրանց ձեռքով է տաք ջուրը լցնում ժողովրդի գլխին՝ տեսնի շա՞տ է վառում, որ մի քիչ գոլացնի։  Եթե դիմանում են, շարունակում է ջուրը ավելի տաքացնել։ Դա կոչվում է իշխանության փորձաքար, որոնցով  ստուգվում է որևէ բան։ Փաշինյանին հետաքրքրում է, թե մարդիկ ինչքանով են իրենց հայրենիքի, պատմության զոհվածների, Արցախի, ՀՀ կորցրած տարածքների մասով անտարբեր դարձել, որ առաջ գնա։ Վեց տարի այդ գործին է, ուզում է փորձարկել փորձաքարերի միջոցով, որ հաջորդ քայլը ավելի վստահ անի։ Պոկված կախիչից ինքն է խոսում, իսկ երկրի անվտանգությունից նրա խոհարարները։ Լավ, ինչքան էլ լավ խոհարարներ  լինեն, իրենք ի՞նչ գիտեն, թե Փաշինյանն ինչ է եփել, որ «ժողովրդին ասեն» , թե ինչ են ուտելու։ Մի օրինակ միայն բերեմ, մնացած խոհարարները նույնպես այդ մի օրինակի մեջ են մտնում։ Երեկ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, ասել է թե Մհերի կաթոցն եմ կարդում․ «Ադրբեջանը բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի, միաժամանակ հրաժարվելով ընդունել, որ ադրբեջանական օկուպացիայի տակ են գտնվում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի կենսական նշանակության տարածքներ»։ 

Մհերի նմանների մասին մեր մեծերը ասում են՝ ինչքան գետնի երեսին է, էնքան էլ գետնի տակ է։ Ինքը ստվերային է, քիչ է երևում, բայց կաթոցը ուժեղ է լինում։ Ինքը համարվում է թիմում ծանրակշիռ կաթոց,  դերը այդպիսին է։ Մնացածին հա՜ մեր բաց գլխին  կաթեցնում են ու անընդհատ վեր ենք թռնում՝ վայ, Աղազարյանը տեսա՞ ք ինչ ասաց, կամ էն չաղոն․․․ Նիկոլ, ինչու՞ չես խոսում, կախիչի թեմա պիտի լինի, որ խոսե՞ս։  Խոսա, մեր գյուղերը մի կախիչի չափ չկան՞, որ պոկվել ու ցած են ընկնում․․․ Մհերը ի՞նչ գիտի, թե դու  ինչ ճաշ ես եփել, խոսա․․․ Կաթսայի բերանը բաց։ Թե Ալիևը ինչ է ուզում, դա չի կարևորը, կարևորը այն է, որ ասես՝ դու ի՞նչ ճաշ ես եփել մեզ համար։ Պոկված կախիչից դու ես խոսում, օկուպացված գյուղերից Մհերը․․․