Հանցագործներն ինչ-որ վերին հրաշքով կդառնան Հայկ Նահապետ, կհաղթեն Բելին եւ կփրկեն երկիրը

Հանցագործներն ինչ-որ վերին հրաշքով կդառնան Հայկ Նահապետ, կհաղթեն Բելին եւ կփրկեն երկիրը

Վերջին օրերին ԱԺ-ում քննարկվում էր Ամենայն հայոց կաթողիկոսին պաշտպանելու հարցը։ Հենց միայն այն հանգամանքը, որ Հանրապետական կուսակցությունն էր այդ բանաձեւի հեղինակը, խոսում է այն մասին, թե որքան է այդ կուսակցությունը սնանկացել, ավելի ճիշտ՝ որակազրկվել, որ վերապրելու համար դիմում է նման քայլի եւ կառչում վերջին երերուն ծղոտից։ Իհարկե, այդ քայլն անիմաստ էր եւ ոչ մինչեւ վերջ մտածված։ Թե ինչու է հատկապես հիմա կաթողիկոսին պաշտպանելու հարցը բարձրացվում, դա էին փորձում հիմնավորել մի քանի պատգամավորներ, սակայն նրանց ելույթները եւ փաստարկներն այնքան անօգնական էին ու պարզունակ, որ տպավորություն էին թողնում, թե իրենք էլ համոզված չէին, որ իրոք Ամենայն հայոց կաթողիկոսի կյանքը Հայաստանում վտանգված է, եւ նրան պաշտպանել է պետք։ Ո՞ր ուժերից հարցն այդպես էլ մնաց բաց։ Դրա փոխարեն կուսակցության խոսնակ Շարմազանովն ԱԺ-ում կաշվից դուրս էր գալիս, իր ամբողջ հռետորական կարողությունը վկայակոչում էր՝ փաստելու, որ կաթողիկոսին պաշտպանելու հարցը բխում է պետականության շահերից։ Լսենք, թե նա ինչ է ասել քվեարկությունից հետո․ «Սա անկախ Հայաստանի ամենախայտառակ քվեարկությունն է եւ մեր պետության։ Հայ ժողովուրդը պետք է հստակ պատասխան տա, այո, հայ ժողովրդի առաջ պետք է պատասխան տան այն ուժերը, որոնք սնում են աղանդավորության քարոզ, սեռական փոքրամասնությունների, գոմիկների քարոզ եւ որոնք երկրորդական են դարձնում եկեղեցու պաշտպանությունը։ Եկեղեցին դա մեր սուրբ երրորդությունն է, եւ մենք էսօր քսանութով պաշտպանենք, վաղը լինելու ենք երկու հազար ութ հարյուր, մյուս օրը՝ երկու միլիոն ութ հարյուր հազար։ Հայկը չի կարող պարտվել Բելին, մենք հաղթելու ենք...»։ 

Իրոք որ՝ տաղանդավոր մտքեր, փայլուն գաղափարներ, այո, ճիշտ այդպես, հանցագործներն ինչ-որ վերին հրաշքով կդառնան Հայկ նահապետ, կհաղթեն Բելին եւ կփրկեն երկիրը, հայ ժողովրդին ու եկեղեցուն։ 

Իսկապես, միայն ապշել կարելի է, թե այս պարոնները, իշխանությունը կորցնելով, որքան են սայթաքել, հեռացել իրականությունից։ Օրինական հարց է առաջանում, թե այդ ինչ կատարվեց, որ պարոն Շարմազանովը եւ իր կուսակցական ընկերները նոր միայն մտաբերեցին, որ գոյություն ունեն «հայրենիք», «հայ ժողովուրդ», «պետականություն» ու «եկեղեցի» հասկացություններ։ Արդյոք նրանք գիտե՞ն, թե հայ ժողովրդի այն հատվածը, որը մատնված է կատարյալ աղքատության, ինչպես, ինչ պայմաններում է ապրում։ 

Պարոն Շարմազանովին կառաջարկեի՝ մի օր իր թանկագին ժամանակից զոհաբերել եւ Գյումրի գնալ՝ դիտելու ամբողջ 20 տարի տեւած իրենց իշխանության արդյունքը, այցելել թիթեղյա եւ կիսավեր տնակներում բնակվող եւ բոլորի կողմից լքված ծեր մայրերին, բազմանդամ ընտանիքներին, հետաքրքրվել նրանց առօրյայով, ապրելակերպով։ Հետո, եթե իր մոտ դյուզն-ինչ ամոթի զգացում մնացել է, ապա թող հրապարակայնորեն ներողություն խնդրի նրանցից, հայ ժողովրդից։ Միայն այն ժամանակ, այո, միայն այն ժամանակ նա կարող է հայ ժողովրդին վկայակոչել։

Սամվել ՀՈՎԱՍԱՓՅԱՆ
Բեռլին, նոյեմբեր 2018