Բաց գրախանութ

Բաց գրախանութ

Ընթերցողները Նյու Յորքի ահռելի չափերի հասնող «Strand» գրախանութում՝ նոր գրքերի բաժնում, ուղղակիորեն նոր գրքերի դիմաց բացիկներ, թղթեր էին թողնում: Մի ընթերցող հեղինակին հարցեր էր ուղղել, կային նաեւ պարզապես ընթերցողական մեկնաբանություններ, վերապատմություններ, գրքերից ստացված տպավորություններ եւ պատմություններ, որոնք ընդհանրապես որեւէ առնչակցություն չունեին գրքերի բովանդակության հետ, առիթն օգտագործելով՝ ընթերցողը որոշել էր բացարձակ այլ բան պատմել, գիրքը հենց այդ՝ այլ բանի առիթն էր: 

Փոքր թղթի վրա մարդիկ կարող էին իրենց մեծ պատմությունները պատմել՝ կիսվել իրենց քաղաքական, կրոնական մտահոգություններով: Եվ կիսվել էին:

«Եթե օրվա մեջ գրախանութ այցելող հազարավոր մարդկանցից թեկուզ մեկն ուշադրություն դարձնի եւ կարդա այս բացիկների ու մեկ-մեկ էլ ձեռագործ, տարօրինակ ձեւերով ու երանգներով շերտատված թղթերի վրայի պատմություններից ինչ-որ բան, անպայման կերջանկացնի գրառողին, թեպետ, ճիշտն ասած՝ գրառողը երբեք էլ չի իմանա՝ ընթերցվե՞լ է իր պատմությունը, թե՞ ոչ: Նրա հույսը ընթերցվելու հույսն է, նա գիտի, որ օրերից մի օր դա հնարավոր է, անշուշտ, գիտի նաեւ, որ Նյու Յորքում ապրող միլիոնավոր մարդկանցից եւ ոչ ոքի ուշադրությանը կարող է երբեւիցե չարժանանալ: 

Ասեմ՝ շշում գրառում թողնելու, շիշն օվկիանոս նետելու նման է, բայց սա բաց գրախանութ է, ասածս էն է, որ մարդկային պատմությունների համար մեր գրախանութի սիրտը միշտ բաց է՝ խնդրեմ, դուք էլ, թե ուզում եք, հենց հիմա կարող եք ձեր պատմությունը գրել ու մեզ ավանդել։ Այն նույն վայրկյանին էլ «կհրատարակվի»»,- լայն ժպիտով իր պատմությունն ավարտեց «Strand» գրախանութի աշխատակիցն ու երկար, գազարագույն  ներկած մորուքը շոյելով՝ խոսքի բռնվեց մեկ այլ հաճախորդի հետ, որը եւս, կարծես թե, նոր գրքերի դիմաց գրառումները տեսնելով՝ իր ներսում հարցեր էր կազմակերպում: 

Իհարկե, ինչպես միշտ, կայծակնորեն մտածեցի՝ հետաքրքիր կլիներ բաց գրախանութի գաղափարը կիրառել մեր գրախանութներում․ թող ընթերցողները գան՝ պատմություններ գրեն, ընթերցված գրքի դիմաց մեկնաբանություններով բացիկներ ու թղթեր թողնեն: Այս ամենի մեջ արկածային, ծիսական ու դյութիչ ձգման հատիկ կա, փոխառնչումների, կապերի, մենախոսության ու, լավագույն դեպքում՝ երկխոսության պարզված ճանապարհ: Այդուհանդերձ, մեզ համար դա լոկ գործածական, ֆոնային պատկեր կլինի: Բաց գրախանութի ողջ աղը՝ ընթերցողի հույսով լի, անհուսությունն է, եթե շշի մեջ գտնված ձեռագրերը դեռ ճամփա չընկած՝ տեղ հասնեն, հասնեն անարգել, ամբողջովին կիմաստազրկվի թե՛ անհուսությունը, թե՛ գրառումը եւ թե՛ գաղափարը անստույգ ճանապարհի: 
Ես չեմ սիրում այս ճշմարտանման միտքը․ «Մեր ճանապարհները չսկսված՝ ավարտվում են, մարդկային պատմությունները չգրված՝ տեղ են հասնում: Շշերի մեջ թողնված ձեռագրերն օվկիանոսն են նետում միայն նրանք, ովքեր ցամաքի հույս չունեն»: 

Ընթերցողների արանքներում ուրախ ցոլցլում էր ինձ ծանոթ գազարագույն մորուքը։ Մոտեցա, հարցրի․  «Կարո՞ղ եմ թողնված գրառումներից մեկը վերցնել»։ Աչքերը կիսաթարթելով՝ ժպտաց․ «Որն ուզում ես»: Վերցրեցի, դուրս եկա, ճանապարհին սկսեցի կարդալ․ մի ընթերցող իր տնամերձ բակի ծառի վրա ապրող սկյուռների ընտանիքի մասին էր գրել: